Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը շատ զգայուն ու վառ անհատականություն է, նա «գլխից դուրս» մտքեր, դիտարկումներ, երազանքներ, մոդելներ ու եռանդ ունի։ Նա հայի տեսակն անվանում է «արեւ տեսակ» ու մտահոգվում է, որ հիմա արեւն աչքերում ու մտքերում գենետիկորեն ժառանգած հայ երիտասարդները մոլոր ու անխոս են, որ չեն կարողանում հնչեցնել աշխարհով մեկ մեր հողի, մեր խոտի, ամպերի մեջ շաղախված սարերի ձայներն ու գույները։ Ներփակվել են, քանի որ նրանց համախմբող, նրանց ասածին ականջ դնողներ չկան։ Հրանտ Վարդանյանն արդեն 3 տարի է` ապրում է Մոսկվայում, որտեղ պատրաստվում է ֆիլմ նկարահանել։ Իր լիամետրաժ ֆիլմը նա պայմանականորեն անվանել է «Կինն ու տղամարդը», իսկ գործողությունները ծավալվելու են հեռավոր տայգայում։ Հրանտը չի ցանկանում խոսել դեռ չարված գործի մասին, ասում է. «Ես ազատ մարդ եմ, ինքս ինձ ռեժիսոր չեմ համարում, եթե ֆիլմեր չնկարահանեմ, կարող եմ նկարչությամբ կամ էլ արծաթագործությամբ զբաղվել։ Ես ազատ եմ, որովհետեւ այս «կլորի» վրա եմ ապրում, եւ այն ամենը, ինչը սիրում եմ, իմն է»։ Զրուցելու ցանկությունը Հրանտը բացատրում է «իր ցավը կիսելու» պահանջով։ Ցավի տարբեր չափաբաժիններ այս օրերին ունենք բոլորս, եւ լսելով երեւանցի բեմադրիչի մտքերը, որոնք մի կողմից՝ մեր իրականության խորքից են, իսկ մյուս կողմից՝ փոքր-ինչ հեռավորության վրա, կարելի է հետաքրքիր հետեւություններ անել։ Եվ հաստատ կարելի է զգալ սեփական պաշարները վերստուգելու կարիքը։ Պլաստիկ նյութերի ու մտքերի հարթության վրա իներցիայով ընթանալով՝ մենք չենք էլ զգում, որ հայի դիմագծերը սվաղվում, անհետանում են, մինչդեռ դրանք ամենաթանկ բանն են մեր կյանքում՝ անկախ քաղաքական ռեժիմներից ու իրավիճակներից։ Եվ սերը միմյանց նկատմամբ հենվում է միմյանց չվնասելու ունակության վրա։
– Ասում ես, որ հիմա ամեն ինչը պլաստմասսայից է, ի՞նչը նկատի ունես։
– Այսինքն՝ ամեն բան հեշտ է, թվացյալ է եւ ժամանակավոր։ Արագ է պատրաստվում, այդ պատճառով էլ հեշտ է մարսվում։ Աշխարհում հիմա տնտեսապես պինդ երկրներն ավանդույթներով ուժեղ երկրներն են։ Եվ եթե դու գիտես քո տեղն ու քո հողի, քո ջրի, քո արմատի վրա ծնված ձայնն ես մշակում, քո գույնն ես ցույց տալիս, դու թանկ ու հետաքրքիր ես աշխարհի համար։ Իսկ եթե դու քո հրաշք հողի վրա կանգնած՝ պլաստմասսայի ձայն ես հանում, դու քեզնից ոչ մի բան չես ներկայացնում։ Իսկ մենք հիմա մեր ավանդույթները՝ մեր քարը, տուֆը, իսկականը, փոխում ենք պլաստմասսայի հետ։
– Արվեստում է՞լ է նույնը։
– Արվեստը հայելի է, եւ այն կարող է միայն արտացոլել։ Եթե արվեստը խառնվում է քաղաքականության, պոռնկության, անազնվության հետ, այն դադարում է հայելի լինել, ճաքճքում, խամրում, կեղտոտվում է։ Հայելին միշտ պիտի մաքուր լինի ու ասի այն, ինչ տեսնում է, ինչն իսկական է։ Իսկականը հաղորդելու ձեւերը նշանակություն չունեն։ Կարող ես բան ասել աշխարհին՝ միայն այն ժամանակ, երբ դու դու ես, երբ հողը ոտքիդ տակ պինդ է։ Հիմա մենք ոչ թե, ասենք, սյուրռեալիստական ապրումներն ենք պատկերում, այլ՝ ընդամենը սյուրռեալիզմի մասին նկարներ ենք անում։ Այդ օրինակը բոլորին է վերաբերում՝ գրողին, բժշկին, ռեժիսորին, նախագահին։ Եթե քո ապրումներն իսկական չեն, ուրեմն` արածդ սուտ է։ Ես բոլորովին էլ բարկացած մարդ չեմ, ես խաղաղության մեջ եմ ապրում։ Եվ քննադատելը չի նշանակում՝ ատել։ Ես քննադատում եմ այն, ինչը սիրում եմ, քանի որ մարդ արարածին ու իմ ազգին եմ սիրում։ Եվ այդ սերը սեփականատիրոջ սեր չէ։
– Որպես տեսահոլովակների ռեժիսոր, ինչպե՞ս ես գնահատում մեր երաժշտական դաշտն ու հեռուստատեսությունը։
– Երկիրը պիտի գծի` ի՞նչ կառուցել եւ ի՞նչ ցույց տալ։ Ճաշակի մակարդակ կա, որը պիտի լինի։ Իսկ մեր հեռուստատեսությունը ոչ թե ազգային, այլ՝ հակազգային հեռուստատեսություն է։ Ոչ մի ալիք մյուսից չի տարբերվում։ Հեռուստատեսությունը, կինոն, թատրոնը, մասս-մեդիան երեխայի մեջ թույն են ներարկում։ Նորություն չեմ ասում, ողջ աշխարհում է այդպես: Համաշխարհային հեռուստակայանների 99 %-ը կղկղանք է հաղորդում, ու միայն 1%-ն է լավ բան ցուցադրում։ Դա արվում է մարդկանց կառավարելի դարձնելու համար։ Այսօր աշխարհում առաջատար անհատներ, զորավարներ ու պրեզիդենտներ չկան, հիմա հսկա քանակի փողեր կան։ Աշխարհը ղեկավարում են մեծ ու փոքր փողերը։ Եվ «փողին» ձեռնտու է, որպեսզի մարդը պրիմիտիվ լինի, որովհետեւ պրիմիտիվ մարդուն հեշտ է կառավարել։ Իսկ ինչո՞ւ է հարկավոր գլուխ ցավեցնել՝ ձգտումներ ու զգացմունքներ ունեցող հոգեւոր մարդ ստեղծելու համար։ Այդ տեսակի մարդիկ պետք չեն։ Միայն իրենց նեղ անձնական շահերի մասին մտածող, այսինքն՝ քաղքենիներ են պետք։ Կարծում եմ` մենք նախեւառաջ պետք է հասկանանք, թե մենք ո՞վ ենք։ Պսեւդո-ռեկլամային, համաշխարհային, քարոզչական, ընդհանրացնող վիճակը, որը մեծ փողերով է ստեղծվել, չպիտի մեզ շեղի այդ հարցից։ Ամեն դեպքում` այդ կետի մասին խոսելու նյութ մենք շատ ունենք։ Ազնիվ խոսք, ես ոչինչ չեմ հասկանում ո՛չ գլոբալիզացիայից, ո՛չ էլ Հայաստանի վիճակից, ես պարզապես մարդ եմ, որը մարդկանց մեջ է ապրում ու հարցեր ունի։ Երբ ես չինական հեռուստատեսություն եմ նայում, ես հասկանում եմ, թե չինացին իր արվեստով, երգով, իր խենթությամբ կամ ագրեսիայով ի՞նչ է ուզում ինձ ասել։ Ես դա հասկանում եմ։ Բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչ ենք ուզում ասել մենք՝ Հայաստանում ապրողներս։ Կարծում եմ` ամբողջ աշխարհն էլ չի հասկանում, թե մենք ի՞նչ ենք ուզում։ Երբ անցնում ես քաղաքի որեւէ փոսի մոտով, որտեղ արդեն շենքի հիմքն է դրվել, եւ շինարարներ են աշխատում, հարցնում ես՝ ի՞նչ է կառուցվում: Հյուրանոց, ռեստորան, շենք, բաղնիք` նշանակություն չունի, նրանք կառուցում են։ Կառուցողը գիտի՝ ինչ է կառուցում, քանի որ նախագիծ կա, ճարտարապետներ, բանվորներ են աշխատում այդ շինությունն աճեցնելու համար։ Ռեստորան ենք սարքում, որտեղ ուտում ենք, հետո հոթելներում ու մոթելներում կենակցում ենք, այսինքն՝ այդպիսի մի հասարակություն ենք ստեղծում եւ որոշում ենք, որ մարդկանց տարբեր տեսակներ այսուհետ պիտի այդպես ապրեն։ Լավ, թող այդպես լինի, բայց եկեք նախապես գեղեցիկ գծենք, որ հենց այդպիսի ուտել-խմելու տեղ, պոռնկատուն ենք կառուցում։ Եկեք իմանանք այդ մասին։ Մենք բոլորս հոգնել ենք չիմանալուց, թե ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ենք անում։ Ամբողջ աշխարհը գիտի իր անելիքը, իսկ մենք փակուղու մեջ նստած՝ բոլորի հետ սեթեւեթում ենք։ Երբ ոչ ոք ոչ մի բան չի որոշում, դա նշանակում է` ոչ մի բան չի էլ սարքում։
– Ե՛վ շենքերը, եւ՛ հեռուստաալիքները հիմնականում մասնավոր են եւ կոնկրետ տերեր ունեն, որոնք անում են այն, ինչը նպատակահարմար են համարում: Ինչպե՞ս կարելի է ազդել էկրանին ցուցադրվածի վրա:
– Այնպես, ինչպես տարիներ առաջ պայքարում էինք «Նաիրիտի» փակման համար, այդպես էլ պետք է պայքարենք այդ տեսակի հեռուստատեսությունները փակելու համար։ Ախր, ճանապարհ գնալու մեջ կարեւոր չէ՝ դու հասնելո՞ւ ես նշանակետին, թե՞ ոչ։ Ճանապարհ գնալու երանելի ցանկությունը պիտի լինի։ Ես ուզում եմ հյուրանոց կամ թատրոն կառուցել, ասելու մեջ կարեւորն այդ հյուրանոցը կամ թատրոնը կառուցելու ցանկությունն է։ Մարդ կա, որն այդ ցանկությունը չկատարելով էլ մահանում է, բայց նա ավելի երջանիկ է, քան այն մարդը, որն անընդհատ աշխատում է, բայց չգիտի՝ ի՞նչ է սարքում, եւ կամաց-կամաց անասուն է դառնում։ «Անասուն» բառը շատ զիլ բառ է։ Այն նշանակում է՝ անխոս, անասելիք։ Անասունն ասելու բան չունեցող կենդանին է։ Մարդը աշխարհ է գալիս իր «խաբարը» որեւիցե մեկին հասցնելու համար։ Երբ կանգնում է նյութականի առջեւ ու բթանում է, արդեն պատրաստ է լինում ամեն ինչ անել, որպեսզի հասնի այդ նյութականին։ Պետք է հասկանանք` ինչ ենք ուզում ունենալ 20 տարի հետո, որպեսզի այսօր արդեն սկսենք առաջին քարը դնել։
– Երկարատեւ նպատակներ հիմա ոչ ոք իր առջեւ, թերեւս, չի դնում։ Հիմա հարստանանք, իսկ մեզանից հետո թող ջրհեղեղ լինի. սա է ամենուրեք։ Ինչպե՞ս անել։
– Հերթով… Փոքր-փոքր քայլերով եւ կարեւորը՝ առանց վախի։ Չի կարելի ուզել ու միանգամից անել։ Մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք։ Մեր երկիրը մի տարածք է, որը մե՜ծ ու հզոր էներգետիկ դաշտ ունի, որի հողի վրայով մեզ նմաններն այնքան շատ են եկել ու գնացել, որ անգամ հաշիվն ենք կորցրել։ Մեր ազգի խենթ ու խելառներին, գժուկներին այս հողի էներգետիկան է պահում ու պահպանում։ Հայաստանը գլոբուսի վրայի հատուկ ու հազվագյուտ կետերից մեկն է, որը նման էներգետիկա ունի։ Ռուսաստանում՝ ջրի մակերեսից 100-150 մ բարձր գտնվող հարթավայրում, ես ասում եմ՝ պատկերացրեք, 1714 մ ձեզանից ավելի բարձր, կա մի գեղեցիկ կապույտ լիճ, անունը Սեւան է։ Եվ միշտ վերեւ եմ ցույց տալիս, որովհետեւ մենք վերեւում ենք, այնտեղ, որտեղ կարելի է հասնել ամպերին։ Մենք այսպիսի մի հրաշք տեղում ենք ապրում, մեր սարերը օվկիանոսի հզորությունն ունեն։
– Երեւի Սեւանում վաղուց չես եղել, հիմա ափերը տիղմով են պատվել, ձուկն է վերանում։ Այսինքն, մարդը շատ հաջող էլ վերացնում է իր հրաշքները։
– Այսօր տկար մարդն է ղեկի մոտ։ Եվ որքան տկար ուղեղ ունի ղեկին կանգնած մարդն, այնքան տկար արարքներ է անում։ Ներքուստ հարուստ մարդը չի կարող բնությանը, ծառին, թփին վատ վերաբերվել։ Պարզապես չի կարող ու… վերջ։ Ազատ մարդը շատ բան իմացող մարդն է։ Իսկ այսօր տկար ու չիմացող մարդիկ են ղեկավարում մեր երկիրը։ Չտես, անկուշտ մարդիկ շատ կան։ Ես ուզում եմ շատ ազնիվ ու անկեղծ լինել։ Եվ չեմ վախենում ասել մարդուն՝ ախր, դու այդքան էլ լավ վիճակում չես, ինչո՞ւ ես մյուսներին ետեւիցդ տանում։ Հիմա ազատ լինելը տարանջատվել է պատասխանատու լինելուց։ Եթե մարդն ազատ է, ուրեմն` պատասխան է տալիս հարազատի, իր ձագի, հարեւանի համար։ Նա իրավունք չունի վնասելու։ Երբ մարդուն բարձիթողի ես անում, նրա ցանկությունները սահման չեն ունենում։ Մարդը գեղեցիկ է իր օրենքների մեջ։ Իսկ օրենքը բարդ բան չէ։ Յուրաքանչյուր մարդ ազատ է այնքան, որքան օրենք գիտի։ Եթե դու անօրեն ազատություն ես փնտրում, ուրեմն գտնվում ես կոլապսի մեջ, ուրեմն ինչին էլ ձեռքդ գցես՝ քանդելու ու փշրելու ես։ Ախր բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել։ Օրենքը պարզ է. մարդը պիտի մարդ լինի, չէ՞ որ Աստված մարդուն որպես իր նմանակի է ստեղծել։ Այն, որ մարտի 1-ին իմ եղբայրները կրակեցին իրենց մյուս եղբայրների վրա, սարսափելի էր։ Եվ ո՞ւմ համար։ Մարդկանց, որոնք չեն էլ ասում, թե ի՞նչ են ուզում կառուցել։ Նախ ասեք, թե ի՞նչ եք սարքում, հետո ես կորոշեմ, թե ո՞վ պիտի սարքի։ Որքան կարող ենք փորձարկումների դաշտ լինել։ Հո սա լաբորատորիա՞ չէ։ Ախր փայլուն մարդիկ կան, եկեք հավաքենք բոլորին իրար գլխի։ Հայաստանը մասնագետների, վարպետների հող է։ Լավ մասնագետների կարիք կա։ Հրաշք երեխաներ են մեծանում, եւ նրանց համար Ծաղկաձորում, Դիլիջանում կամ Սեւանի ափերին կարելի է դպրոցներ, համալսարաններ կառուցել։ Թող հարեւան երկրներից ու աշխարհի բոլոր անկյուններից էլ երեխաներ գան, թող սովորեն, արհեստները, գիտությունը, մշակույթը թող զարգանա։ Հիմա մենք ոչ մի բան չունենք, ու «sos» գոռալու ժամանակն է, քանի որ մենք մեր էությունն ենք կորցնում՝ անընդհատ ուրիշներից վերցնելով։ Այսօր պրեզիդենտից սկսած՝ բանվորով վերջացրած, լսում ենք թուրքական երաժշտություն։ Ես թուրքական երաժշտությանը դեմ չեմ, բայց չի կարելի՝ մերը թողած, անընդհատ ուրիշինը լսել։ Ուրեմն` մենք մերը չենք սիրում, մերը կորցրել ենք։
– Միգուցե նաեւ՝ չգիտե՞նք մերի մասին։
– Ուրեմն` չգիտենք։ Չգիտենք, որ հայկական երգեցողությամբ հիվանդներ են բուժվել, որ երգ «ասելու» (հենց ասելու, այլ ոչ թե՝ երգելու) համար նախեւառաջ ասելիք է պետք։ Ջիվան Գասպարյանը մի անգամ ասաց. «Եթե Հայաստանում բոլորը աստղեր են, ինչո՞ւ մեզ մոտ լույս չկա»: Է՜ չկա, որովհետեւ երգիչները չգիտեն՝ ի՞նչ ասել։ Հիմա երգիչներ-ասողներ չկան, կան միայն կատարողներ։ Մենք հազարամյակներ շարունակ բերել ենք մեր օրեր ենք հասցրել Վասպուրականի, Անիի կուլտուրան, բերել ենք մեր երգն ու պարը, գիծն ու ձայնը։ Դարեր շարունակ եկածը մենք շատ կտրուկ, 15 տարվա ընթացքում, ոչնչացնում ենք։ Այսօրվա մարդը չի կարողանում ուրախանալ։ Չենք կարողանում հասկանալ, ով օվկիանոսն ու ծովը դա նույն բանն է, ինչ մեր Զանգուն ու Գետառը, որոնք կամաց-կամաց վերացնում ենք։ Մենք դադարել ենք ինքներս մեզ սիրել։ Աշխարհի տարբեր անկյուններում հայը հային հանդիպելով՝ բերանը ծամածռելով ասում է՝ հայ է։ Ասում ենք, որ ամեն մի հայ թագավոր է։ Լավ, ընդունենք, որ այդպես է։ Բայց ուրեմն, եկեք իրար որպես թագավորների ու թագուհիների վերաբերվենք։ Այդ դեպքում ամեն ինչ զիլ կլինի։ Ես մի ֆիլմի գաղափար ունեմ, որտեղ բարուրում պառկած երեխայից սկսած՝ բոլորը գեներալներ են։ Եվ դա մենք՝ հայերս ենք։ Եկեք չխաղանք դեմոկրատիա, եկեք ընդունենք, որ մենք թագավորներ ու գեներալներ ենք, եթե դա, իրոք, այդպես է։ Եկեք հասկանանք մեր տեսակը, ուսումնասիրենք ու ընդունենք այն։ Այդ դեպքում միայն այս խառնաշփոթ վիճակը փոքր-ինչ ավելի պարզ կդառնա։ Աշխարհի բոլոր պետություններն իրենց պատմությունն են սարքում։ Մենք էլ պիտի մերը սարքենք։ Չենք սարքում, ունեցածն էլ հանգիստ սրտով աշխարհին ենք տալիս։
– Կարծես ճգնաժամաանցումային շրջանը շատ երկար է տեւում։
– Հենց այս քանդուքարափ վիճակը պիտի ստիպի մեզ կառուցել։ Լիքը արեւ-տղաներ կան։ Այդ տեսակը կա մեր քաղաքում, բայց այդ տեսակի մարդկանց ո՛չ ասող, ո՛չ էլ լսող կա։ Նրանք մոլորված են։
Արեւ եւ լույս է հարկավոր մեր երեխաներին, նրանց պետք է ուսման ուղարկել, հնարավորություններ տալ։ Ես, օրինակ, թողեցի իմ տունը, իմ քաղաքը (քանի որ այստեղ ֆիլմ նկարահանել չէի կարողանա), որպեսզի գնամ մի երկիր ու փայտից սարքեմ իմ տունը: Բայց հետո կգամ ու փայտի տեխնոլոգիան սովորած՝ կփորձեմ այստեղ, բայց արդեն՝ քարից ավելի ամուր եւ ավելի զիլ տուն կառուցել։ Երեխան պիտի հասկանա, որ սնունդն այստեղ է՝ իր հողում է։ Այսօր մենք աշխարհով մեկ սփռված տաղանդավոր արեւ-տղաներ ու արեւ-աղջիկներ ունենք, նրանք մեր հարստությունն են։ Նրանք շատ չեն երեւում, որովհետեւ ամեն մեկն իր գործով է զբաղված։ Բոլորս էլ հասկանում ենք, որ կեղտն առաջին հերթին է ջրի երես դուրս գալիս։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Եվ, փառք Աստծո, որ մենք հիանալի մարդիկ ունենք, որոնք իրենց գործն են անում ու լավ ընտանիքներ են ստեղծում։ Ցավը տանեմ այդ մարդկանց, որոնք ամեն Աստծո օր իրենց գործն են անում՝ կառուցում են, նվագում են, բուժում են, նկարում են։ Եվ դա անում են սիրով։ Սիրելն էլ է աշխատանք, որն ամեն օր պիտի անես։ Ամեն օր պիտի սիրես քո տունը, քո ընտանիքը, քո քաղաքը, քո երկիրը։
– Որքա՞ն է կարեւոր ղեկավարի, «գծողի» կերպարը։ Եվ ինչպիսի՞ն այն պիտի լինի։
– Մարդ է պետք, որը կարողանում է ժպտալ, սիրել ու ապրել այս հողում։ Ով կունենա մե՜ծ սիրտ, որպեսզի այդ մեծ սիրտը ցավա, երբ տեսնի, որ փողոցները քանդվում են, որ տներ չեն սարքվում, որ մարդը հաշմանդամ մնաց, որ երեխան ուսում չստացավ… Դրա համար սիրտ է պետք։ Եթե սիրտ ունենաս, մեծ ուղեղ էլ պետք չի լինի։ Որովհետեւ, եթե սիրտ ունենաս, կողքդ շատ եւ շատ գիտնականներ ու մասնագետներ կհայտնվեն, որոնք քո փոխարեն կանեն քո աշխատանքը։ Իսկ հիմա ղեկավարների նեղլիկ մտածելակերպը միանգամից աչքի է ընկնում, քանի որ նրանք ընդամենը ցեղի, կլանի խնդիրները լուծող տղաներ են, շատ բան չեն տեսել ու շատ բան չեն հասկանում։
– Իսկ քո ասած արեւը որտեղի՞ց է ծագելու։
– Մենք մի լավ հատկություն ունենք. կարողանում ենք «գժվել», «ծռվել»։ Եվ եթե մենք կորցնենք այդ հատկությունը, մենք ամեն ինչից կզրկվենք։ Մենք «գիժ» պետք է լինենք՝ մեր «Սասնա ծռերի» նման։ Մեր ներքին սահմանադրությունը «Սասունցի Դավիթն» է։ Մենք պիտի «ծռվենք», որպեսզի ուղղվենք, որպեսզի ինչ-որ բանի հասնենք, որպեսզի Սասնա «ծռերը» ետ գան։ Ուրիշ տարբերակ չունենք։ Մեր պատմության մեջ կարո՞ղ ես որեւէ հայի ցույց տալ, որը հանճարեղ է եղել, բայց «գիժ» չի եղել։ Գիժը նա է, ով անսպասելի ու գեղեցիկ մի բան է անում, որը ոչ ոք չէր էլ սպասում։ Պոետը մինչեւ չգժվի՝ պոետ չի դառնա։ Հայը այդպիսին է. եթե չի գժվում, ուրեմն` անհամ, անհոտ «քոլ» է դառնում։ Իսկ «գիժ» հայը գեղեցիկ է, նա կարողանում է եղածից «ծռվել» ու նոր բան ասել։ Չէ՞ որ եթե անընդհատ ուղիղ գնա՝ կբթանա։ Մի հատ ծռվել է պետք, հետազոտել, նայել, տեսնել, օգտագործել տեսածը։ Մենք խոշոր աչքեր ունենք, որպեսզի կարողանանք լավ տեսնել։ Եվ եկեք մեր տեսածն օգտագործենք, հերիք է ուրիշներին տանք, մի քիչ էլ մեզ պահենք։
– Տեսնում ենք, որ աջից նույնն է, ձախից նույնն է, ետեւում նույնն է, առջեւում՝ անհայտ է… ավելի լավ է նույն տեղում մնալ։
– Եթե տեսնել կարողանաս, այդպես չես մտածի։ Մեր տեսածի մեջ շատ գույն, արեւ, սեր, ձեւեր ու կերպեր կան։ Իսկ տեսնել չկարողացող մարդը կուրանում է, նվազում, խեղճանում ու բթանում է, միայն նյութականն է տեսնում։ Իտալերենից մեզ հասած լավ բառ կա՝ «պոնտե», որը նշանակում է՝ կամուրջ։ «Պոնտեր» անող մարդը նա է, ով կամուրջի վրա կանգնած՝ լավ գիտի, թե ափերում ովքեր են, բայց ո՛չ առաջ է գնում, ո՛չ էլ՝ հետ, անընդհատ կամրջի վրա հետ ու առաջ է անում։ Նա չի կողմնորոշվում, եւ ինքն էլ չգիտի, թե կոնկրետ ինչո՞վ է զբաղված ու ի՞նչ է ուզում անել՝ կամրջի մեջտեղում կանգնած։ Դա մենք ենք, եւ մեզ կողմնորոշվել է պետք։