Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել») մեղադրվող Միսակ Հովակիմյանի եւ Սողոմոն Երիցյանի գործերը:
Երկուսի դատավարություններն էլ հետաձգվեցին` Մ. Հովակիմյանի դեպքում՝ դատախազ Արամ Ամիրզաքյանի, իսկ Ս.Երիցյանի դեպքում՝ դատապաշտպան Հարություն Բաղդասարյանի ներկա չլինելու պատճառով: Մ.Հովակիմյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13:00-ին: Վերջինս մարտի 1-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից Ոստիկանության հատուկջոկատայինների կողմից տարվել է Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Այնուհետեւ նրան տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ մեկ օրից ավելի ապօրինի պահել են: Ոստիկանության Արաբկիրի բաժնի երկու աշխատակիցներ ցուցմունք են տվել այն մասին, որ իբր 67-ամյա թոշակառուն իրենց նկատմամբ բռնություն է կիրառել: Իրականում Հովակիմյանին բերման ենթարկողները այդ ոստիկանները չեն եղել: Նրանց գործը եղել է թղթաբանությունը. այդ եւ եւս մի քանի ոստիկաններ զբաղված են եղել Ոստիկանության Արաբկիրի բաժին տարված քաղաքացիներից խաբեությամբ բացատրություններ կորզելով, որոնց միջոցով հետագայում նույն այդ քաղաքացիների դեմ քրեական գործեր են «սարքվել»: Իսկ Երիցյանի դատական նիստը կշարունակվի մայիսի 26-ին, ժամը 14:00-ին: Ս. Երիցյանի հարազատների պատմելով, նա մարտի 1-ին շատ պատահաբար է ներկա եղել Հյուսիսային պողոտայում, երբեք չի մասնակցել հանրահավաքներին, երթերին: Սողոմոնը Ճամբարակ գյուղից Երեւան էր եկել ավտոպահեստամաս գնելու: Հարազատների պատմելով՝ երբ ոստիկանները մոտեցել են, բոլորը սկսել են փախչել, իսկ Երիցյանը՝ ոչ՝ մտածելով, որ, քանի որ անմեղ է, ուրեմն մտահոգվելու կարիք չկա: «Մինչ այժմ մեզ համար անհայտ է՝ ի՞նչ պատճառով է Սողոմոնը ձերբակալվել: Դատապաշտպանը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար, որը դեռ չի քննվել»,- ասել է Սողոմոնյանի եղբայրը: Իսկ «Երեւան» քրեական դատարանը երեկ արագացված դատաքննության կարգով քննել է Արմեն Մովսիսյանի գործը եւ նրան մեղավոր է ճանաչել ՀՀ Քրօրի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգություններ») եւ նրան դատապարտել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը, սակայն, Ա.Մովսիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Ա.Մովսիսյանը մեղադրվում է մարտի 1-ին ժամը 11։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում ոգելից խմիչք օգտագործած վիճակում ոստիկաններին հայհոյելու եւ սպառնալու, նաեւ բարիկադներ կառուցելու մեջ: Մարտի 1-ի դեպքերի հետ կապված նոր քրեական գործեր են մուտքագրվել Հայաստանի դատարաններ նաեւ մայիս ամսին: Այսպես, մայիսի 4-ին Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտագրվել քրեական գործ, որի համաձայն՝ Ալբերտ Ներսիսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Զանգվածային անկարգություններ»):
Զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով մայիսի 6-ին Երեւանի քրեական դատարանը մուտքագրել է Ռոման Մնացականյանի եւ Գեւորգ Ղազարյանի գործերը: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գ. Ղազարյանը մեղադրվում է նրանում, որ «Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում հավաքված, Գյումրի քաղաքից ժամանած իր ծանոթ ցուցարարների համար տաք հագուստներ բերելու նպատակով, Երեւան քաղաքի բնակիչ Վահագն Հարեյանի հետ մեկնել են Էրեբունի համայնքի Ջրաշեն թաղամաս: Վերադարձի ճանապարհին Ջրաշեն թաղամաս տանող կենտրոնական փողոցի կողքին թափված շինարարական աղբի միջից վերցրել է մետաղյա մի քանի ձող, դրել է մեքենայի մեջ եւ բերել է Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածք»: Ավելացնենք նաեւ, որ քրեական դատարանը մայիսի 6-ին Կառլեն Մանուչարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել է պայմանական ազատազրկման 2 տարի 10 ամիս 26 օր ժամկետով:
ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի ասելով՝ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ուսումնասիրվում է նաեւ առանձին ոստիկանների գործողությունների օրինականությունը: Քննություն է իրականացվում պարզելու` թե ի՞նչ զինատեսակներ եւ հատուկ միջոցներ են բաժանված եղել ոստիկաններին, դրանցից քանի՞սն է կիրառվել, քանի՞սն է վերադարձվել, հրազեն եղե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ Ոստիկանության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանը ոստիկանների գործողությունների օրինականության հետ կապված երեկ «Ա1+»-ին ասել է. «Իսկ ո՞վ ասաց, թե ոստիկանները կրակել են, ո՞վ ասաց, թե կիրառվել է հրազեն: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից հետո Ոստիկանությունում այդ բոլոր նյութերը մանրամասն ուսումնասիրվում են, եւ առաջիկայում կտրվեն հարցերի պարզաբանումները»: Իսկ Ս. Տռուզյանն ասել է, թե Դատախազությունն ունի բավական շատ տեսագրություններ, բայց գործի բացահայտման համար անհրաժեշտ կլինի այդ օրը կատարված ցանկացած տեսագրություն: Այդ նպատակով Դատախազությունը դիմում է այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն թեկուզ սիրողական տեսագրություններ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ՝ տրամադրել քննչական մարմիններին: