«Նաիրիտի» տերերն ու անտերությունը

13/05/2005 Լիդա ԱՍԱՏՐՅԱՆ

Դեռ չեք մոռացել, չէ՞, «տէցի կռուգի» հանրահայտ ռազբորկան։ Իսկ մտածե՞լ եք
արդյոք, թե ինչո՛ւ քրեականացված տարրի նման լայնամասշտաբ առճակատման վայր
էր ընտրվել մայրաքաղաքի հենց ա՛յդ հատվածը։ Մի՛ շտապեք լուրջ ընդունել
պաշտոնականի ձգտող այն բացատրությունը, թե փոխհրաձգության վայրի
ընտրությունը զուտ պատահական էր, եւ նույն «հաջողությամբ» այն կարող էր
տեղի ունենալ, ասենք, հանրապետության ցանկացած այլ վայրում։ Իրականում
«տէցի կռուգ» ասվածն իր մերձակայքով վաղուց է արդեն վերարտադրում քրեածին
միջավայր։ Ահա այն. քայքայված ու քայքայվող արդյունաբերական
ձեռնարկություններ, թալանված ու թալանվող պետական սեփականության
մնացորդներ, կիսատ-պռատ ռիթմով աշխատող առանձին տեղամասեր եւ Աշխատանքային
օրենսգրքին օտարացած ու արհմիություն ասվածի դերակատարությունն ու իմաստը
մոռացած, գրեթե ստրկական աշխատանք կատարող օրավարձու պրոլետարիատ։ Եվ ճիշտ
այդ ամենի կողքին ու այդ ամենի ֆոնի վրա՝ սնանկացած կամ լուծարված
գործարանների «մայրական կաթով» սնված ու հոռացած ամենատարբեր ՍՊԸ-ներ,
ԼՊԸ-ներ ու ՓԲԸ-ներ, սնկի պես աճած արհեստանոցներ, խանութներ, սպասարկման
կետեր, մետաղի ջարդոնի ընդունման կետեր, պահեստներ, պարզապես զավթած,
իրենցով արված տարածքներ, բենզալցակայաններ ու գազալցակայաններ, ավերված
ձեռնարկությունների ջրա-գազա-էլեկտրամատակարարման համակարգերին
մակաբուծված բազմաթիվ ու բազմատեսակ բաժանորդներ ու ենթաբաժանորդներ,
որոնց տանիքավոր տերերը սովորաբար լեզու են գտնում գործարանների վարչական
«շլյախտայի» հետ, եւ անխնա, համարյա կոնկիստադորական մոլուցքով
շահագործում ունիկալ արտադրական կարողություններն ու մեր օրերի
ամենաեկամտաբեր ապրանքը՝ էժան բանվորական ուժը։
Քրեածին այս միջավայրի հիմնական ստնտուներից մեկը «Նաիրիտն» է՝ նախկին
Կիրովի անվան քիմկոմբինատը, ինչն այսօր որպես այդպիսին գոյություն չունի։
Երբեմնի գիտաարտադրական միավորման մասնատման արդյունքում «պարտքերի
աղբանոցի» վերածված (պետգույքի կառավարման գծով նախկին նախարար Դ.
Վարդանյանի բնորոշումն է.- Լ.Ա.) «Նաիրիտ» ԲԲԸ-ն լուծարվել է՝ ընթացքում
խժռելով 20% մասնավոր անհատույց սեփականաշնորհման արդյունքում
աշխատողներին բաժին հասած արժեկտրոնները, որոնք այդպես էլ չհասցրին
արժեթուղթ դառնալ։ Նույն այդ ժամանակաընթացքում (2000-2002թթ.), լիակատար
անթափանցիկության պայմաններում, ընկերությունից օտարվել են հանրային
նշանակության մի շարք օբյեկտներ՝ մարզադաշտը, Մշակույթի պալատը,
Աղվերանում գտնվող պանսիոնատը՝ քոթեջների հետ, մանկապարտեզը, Կենցաղի
տունը, օժանդակ տնտեսությունը։ Կուտակած պարտքերի դիմաց, խորհրդանշական
արժեքով, քաղաքային եւ տեղական իշխանության ներկայացուցիչները նույն այս
ընկերությունից տարել են երբեմնի հարուստ ավտոպարկի բազմաթիվ մարդատար ու
բեռնատար ավտոմեքենաներ, շինարարական տեխնիկա։ «Նաիրիտի» թողարկածի հիմքի
վրա գործող արտադրական ենթակառուցվածքների գործունեությունն իբր խթանելու
նպատակով՝ նույն այդ հասցեում ստեղծվել են իրավաբանական անձ հանդիսացող
երկու այլ գործարաններ, որոնցից մեկը («Նաիրիտ-2») տարիներ շարունակ կա՛մ
պարապուրդի մեջ է, կա՛մ էլ, լավագույն դեպքում, զբաղված է, բառի ոչ թե
փոխաբերական, այլ ուղիղ իմաստով՝ յուղ վառելով, ինչը փոքր խմբաքանակներով
այնուհետեւ իրացվում է ներքին շուկայում։ Քիմիական բուն գործարանը ներառող
«Նաիրիտ-1» գործարանը (ներկայում՝ «Պետպոլիմեր») կասկածելի մի
ներդրումախաղի արդյունքում վերջին տարիներին մի քանի անգամ ձեռքից ձեռք է
անցել՝ կուտակելով նորանոր պարտքեր, ինչպես՝ պետբյուջեին ու
Կենսաթոշակային ֆոնդին, այնպես էլ՝ վարկատուներին ու աշխատողներին։ Ըստ
հրապարակված տվյալների՝ այդ պարտքի ընդհանուր չափը հասնում է մոտ 30 մլն
ԱՄՆ դոլարի։
Այս նյութը, իհարկե, ձոն չէ երբեմնի արդյունաբերական Հայաստանին, ոչ էլ
անցյալի կարոտաբաղձության արտահայտություն. սա ընդամենը «Նաիրիտի» մասով
երկրում տարվող ամբոխահաճ տնտեսական քաղաքականության աղետալի հետեւանքների
մեջ խորամուխ լինելու եւ մարդկանց հուզող մի քանի հարցեր վերարծարծելու
փորձ է։ Ո՞ւմ եւ ի՞նչ գրպանների համար է աշխատում մեր «Նաիրիտը», եթե նրա
կուտակած պարտքերը դրանից չեն նվազում։ Ի՞նչ տրամաբանությամբ եւ տնտեսական
ի՞նչ հաշվարկով է ահռելի վնասների գնով շահագործվում կաուչուկի ստացման
տեխնոլոգիական շղթան, երբ պարզագույն հաշվարկները վաղուց ցույց են տվել,
որ նախագծային հզորության փոքր մասով (10-15%) աշխատելու դեպքում բնական
գազի հիմքի վրա ստացվող արտադրանքն անհամեմատ թանկ է երբեմնի կիրառված
բութադիեն հումքից։ Քաղաքացիական ու պաշտոնեական բարեխղճության ի՞նչ
պաշարով է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը ժամանակ առ ժամանակ
«մեծ խաբարով» հայտարարում «Նաիրիտում» իրականացվող ներդրումային հերթական
ծրագրի մասին, երբ 2000-ից այս կողմ, բացի տեխնոլոգիական շղթան
վերալիցքավորելու եւ մաշված սարքավորումները «կարկատելու» համար անհրաժեշտ
նվազագույնից, այստեղ այլ ծախսեր չեն կատարվել։ Քաղաքակիրթ տնտեսավարման
այդ ո՞ր օրենքով են «աշխատողների օպտիմալ տեղաբաշխման» քողի տակ այստեղ
մեթոդաբար ազատվում տիրող վիճակի հետ հաշտվել չկարեցող կադրերից, ըստ
որում՝ առանց հին պարտքերի մարման մասին պայմանագրեր կնքելու, եւ մինչեւ
ե՞րբ պետք է տարիների ընթացքում կուտակված պարտքերը սառեցվեն եւ ոչ
ինդեքսավորվեն, ինչը թույլ կտար փոխհատուցել աշխատողների կրած վնասները։
Այդ մարդկանցից շատերն իրենց երիտասարդությունն ու առողջությունը կորցրել
են քիմիական արտադրամասերում, մինչդեռ այսօր ի վիճակի չեն անգամ աշխատած
բոլոր տարիների հաշվարկով թոշակավորվել եւ կամ պահպանել հաշմանդամության
կարգն ու դրանով սահմանված արտոնությունները, ինչ է թե՝ ինչ-որ իքս
հատվածում, ինչ-որ իքս ներդրող խաբել է նրանց ու գործարանին՝ անհրաժեշտ
փոխանցումներ չկատարելով Կենսաթոշակային ֆոնդին։ Եվ, վերջապես, ինչո՞ւ է
պետական բարձր մակարդակով անընդհատ հարկային արտոնության պես մի բան
տրամադրվում առանձին կորպորատիվ շահառուների (պետական առաջադրանք կատարող
ձեռնարկության կարգավիճակ, ԱԱՀ-ից ազատում եւ այլն), առանց պատշաճորեն
խորամուխ լինելու նրանց անցյալի, վարկանիշի ներդրումային փաթեթի եւ իրական
հնարավորությունների մեջ։ 1-2 տարի անց, արտոնությունը վայելելուց հետո
սրանք սովորաբար սուսուփուս լքում են նաիրիտյան հրապարակի տեսանելի
հատվածը՝ իրենց ետեւից թողնելով հերթական պարտքերն ու չկատարված
պարտավորությունները։ Եվ քանի որ յուրաքանչյուր նոր կառավարիչ իր
հաշվապահությունը սկսում է իր մարդկանցով ու անպայման մաքուր էջից,
«Նաիրիտի» աշխատողների հանդեպ այսօր կուտակված են 7-8 եւ ավելի տարիների
պարտքեր։
Սա «տէցի կռուգում» հառնող ամենախառնափնթոր տնտեսություններից է։
Գործարանի դեբիտորական պարտքերը, օրինակ, ներառում են տարբեր տարիների
ընթացքում սոսկ թղթի վրա գրանցում գտած ու որոշ ժամանակ անց ասես գետնի
տակն անցած բազմաթիվ ընկերություններ։ Որոշ ՍՊԸ-ներ ստեղծվել են, իհարկե,
ամենաբարձր մակարդակով, իբր գործարարին օգնելու համար («Աստրապիս» եւ
այլք), բայց սրանց գործունեությունը վերջնահաշվում վերածվել է նրա
պարանոցի շուրջն ավելի ու ավելի սեղմվող օղակի։ Տենդագին այս տուրեւառի
մեջ թե՛ Տնտեսական դատարանը եւ թե՛ այլ պատասխանատուներ գործարանին
վերաբերող հարցերը լուծում են՝ ելնելով նրանից, թե տվյալ պահին ով
քաղաքական ինչ ալիքի վրա է գտնվում։ Օրինակ, երբ մշակույթի նախարար Ռ.
Շառոյանը թողեց նախարարական պոստը, նրա անունն անմիջապես վերախմբագրվեց
«Նաիրիտի» պատվավոր բաժնետերերի ցուցակից։
Մի առանձին հետաքրքրություն է ներկայացնում «Նաիրիտի» տերերի
պատմությունը՝ վերարտադրելով գործարանի անտերության դասական պատվերներ։
2000թ. գործարանի բաժնետոմսերը հանձնվել են «Հայկապբանկին» (սկզբում՝ ՍՊԸ,
այնուհետեւ՝ ՓԲԸ)։ Այդ տարիներին հանրապետությունով մեկ տարփողվեց
ազգությամբ հնդիկ Անիլ Կումարի հայտնությունը («Ռանսաթ-Արմենիա»,
«Ռանսաթ-Նաիրիտ»)։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այս ներդրողը մտադիր չէ
ներդրումներ կատարել գործարանում եւ հմտացած է կաուչուկի առք ու
վաճառքում։ Հայաստանի ճանապարհազրկության պայմաններում սա էլ միգուցե գործ
էր եւ կարելի էր անել, եթե հայկական կողմը մինչեւ վերջ ազնիվ գտնվեր
հնարավոր այս ներդրողի հարցում։ «Ինչո՞ւ ենք մենք այդքան դանդաղ
արտադրում»,- 2002-ի 20.06 գրությամբ սրտնեղում է Անիլ Կումարը, ինչից
պարզ է դառնում, որ մերոնք պարզապես մոլորության մեջ են գցել նրան՝
ասելով, թե մեկ ամսում հնարավոր է թողարկել այսքան ու այսքան կաուչուկ։
Ամեն ինչ ավարտվում է այնպես, ինչպես եւ պիտի ավարտվեր. հնդիկ ներդրողը
լքում է ասպարեզը՝ իր կարճատեւ գործունեությամբ հասցնելով առավելագույնս
լեգիտիմացնել «Նաիրիտի» անմաքուր տնտեսությունը։ 2003-ի գարնանից
հանրապետությունով մեկ սկսում է շրջանառվել ռուս ներդրողի միֆը՝ հանձին
անհասկանալի ծագում ունեցող «Ռունա» կամ «Տրաստ» բանկերի։ Այս վերջինների
գովազդով չգիտես ինչու զբաղվում է ԿԲ նախագահը, որի գլխավորությամբ
«Հայկապբանկում» իրականացվում էր վերջինիս «առողջացման» ծրագիր։ «Նաիրիտի»
աշխատողները սակայն շատ շուտով այս «օտար» ներդրողների մեջ ճանաչում են
իրենց դառը քրտինքով դատածի առնել-ծախելուն հմտացած, իրենց բառերով ասած՝
նախկին «կլիենտներին», որոնք կարճ ժամանակ անց, սեփական բարեկեցության
հարցերը լուծելուց հետո, վերստին լքում են հրապարակի տեսանելի հատվածը՝
ինչպես միշտ, ետեւից թողնելով չկատարված պարտավորություններ եւ,
ամենաբարձր մակարդակով, շամպայնով-բանով եթերից հեռարձակված ներդրումային
պարտավորությունների ստանձնման թատրոն-թամաշաներ։
Այս կայուն, շա՜տ կայուն ձախողումներից հետո 2004-ի կեսերից պետությունը՝
ի դեմս կառավարության, ինքն է որոշում տնօրինել «Նաիրիտի» հետագա
ճակատագիրը։ Ասենք, սրանում զարմանալի ոչինչ չկա. տարիներ շարունակ
էներգակիրների դիմաց կուտակած պարտքերը գոնե որոշ չափով վերականգնելու
համար գործարանը փայամասնության սկզբունքով տրվում է ի կառավարումն նույն
այդ համակարգերին, եւ, կարելի է ասել, որ սնանկության դուռը հասած
«Նաիրիտում» այսօր էլիտար կառավարում է իրագործվում։ Աշխատողները, ճիշտ է,
աշխատավարձերը սկսել են ստանալ ճռճռան, ասես նոր տպված դրամով, բայց այն
էլ են ասում, որ պետությունն արդեն իրենց հանդեպ նոփ-նոր պարտքեր է
կուտակել, եւ մինչեւ գործադուլ չեն անում՝ աշխատավարձ չեն ստանում։ Ի դեպ,
«Նաիրիտի» էլիտար կառավարման այս ժամանակահատվածը բավականին բարեպատեհ է
նաեւ մեկ այլ առումով. ուր որ է՝ կաուչուկի գործող հոսքագծերից մեկը,
նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կհանգրվանի
«եղբայրական» Չինաստանում՝ դառնալով այստեղ կառուցվելիք հայ-չինական
հձ-ում մեր 40% բաժնեմասը։ Խնդրով մտահոգ շատերն են տարակուսում. ամբողջ
տարածաշրջանում մոնոպոլ արտադրանք թողարկող գործարանն այս աղետալի վիճակին
հասցրած մարդիկ ունե՞ն արդյոք իրավունք տնօրինելու նրա բախտն այդչափ
կարեւոր կետով, եւ, բացի այդ, եթե Չինաստանն այդքան հետաքրքրված է իր
թողարկած կաուչուկի ծավալն ընդլայնելով, ինչո՞ւ չի ուզում փայատիրության
սկզբունքով մասնակցել «Նաիրիտի» կառավարմանը, եւ կամ, ասենք հձ հիմնել
հենց այստեղ։ Կառավարության որոշակի շրջանակներ ակնարկում են, որ խնդիրն
այս դեպքում քաղաքական է։ Խե՜ղճ «Նաիրիտ», դեռ ինչքա՜ն պետք է կասկածելի
քաղաքականությունների պատանդը լինես։