Արվեստի դեմոկրատական տեսակը փառատոն ունի

09/05/2008

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը մեկնարկելու է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը, որը երկու տարին մեկ անգամ է անցկացվում ու փորձ է անում աշխուժացնել ու գունավորել մեր հանրապետության այդ փոքր ու գեղեցիկ առողջավայրը: Փառատոնին կմասնակցեն Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, Ռուսաստանն ու Հայաստանը ներկայացնող թատերախմբերը, որոնք ամեն օր ցերեկային ժամերին Ծաղկաձորի փողոցներում ու հրապարակում, իսկ երեկոյան` բացօթյա բեմի վրա կներկայացնեն իրենց արվեստը: Փառատոնի նախագահ, Հայաստանի պետական մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը վստահ է, որ մնջախաղն ամենադեմոկրատական ու հասանելի թատերային ժանրն է, քանի որ թարգմանություն ու բացատրություն չի պահանջում: «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել մշակույթի օգնությամբ»,- ասում է նա եւ հույս է հայտնում, որ փառատոնը կխթանի տուրիզմի զարգացումն ու տոն կպարգեւ քաղաքի բնակիչներին, հյուրերին ու հանգստացողներին: Բացի ներկայացումներից՝ նախատեսվում են համերգների, շքերթների ու կրկեսային ժանրի դերասանների ելույթներ: Կլինեն նաեւ քննարկումներ ու վարպետության դասեր: «Թեեւ փառատոնը կոչվում է՝ Մնջախաղի փառատոն, սակայն հիմնական կորիզը կկազմեն փողոցային թատերախմբերը»,- ասաց փառատոնի համակարգող Արուս Արամյանը: Մշակույթի նախարարությունը փառատոնի անցկացման համար տրամադրել է 8 մլն դրամ, սակայն Ժ.Դադասյանը նշում է, որ նույնքան էլ գումար իրենք ակնկալում են հովանավորներից, որպեսզի հնարավոր լինի փառատոնի հյուրերի տեղավորման ու բեմի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը հոգալ: Հայաստանը փառատոնին կներկայանա Մնջախաղի թատրոնի նոր՝ «Գիրք Ծաղկանց» եւ Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Աչքերի որս» մնջախաղային ներկայացումներով: Ժ.Դադասյանը փոքր ու կամերային Երեւանում ցանկանում է ավելի շատ փոքր, այլ` ոչ թե հսկա, բազմահարկ, բարդ մեխանիկական սարքավորումներով հագեցած ու հազարավոր հանդիսատեսի համար նախատեսված թատրոններ տեսնել: «Թատրոնները պիտի փոքր լինեն, բայց տարբերվեն իրենց գեղագիտությամբ»,- ասում է նա: Հայաստանում թատերական փառատոները շատանում են, եւ լավ է, որ տարբեր ուղղվածության ու տարբեր քաղաքներում են տեղի ունենում` բեռնաթափելով Երեւանը: