Աղտոտվածությունը նորմայից բարձր է

09/05/2008

Ներկայում Հայաստանի 6 բնակավայրերում՝ Ալավերդի, Հրազդան, Գյումրի, Երեւան, Վանաձոր եւ Արարատ քաղաքներում գործում է օդի աղտոտվածությունը բնութագրող եւ օդի նմուշառման 13 դիտակետ, որտեղ որոշվում է օդի որակը բնութագրող 11 ցուցանիշ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բնապահպանության նախարարության Բնապահպանական շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը: 2007թ. Ծաղկաձորում՝ որպես ոչ արդյունաբերական, ֆոնային բնակավայր, նույնպես սկսվեց մոնիտորինգ իրականացվել: Օդի մոնիտորինգի հետ կապված նոր ռազմավարություն է մշակվել, որի համաձայն՝ օդի որակը կարելի է կառավարել միայն օպերատիվ ինֆորմացիայի, գնահատման ու կառավարման միջոցով: Ըստ Ս. Մինասյանի, աղտոտիչների տեսակային առումով Երեւանում կա օդի աղտոտվածության երկու խնդիր՝ փոշին ու գետնամերձ օզոնը: Սակայն փոշին առկա է նաեւ այլ քաղաքներում՝ մասնավորապես Արարատում, Հրազդանում ու Գյումրիում: Մարտ ամսվա տվյալների համաձայն, մայրաքաղաքում փոշին 1.5 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: «Բացի այդ, Երեւանում 2.5 անգամ գերազանցում է ազոտի երկօքսիդը: Փոշու վերացման համար կլանիչներ տեղադրելու որոշ փորձեր են արվել, բայց ապարդյուն»,- ասել է Ս. Մինասյանը: Ըստ նրա, օդում կապարը նորմային հավասար է, իսկ երեւանցիների արյան մեջ առկա կապարի կոնցենտրացիան նորմայի շրջանակներում է: