Ռադիոն միշտ էլ արդիական է

09/05/2008 Անի ՀԱՐՈՅԱՆ

Երեկ Ռադիոյի օրն էր, եւ այդ առիթով ասուլիս էին հրավիրել ռադիոյի մասնագետներ, Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:

«Ռադիոն իսկապես հիվանդություն է, ես, արդեն 37 տարի է, Ռադիոյում եմ աշխատում, եւ եղավ մի պահ, որ փորձեցի մասնագիտությունս փոխել, եւ աշխատեցի «Արմենպրեսում»: Բայց երկու տարին չլրացած, ես վերադարձա Հանրային ռադիո, չնայած որ աշխատավարձն «Արմենպրեսում» կրկնակի բարձր էր»,- ասաց Վարուժան Օլքինյանը: Նա անդրադարձավ նաեւ Հանրային ռադիոյի ձեռքբերումներին` տեխնիկական վերազինում, «Online» եւ արբանյակային հեռարձակումներ, FM տիրույթ եւ այլն: Հանրային ռադիոն պատրաստում է ավելի քան 13 լեզուներով հաղորդումներ, իսկ ֆոնդային ձայնագրությունները, ինչպես նշեց Վ. Օլքինյանը` կազմում են 17.000 ժամ: Սակայն Վ. Օլքինյանը համոզված է, որ Հանրային ռադիոյի առավելությունն այս 8 տասնամյակներում ձեւավորված եւ սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթների մեջ է: Եթե անցյալ տարի Հանրային ռադիոն նշեց իր 80-ամյակը, այս տարի լրանում է ռադիո «Վանի» տասը տարին: Սակայն այս տասը տարիների ընթացքում ռադիոն հասցրել է մասնակցել բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների, որտեղ արժանացել է տարբեր մրցանակների, բայց ռադոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը կարեւորում է հատկապես ռադիոյի գյուտի հեղինակ Պոպովի անվան չորս մրցանակները։ «Ցավում եմ, որ մենակ մեր ռադիոկայանն է ներկայացնում Հայաստանն այդքան հեղինակավոր մրցույթներում, բազմաթիվ «Գրան պրիներ» ենք ստացել մեր գործունեության ընթացքում: Բայց լուրջ խնդիր է, որ այլ ռադիոկայաններ չեն մասնակցում դրան: Իսկ ինչ վերաբերում է Հանրային ռադիոյի եւ մասնավոր ռադիոկայանների տարբերությանը, կարող եմ ասել, որ Հանրայինն ունի այն, ինչ մենք չունենք, բայց մենք էլ ունենք այն, ինչ չունի Հանրային ռադիոն»,- ասաց նա: Ըստ Շ. Արեւշատյանի, ռադիոկայանը չպետք է միայն ընդառաջ գնա ունկնդրի պահանջներին, այլ նրա պահանջներին ինչ-որ տեղ ենթարկվելով, պետք է նաեւ թելադրի ինչ-որ բաներ: Խոսքը, մասնագետների համոզմամբ, ինչպես «բուժիչ ուժ» ունի, այնպես էլ կարող է սպանել: Այնպես որ, ըստ նրանց` խոսքը պետք է շատ զգույշ ասել: Շ. Արեւշատյանի կարծիքով` մարտի 1-ի դեպքերից հետո որոշ ժամանակ որդեգրած իրենց լռությունը ճիշտ որոշում էր: Իսկ ինչ վերաբերում է ռադիոկայանների ֆինանսավորմանը, Շ. Արեւշատյանը կարծում է, որ Հանրային ռադիոն պետք է ֆինանսավորվի միմիայն պետբյուջեից, գովազդներ չպետք է ունենա եւ կոմերցիոն չպետք է լինի: Սակայն, եթե Հանրային ռադիոն, բացի գովազդից, ունի նաեւ պետական հովանավորչություն, ապա մասնավոր ռադիոկայանները գոյատեւում են միայն գովազդների շնորհիվ: Ռադիոների դերը, ինչպես մասնագետներն են պնդում, ավարտված չէ, քանի որ, եթե լրատվության մյուս միջոցները լրացուցիչ ուշադրություն են պահանջում, ապա Ռադիոն իր արդիականությունը չի կորցնում, քանի որ այն լսելիս կարող ես զբաղվել այն ամենով, ինչով կամենում ես: