Թեժ գիծ

09/05/2008

Նախածննդյան եւ ետծննդյան շրջանում մատուցված բուժծառայություններն անվճար են: Սա ամրագրված է հայաստանյան օրենսդրությամբ եւ փակցված գրեթե բոլոր համապատասխան ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների պատերին: Այս թեմայի մասին շատ է խոսվել մամուլում, բայց խնդրի վերաբերյալ ահազանգերն ու բողոքները շարունակվում են: «Panorama.am»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին, ով չի ցանկացել ներկայանալ, պատմել է, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բոլոր անալիզների եւ մյուս ծառայությունների համար պահանջել են վճարել 500-ական դրամներ, հաշվառման անկետա բացելու համար` եւս 500 դրամ, ատամնաբույժին ու թերապեւտին` կրկին 500-ական դրամներ, էխոյի համար` 3000 դրամ, բժշկի խորհրդատվության համար` 5000 դրամ, սակայն որեւէ կտրոն վճարումների դիմաց չեն տրամադրել: Հղի կնոջ պատմելով, ինքն առաջին անգամ այցելելով կենտրոն, ընդհանուր առմամբ վճարել է մոտ 15 հազար դրամ, ինչից հետո նրան ստորագրելու համար մի թղթի կտոր են տվել, որտեղ ադմինիստրացիան հիշեցնում է, որ հղիության հետ կապված ծառայություններն անվճար են, դրանք երաշխավորված են պետության կողմից, իսկ բժիշկների մասնագիտական թերությունների մասին պետք է տեղյակ պահել ադմինիստրացիային: Արդեն վճարումներ կատարած կինը թուղթը ստորագրել է` մտածելով, որ ինքը դեռ այցելելու է կենտրոն: Կայքի թղթակցի հետ զրույցում առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը նշել է, որ անանուն զանգերը որպես բողոք չեն գրանցվում իրենց մոտ` պատճառաբանելով, որ միգուցե ինչ-որ մեկն ուզում է որեւէ բժշկի այդ կերպ վատություն անել: Նա նշել է, որ նման եւ այլ բողոքների համար սկսել է գործել թեժ գիծ` 52-88-72 հեռախոսահամարով: Ստացած զանգերի մասին, ըստ Ռ. Գեւորգյանի, ամեն օր զեկուցում են առողջապահության նախարարին, բողոքներին ընթացք տալու համար էլ կոորդինատոր է նշանակվել: Եվ քանի որ թեժ գիծը նոր է սկսել գործել, ապա վիճակագրական տվյալներ մեզ չտրամադրեցին՝ խոստանալով դա անել մեկ ամիս անց: