Վաթսունհինգամյա Յուրիկ Մամյանը կալանավորվել էր հետընտրական օրերին՝ 2008 թվականի փետրվարի 26-ին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի ռազմամթերք պահելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Նոյեմբերյանցի անտառապահ Մամյանի տան նկուղում հայտնաբերվել էր ավտոմատի՝ 344 եւ գնդացիրի 1 փամփուշտ: Ռազմամթերքի այս տպավորիչ քանակությունն առգրավվել էր, գործի նախաքննությունն էլ երկար չէր տեւել, որովհետեւ ապօրինի ռազմամթերքի առկայությունն ու պատկանելությունն անժխտելի էին: Մամյանն ընդունում էր, որ ռազմամթերքը ձեռք է բերել դեռ հեռավոր 1991-93 թվականներին, երբ սահմանամերձ շրջանների բնակիչները գործուն մասնակցություն էին ունենում երկրի սահմանների պաշտպանությանը: Հետո էլ, ըստ Մամյանի, ռազմամթերքն արկղով մնացել էր նկուղի մի անկյունում, իսկ ինքը մոռացել էր դրա մասին: Այնպես որ, եթե իրավապահները նկուղում խուզարկություն չկատարեին, փամփուշտները, հնարավոր է, մինչեւ հիմա էլ գտնվեին փակ արկղում: ՀՀ Քրեական օրենսգրքում տեղ գտած 235 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, կրելու, ինչպես նաեւ պահելու համար: Իսկ թե ինչ նպատակներով է ձեռք բերվել, պահվել ապօրինի զենք-զինամթերքը, տվյալ հոդվածին չի վերաբերում, դա արդեն այլ հարց է: Խնդիրն այն է, որ անօրինական զենք ու ռազմամթերք ունենալու համար մեր երկրի օրենսդրությամբ մարդն ամեն դեպքում ենթակա է քրեական հետապնդման:
Ահա եւ վերոհիշյալ ռազմամթերքը՝ ի հայտ եկած հետընտրական լարված օրերին, երբ իրավապահները հանրապետությունով մեկ իրականացնում էին ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման գործողություններ, պատճառ էր դարձել, որ նախկինում չդատապարտված վաթսունհինգամյա տղամարդը հայտնվի ճաղերի հետեւում: Ապացուցողական տեսակետից բարդություն չներկայացնող քրեական գործով մեղադրական եզրակացությունը շուտով կազմվել, հաստատվել եւ ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 26-ին, տեղի էր ունեցել դատաքննությունը: Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված էր գնահատել Մամյանի մեղքը եւ նրան դատապարտել 2 տարի ազատազրկման: Յուրիկ Մամյանի շահերի պաշտպանը, դժգոհ մնալով սահմանված պատժից ու պատժաչափից, բողոքարկել էր դատավճիռը:
Երեք տարբերակ
2008 թվականի մայիսի 5-ին Քրեական վերաքննիչ դատարանը դատական ստուգման ենթարկեց Յուրիկ Մամյանի գործով ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականությունը: Ամբաստանյալի շահերի պաշտպանը երեք հնարավոր ելք էր տեսնում, որոնք համաչափ կլինեին իր պաշտպանյալի արարքին ու համապատասխան՝ նրա անձին: Առաջին. դատարանը, իրադրության փոփոխության պատճառաբանությամբ, կարճում է քրեական գործը եւ դադարեցնում քրեական հետապնդումը Մամյանի նկատմամբ: Երկրորդ. դատարանը բավարար է համարում Մամյանի կողմից արդեն իսկ կրած երկամսյա կալանքը ու նրան ազատ արձակում դատարանի դահլիճից: Երրորդ. դատարանը, Մամյանին մեղավոր ճանաչելով հանդերձ, պայմանական դատապարտություն է կիրառում եւ, փորձաշրջան նշանակելով, նրան ազատում կալանքից:
Փաստաբանի համոզմամբ՝ 17 տարի առաջ, պատերազմական իրավիճակի թելադրանքով ձեռք բերված ռազմամթերքը, որը վերջին 15 տարիներին մոռացված-փակված է եղել նկուղի մի անկյունում, չի կարող այն աստիճանի ծանրացնել իր պաշտպանյալի մեղքը, որ նրա ուղղման համար անհրաժեշտ լինի միմիայն ազատազրկում, այն էլ՝ երկու տարի ժամկետով: Նախկինում հանցանք չգործած, արդեն 65 տարին բոլորած մարդը հանրային վտանգավորության այն աստիճանը չի ներկայացնում, որ պարտադիր կերպով մեկուսացվի հասարակությունից:
Մամյանի խնամքին, ըստ փաստաբանի՝ երկրորդ կարգի հաշմանդամ կինն է, ինչպես նաեւ՝ ամուսնալուծված դուստրը՝ երեխաների հետ: Բոլորն էլ գոյատեւում են ի հաշիվ ամբաստանյալի աշխատանքի:
Ի վերջո, Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով նախատեսվում են հետեւյալ պատժաչափերը. կալանք, առավելագույնը՝ երեք ամիս, կամ ազատազրկում, առավելագույնը՝ երեք տարի ժամանակով: Յուրիկ Մամյանի գործով ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել էր, թե պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան: Այդ դեպքում, ըստ փաստաբանի, սահմանված երկու տարի ազատազրկումն ակնհայտ խիստ պատիժ է մի մարդու համար, որը վաթսունն անց է, ընտանիքի միակ կերակրողն է, ամբողջ կյանքում զբաղվել է հանրօգուտ աշխատանքով, արատավորված չի եղել:
Մեղադրողի առարկությունը բերված բողոքին շատ զուսպ ու հակիրճ էր: Նա հաստատված համարեց Մամյանի մեղքը, իսկ դատարանի կողմից սահմանված պատիժը համարեց համաչափ: Հետեւաբար, խնդրեց անփոփոխ թողնել դատավճիռը: Մրցակցային դատավարության պայմաններում սա, իհարկե, կողմերի մրցակցություն անվանել չէր լինի: Բայց սակավախոս հակաճառությունն էլ հակաճառություն էր, իսկ պնդումը մեկն էր. դատավճիռն օրինական է ու պատճառ չկա փոփոխելու:
Ինքը՝ Յուրիկ Մամյանը, դատավորների հարցին ի պատասխան՝ ասաց, թե մոռացել էր ռազմամթերքի առկայության մասին:
– Մի՞թե պարբերաբար իրավապահների կողմից արվող հայտարարությունները, թե ապօրինի զենք-զինամթերքը պետք է կամավոր հանձնել, եւ այդ դեպքում անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, մի՞թե բոլոր այդ զգուշացումները չէին արթնացնում ձեր հիշողությունը, չէիք մտաբերում, որ ձեր նկուղում զգալի քանակությամբ, այն է՝ 344 հատ փամփուշտ է պահված,- հարցրեց դատավորներից մեկը:
– Ոչ, չէի հիշում,- եղավ ամբաստանյալի պատասխանը:
– Ամբողջ 15 տարի դուք հնարավորություն ունեիք ազատվելու ապօրինի ռազմամթերքից, այն կամավոր հանձնելու եւ ձեր ուսերից թոթափելու պատասխանատվության ենթարկվելու վտանգը,- հիշեցրեց երկրորդ դատավորը:
Ի պատասխան՝ ամբաստանյալն ասաց, թե կարեւորություն չի տվել իր նկուղում գտնվող փամփուշտներին, դրանք վտանգավոր չի համարել, ի վերջո՝ բոլորովին մոռացել է դրանց գոյության մասին:
Ամբաստանյալը եւս մեղադրանքի կողմի պես սակավախոս էր: Այն հարցին, թե առողջությունից չի՞ բողոքում, արդյոք, պատասխանեց, թե իրեն սովորականի նման է զգում: Պաշտպանի համառ հարցերին, թե ինչո՞ւ է անտրամադիր, պատասխանեց, թե սովորականի նման է, ոչ մի առանձնահատուկ բան չկա: Ամբաստանյալի հարազատներից մեկն ասաց, թե անտառապահ Յուրիկը՝ անտառներին ու ազատությանը սովոր, բնության զավակ լինելով՝ հիմա նման է վանդակն ընկած թռչունի: Ի դեպ, դատարանի դահլիճում, բոլոր ամբաստանյալների նման, նրա ձեռնաշղթան էլ հանեցին ու շղթայեցին ոտքը: Ամբողջ դատական նիստի ընթացքում, երբ հարկ էր լինում ոտքի կանգնել, Յուրիկ Մամյանը դա անում էր մեծ դժվարությամբ՝ մինչեւ վերջ էլ չհարմարվելով շղթայված ոտքով նստել-վեր կենալուն, ոտնաշղթայի հուսահատեցնող ձայնին:
Քրեական վերաքննիչ դատարանը երկար մնաց խորհրդակցական սենյակում: Ի վերջո, հրապարակվեց որոշումը. ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց օրինական ուժի մեջ, իսկ վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման: