Նկարչուհի Նարինե Զոլյանն ու քանդակագործ Հարություն Զուլումյանը Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացնում են իրենց «Չսերտած դասեր» ծավալուն, բազմաոճ ու մասշտաբային նախագիծը, որը սկիզբ է առել 1996 թվականին, շարունակվել ու ամբողջացել է մեր օրերում եւ հաստատ նաեւ իր հետագա շարունակությունը կունենա:
«Հայերեն դասերը» խորագիրը փոխակերպվել է ու, ավելացնելով «չսերտած» բառը, նոր հնչերանգներ է ստացել: «Մենք ապրում ենք, ապրում ենք եւ մեզ հետ կատարվածից ոչ մի եզրահանգում չենք անում, շարունակում ենք ապրել մեր սովորությունների համաձայն, իներցիայով: Մենք կարող ենք հազարավոր ոլորտներում փոփոխություններ անել, բայց չենք անում` կամաց-կամաց ներքեւ ենք ընկնում: Մի լավ արտահայտություն կա, ասում են` դատարկ պարկը կանգնել չի կարող, այն անպայման հատակին կընկնի, իսկ կանգնել կարող է միայն այն պարկը, որը լիքն է»,- ասում է Նարինե Զոլյանը: Նախագծի ուղերձն արժեքներից հեռանալու վտանգի աղաղակումն է, փորձ է հասկանալ` թե ինչպես ենք անցյալն ու ապագան հաշտեցնելու այսօրվա մեր կյանքում: Յուրաքանչյուր իրադարձություն, պատկերային նշան կամ նշանային պատկեր, բառ, որը հա՛մ պատմություն է, հա՛մ էլ կանխատեսում, շնչող էակ, որն իր սաղմնային մաքուր վիճակից հետո շինծու կերպարանք է ստանում ու փոխակերպվում է, անցնում են սեփական ուղով եւ մուտացիայի են ենթարկվում: Այդ մուտացիան նախագծի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրում են` պատկերների ու բառերի լեզվաբանական հաջորդականության միջոցով: «Հայ» կամ «ցույց» բառերն, օրինակ, շարան-շարան հայտնվում են իրար կողքի, հետո հայտնվում են ժայռապատկերն ու սիմվոլները, որոնք տեւական նիրհից հետո վերածվում են բուրգաձեւ դասավորված հրեշների: Կոնցեպտուալ այս նախագծում հեղինակները գաղափարից` կոնցեպտից բացի, շատ են կարեւորում էմոցիան: «Մենք փորձել ենք սկզբունքորեն չտարանջատել կոնցեպցիան եւ էմոցիան»,- ասում է Ն. Զոլյանն ու նկատում, որ մենք հիմա շատ լուրջ վտանգի առջեւ ենք կանգնած, կարող ենք ինքներս մեր պատյաններում փակվել ու պատրաստ ենք դիմացինի մեջ թշնամի փնտրել:
Պատմությունը, լեզուն ու պատկերն այն արժեքներն են, որոնք շրջան են կազմում ու ստիպում են վերադառնալ ելակետին` դասեր քաղելու համար: «Պատմությունը միշտ պարույրաձեւ է ընթանում, եւ մենք կրկնում ենք մեր սխալները»,- ասում է Հ. Զուլումյանը, ով ստեղծել է ինտերակտիվ պտուտակախաղ ու որպես խաղադրույք օգտագործում է պատմական արժեքները: Այս ցուցահանդեսի համակարգող Լիլիթ Սարգսյանն ասում է. «Մենք հիմա ոչ թե հերթական ճգնաժամ, այլ` վախճանաբանական զգացողություններ ենք ապրում»: Այդ միտքը կա եւ՛ շիրմաքարեր հիշեցնող քանդակներում, եւ՛ հատուկ այս նախագծի համար գրված երաժշտության մեջ: «Ամեն բան ավարտվում է ռեքվիեմով, իսկ թե ի՞նչ կլինի դրանից հետո, ժամանակը ցույց կտա»,- ասում է Ն.Զոլյանը: Ընդ որում` հատուկ այս նախագծի համար երաժշտություն է գրել Վահան Արծրունին, եւ այդ երաժշտությունը շատ տագնապալի է, այնպիսին, ինչպիսին այսօրվա մարդկանց ինքնազգացողությունն է: Ն.Զոլյանն ասում է. «Անհեթեթ վիճակում ենք հայտնվել, ազնվությունը հավասարեցրել ենք հերոսությանը: Եվ այնքան ենք մանրացել, որ սպասում ենք ինչ-որ մեկի հայտնությանը, որպեսզի կարողանանք նրա հետեւից գնալ, ինքներս ոչինչ չենք որոշում: Չենք հասկացել մեր պատմության դասերը: Հիմա, կարծում եմ, մենք բոլորս էլ չենք գիտակցում, որ կորցնում ենք մեր արժեքները, կորցնում ենք միմյանց հանդեպ ունեցած մեր վստահությունը: Մեր գիտակցությունը շփոթված է եւ ելք չի տեսնում»: