Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ում ավարտվեց փորձագետների հետ հարցազրույցների եւ նրանց տեսակետների հերթական շարքի տպագրումը, որը կազմակերպել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը (Բաքու) եւ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը (Երեւան) իրենց համատեղ նախագծի շրջանակում, եւ նվիրված էր նախագահական ընտրություններին։
Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանում նախագահական ընտրություններն արդեն ավարտվել են, իսկ Ադրբեջանում տեղի կունենան այս տարվա վերջին։ Մի խոսքով, եթե Հայաստանի դեպքում փորձագետներն առավելապես քննարկում էին, թե որքանով էր արդյունքը համապատասխանում սպասելիքներին, ապա Ադրբեջանի դեպքում խոսք կարող է լինել միայն կանխատեսումների մասին։ Այսինքն՝ միայն այս տարվա վերջին կարող ենք դատել, թե որքանով արդարացան այդ կանխատեսումները։ Բայց, եթե դատենք ակնկալիքների մակարդակի վրա, ապա, վերլուծելով փորձագետների հայտարարությունները, կարելի է հանգել հետեւյալ եզրակացության. ի սկզբանե Հայաստանում եւ Ադրբեջանում ակնկալիքներն ընտրություններից տարբեր էին։ Սա անկարեւոր գործոն չէ, քանի որ ակնկալիքը կանխորոշում է հասարակության ընդհանուր վարքը։ Իմիջիայլոց, ակնկալիքների այդ տարբերությունն այս կամ այն չափով գիտակցում են թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի փորձագետները։ Այսպես, ադրբեջանցի փորձագետ Զաֆար Գուլիեւը կարծում է, որ չկան նախադրյալներ, որպեսզի Ադրբեջանում 2008թ. նախագահական ընտրություններն էապես տարբերվեն նախորդներից։ Ըստ քաղաքագետի՝ լավագույն դեպքում «մեզ սպասում է ընտրություններին նախորդող քաղաքական ակտիվության հերթական իմիտացիոն խաղը»։ Սակայն բավական է, որ փորձագետները սկսեն խոսել նախագահական ընտրությունների համատեքստում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հեռանկարների մասին, որպեսզի միանգամից սկսի աշխատել հայրենասիրության հրամայականը։ Բայց, որքան էլ որ տարօրինակ թվա, նույնիսկ այս դեպքում կան այնպիսի կետեր, որտեղ կողմերի դիրքորոշումները համահունչ են։ Եթե ի մի բերենք հայ եւ ադրբեջանցի փորձագետների կարծիքները, ապա կարելի է վստահ եզրակացնել՝ ինչպիսին էլ որ լինեն ընտրությունների արդյունքներն Ադրբեջանում եւ Հայաստանում, դա ոչ մի կերպ չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի վրա։ Եվ սա՝ հակառակ այն բանի, որ վերջին շրջանում ԼՂ-ի շուրջ հակամարտության կարգավորման խնդիրը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում դարձել է ներքաղաքական քննարկումների գլխավոր թեման։
Առաջին՝ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը կարծում է՝ հաշվի առնելով այն բանի մեծ հավանականությունը, որ ղեկավարող թիմը կշարունակի իշխել ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում, բանակցային գործընթացում ընդմիջում չկա եւ չի լինի։ Երկրորդ՝ Ռ. Մուսաբեկովը մի անգամ եւս կրկնում է այն դիրքորոշումը, որն ընդունում է բնակչության գրեթե ամբողջ քաղաքականապես ակտիվ մասը եւ, եթե կարելի է այդպես ասել, քաղաքական էլիտան. համանախագահների առաջարկած հակամարտության կարգավորման փաթեթափուլային տարբերակն անընդունելի է Ադրբեջանի համար։
Երրորդ՝ ադրբեջանցի քաղաքագետը կարծում է, որ Սերժ Սարգսյանին ավելի մոտ եւ ավելի հասկանալի է կոնֆրոնտացիայի դիրքը։ Բայց դրա հետ միասին, Սարգսյանի հաղթանակը ղարաբաղյան գործընթացի համար կարող է ունենալ նաեւ դրական կողմ։ Սարգսյանն այն վարչության ներկայացուցիչն է, որն այժմ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ։ Այս դեպքում բանակցային գործընթացն ընդհատելու անհրաժեշտություն չկա։ Նրան պետք չէ ժամանակ՝ իրադրությանը ծանոթանալու համար, նա գործընթացի մեջ է։
Իմիջիայլոց, այստեղ ադրբեջանցի քաղաքագետի դիրքորոշման մեջ ի հայտ են գալիս որոշ հակասություններ։ Մի կողմից՝ նա պնդում է, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմն, ըստ էության, չի հասկանում տարածաշրջանում առաջացած վիճակը եւ բաց է թողնում (բաց է թողել) իրական շանսը, այսինքն՝ հայկական կողմի համար առավել նպաստավոր համաձայնության հասնելու ժամանակը։ Փաստորեն, Ռ. Մուսաբեկովը կրկնում է այն մեղադրանքները, որոնք Ռ. Քոչարյանի հասցեին ուղղում է հայկական ընդդիմությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։
Բայց եթե դա այդպես է, եթե Ս. Սարգսյանը տրամադրված է առճակատման եւ չի գիտակցում նոր իրողությունները, ապա ի՞նչ օգուտ բանակցային գործընթացի շարունակությունից։ Մի խոսքով, ստացվում է, որ ադրբեջանական քաղաքական էլիտան պատրաստվում է հնարավորինս օգուտ քաղել Ս. Սարգսյանի անվան շուրջ առկա բացասական աուրայից, որն ուժեղացավ նախագահական ընտրություններից հետո։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ փորձը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչ գնահատականներ կտան միջազգային կազմակերպություններն Ադրբեջանի նախագահական ընտրություններին։
Թեեւ չի կարելի բացառել, որ քաղաքագետի հայտարարությունն արտացոլում է նրանց դիրքորոշումը, ովքեր կարծում են, թե պետք չէ շտապեցնել հակամարտության կարգավորումը, քանի որ անհրաժեշտ է սպասել մինչեւ «ավելի լավ ժամանակներ»։
Չորրորդ՝ քաղաքագետը չի ենթադրում, որ առնվազն առաջիկա 2 տարում բռնազավթված տարածքներն ազատագրելու համար Ադրբեջանը կդիմի ուժային տարբերակին, թեեւ միաժամանակ անում է էական վերապահում՝ «եթե հայկական կողմից լուրջ սադրանքներ չլինեն»։
Ինչ վերաբերում է հայ փորձագետներին, ապա նրանք որոշ հարցերում ավելի միարժեք են իրենց գնահատականներում, հատկապես՝ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջխաղացման բացակայության առիթով։ Հայ փորձագետները փորձում են համոզել, որ Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության գալու դեպքում իրադրությունն արմատապես կփոխվեր։ Իբրեւ թե Լ. Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն «առանցքային արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ» (ԼՂՀ հակամարտության լուծումը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը) էապես տարբերվում են նախագահի մյուս թեկնածուների հայացքներից։ Սակայն հայ փորձագետները չեն բերում համոզիչ փաստարկներ, որոնք կապացուցեին, որ այս պնդումը համապատասխանում է իրականությանը։ Կամ դրա պատճառը ոչ հայրենասեր թվալու վախն է, կամ էլ պարզապես այդպիսի փաստարկներ չկան։ Միակ բանը, որում հայ փորձագետները համերաշխ են իրենց ադրբեջանցի կոլեգաների հետ, այն է, որ Ս. Սարգսյանը տրամադրված է կոնֆրոնտացիայի։ Մի խոսքով, ամեն բան այնպես է, ինչպես Ադրբեջանում։ Մենք շատ նման ենք իրար։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ ոչ մի կերպ չենք կարողանում համաձայնության գալ։