Դեռեւս միայն հայտարարությամբ

07/05/2008

Իշխող կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ, կիրակի օրը հայտարարել են, որ պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը եւ օրենքի գերակայության ապահովմանը»: Ըստ հայտարարության` այդ բարեփոխումները վերաբերում են «քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացմանը, խոսքի ազատության եւ զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախության ամրապնդմանը, դատական համակարգի լիարժեք համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին»: «Եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ ընդդիմության իրավունքների ամրագրումը պետք է զուգակցվի քաղաքական դաշտի բոլոր դերակատարների քաղաքական պատասխանատվության հստակեցմամբ, մամուլի ազատությունը՝ մասնագիտական էթիկայի կանոնների սահմանմամբ եւ իրավական պարտավորություններով, ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունքը՝ օրինապահության, այլ քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու երկրի անվտանգության ապահովմամբ»,- ասված է կոալիցիայի հայտարարության մեջ: Կոալիցիան նաեւ երկխոսության կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին, կարեւորել է ԵԽ ԽՎ առաջարկությունների իրագործման նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը եւ ափսոսանք է հայտնել, որ «Ժառանգության» ղեկավար Ր. Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել խմբի աշխատանքին: Շատերը հակված են կոալիցիայի այս հայտարարությունը համարել որպես պատասխան քայլ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` անցած շաբաթ Համաժողովրդական շարժման կոնգրեսում ունեցած ելույթին: