«Փոս փորողն ինքն է ընկնում մեջը»

13/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ասում են Ամիրյան եւ Բուզանդ փողոցների բնակիչները, ովքեր դեռ
քաշքշուկների մեջ են դատական տարբեր ատյաններում՝ «պետության կարիքների
համար օտարվող» իրենց սեփականությունների պատճառով: Բնակիչների մի մասը
հաշտվել է իրականության հետ ու ընդունել իրեն առաջարկված պայմանները, մի
մասն էլ դեռ ապրում են իրենց բնակարաններում՝ պատրաստ գնալու մինչեւ
Եվրոդատարան, միայն թե պաշտպանված տեսնեն իրենց իրավունքները: Բնակչության
այդ հատվածն ապրում է ամեն օր մի նոր վտանգի ակնկալիքով:
Մեր թերթի նախորդ համարներում արդեն անդրադարձել ենք Ամիրյան 4/24, 4/26
հասցեների բնակիչների տեղահանությանը: Հիշեցնենք, որ «պետության կարիքների
համար օտարված» վերոհիշյալ շենքերն ու նրանց հարող տարածքներն արդեն նոր
տերեր ունեն՝ Վարդենիսի նախկին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանն ու «ԳրիԱր»
կազմակերպությունը՝ ԱԱԾ պետի տնտեսական հարցերով տեղակալ Գրիգոր
Հարությունյանի անմիջական տնօրինությամբ: Այս շենքերն արդեն ազատվել են
բնակիչներից եւ քանդման պրոցեսում են: Ապրիլի 30-ին ահազանգ ստացվեց
Ամիրյան եւ Բուզանդ փողոցի մի խումբ բնակիչներից, ովքեր տեղեկացրին, որ
իրենց բնակարանների հարեւանությամբ ընթացող վերոհիշյալ շենքերի
շինարարական աշխատանքների հետեւանքով դժբախտ պատահար է տեղի ունեցել:
Ամիրյան 4/26 եւ 4/28 կիսաքանդ շենքերը միմյանց կապող կամարը փլվել էր,
ինչի հետեւանքով տուժել էին երկու հոգի: Բնակիչներից ստացած ինֆորմացիայի
համաձայն, մեկը՝ իրականացվող շինարարության աշխղեկ Հրանտը, ստացել է ոտքի
կոտրվածք, մյուսը՝ «ԳրիԱր» կազմակերպության ներկայացուցիչ Ստեփան
Հարությունյանը ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, ուր եւ
մահացել է: Ի դեպ, տխրահռչակ կառուցապատողների անփութության հետեւանքով
տեղի ունեցած եզակի դժբախտ պատահարը չի սա: Դեռեւս ապրիլի 11-ին Բուզանդի
25 փողոցում կառուցապատողների կողմից փորված մոտ 3 մետրանոց փոսն է ընկել
ու ոտքի կոտրվածք ստացել նույն փողոցի 16 տան բնակիչ 14-ամյա Տիգրան
Բաղդասարյանը: Երեխան ցանկացել է փոսի հարեւանությամբ գտնվող ծորակից ջուր
լցնել եւ սայթաքելով՝ ընկել փոսը: Կառուցապատողները, որպեսզի հնարավորինս
արագ ազատվեն տարածքի բնակիչներից, ստեղծում են հնարավոր բոլոր
հակասանիտարական պայմանները: Բուզանդի 25 հասցեի բնակիչների
ջրամատակարարումն, օրինակ, ընդհանրապես դադարեցվել է, եւ նրանք վերոնշյալ
փոսի եզրին գտնվող այդ միակ ծորակի հույսին են: Ծորակն էլ, ի դեպ,
տեղադրվել է միայն այն ժամանակ, երբ գործին միջամտել է Մարդու
իրավունքների պաշտպանության գրասենյակը: Իսկ շինարարական նպատակներով
փորված փոսն ընդամենը մի թեթեւ ցանկապատվել է ու գնալով ավելի ու ավելի է
խորանում, եւ հայտնի չէ, եթե բնակիչներից որեւէ մեկը մթնով ուզենա ջուր
լցնել կամ տուն վերադառնալուց լինի ու սայթաքի՝ ինչ կպատահի: Առայժմ դեռ
չտեղահանված բնակիչները բողոքել են ՀՀ գլխավոր դատախազին՝ կից ուղարկելով
նաեւ անմխիթար վիճակն ապացուցող լուսանկարներ, ինչպես նաեւ՝ տղայի կոտրված
ոտքի լուսանկարը: Բնակիչների բողոքում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին,
մասնավորապես ասվում է՝ «Մեր ցանկացած բողոք ուղղված նրանց
(կառուցապատողներին.-Ն.Ա.), արժանանում է ընդամենը հեգնանքի: Ավելին,
հիմքեր ունենք ասելու, որ այս ամենն արվում է դիտավորյալ, որպեսզի մենք
դադարենք պայքարել մեր ոտնահարվող իրավունքների եւ ազատության
պաշտպանության համար, եւ ստիպված լինենք համաձայնվել նրանց կողմից
առաջարկվող խղճուկ եւ մարդու համար վիրավորական պայմաններին»: Բողոքին ի
պատասխան՝ Գլխավոր դատախազությունն ընդամենը հանձնարարական է իջեցրել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան՝ «քննարկել ՀՀ դատախազին ուղղված
քաղաքացիներ Ս.Բաղդասարյանի եւ Տ. Զարիկյանի դիմումները»: Բուզանդի եւ
Ամիրյան փողոցների բնակիչների անմխիթար վիճակը դրանից, իհարկե, չի փոխվել:
Կառուցապատողների գործունեության արդյունքում վնասվել են նաեւ տարածքի
հեռախոսագծերն ու կոյուղին: Կոյուղու կեղտաջուրը լճանում է քարուքանդ
արված բակերի փոսերից մեկում: Փոսերը գնալով ավելանում ու խորանում են:
Հերթական բնակչի տեղահանությունից հետո հիմնիվեր քանդում են տունը՝ անգամ
առանց հաշվի առնելու, որ հարեւանությամբ՝ նույն պատի մյուս կողմում դեռ
ընտանիք է ապրում: «Ասում են՝ եթե այդ տները արագ չքանդենք, բոմժերը բուն
կդնեն, նրանց ավելի դժվար կլինի հանելը»,- պատմում էր Բուզանդի 25 հասցեի
16 տան բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը: Արդյունքում՝ տուն կա, որտեղ դեռ
մարդիկ են բնակվում գրեթե երեք պատերի ներսում, վնասված չորրորդ պատն ամեն
վայրկյան կարող է փուլ գալ բնակիչների վրա: Այդպիսի վիճակում է հայտնվել
Ամիրյան 4/18 հասցեի բնակիչ Աստղիկ Սարյանի ընտանիքը: Ի պատասխան նրանց
բողոքների՝ Ամիրյան փողոցում կառուցապատում իրականացնող Մելիք Գասպարյանն
ասում է՝ «Շնորհակալ էլ չեն, որ իրանց կռիսանոցները քանդում ենք, որ
սարքենք, ձեր մտքով իսկի չի էլ կարա անցնի, որ էստեղ ոչ մի շահույթ լինել
չի կարող»: Ի դեպ, ապրիլի 30-ին, երբ փորձում էինք ճշտել կատարված դժբախտ
պատահարի մանրամասները, Մելիք Գասպարյանը շրջում էր իր շինհրապարակում, եւ
շտապեց պարզաբանել, որ պատահարը իր տարածքում չի տեղի ունեցել, այլ
«ԳրիԱր»-ին պատկանող հատվածում: «Ես իմ բնակիչներին բարձր մակարդակով եմ
տեղավորել»,- ասում էր Մ. Գասպարյանը: Ի դեպ, նման սեփականատիրական
բնազդով էլ նա շփվում էր դեռ չտեղահանված «իր բնակիչների» հետ: Իսկ թե
ինչու են «իր բնակիչներն» իրենից դժգոհ, Մելիք Գասպարյանը չի էլ
պատկերացնում. «Ցույց տվեք՝ ով ա դժգոհ, կարող ա մի հոգի դժգոհ լինի,
որովհետեւ Լոնդոնում ա տուն ուզում, ես էլ ի վիճակի չեմ Լոնդոնում
տեղավորեմ իրեն»: Իսկ թե ինչու են պրն Գասպարյանից այդքան գոհ ու
շնորհակալ բնակիչները երկու անգամ հրկիզել նրա մեքենան, դա էլ է դատարկ
բան. «Քո նման մեկը ինձ փող էր պարտք, փողս չէի կարում հետ վերցնեի, դրա
համար էլ ավտոս պաժառ տվին»: Ի դեպ, ամբողջ ժամանակ, մինչ ես զրուցում էի
բնակիչների հետ, Մելիք Գասպարյանը հետեւում էր մեզ, երբեմն-երբեմն
խոսակցության մեջ ներքաշվում, արհամարհական ու հեգնական տոնով խոսում
բնակիչների, նաեւ՝ առանձին նրանց հետ մնալու դեպքում՝ վախեցնում, խորհուրդ
տալիս՝ ապրիլի 30-ի դժբախտ պատահարը լայն քննարկման առարկա չդարձնել:
Բնակիչները ցավում էին կատարվածի համար. «Ի՞նչ տարբերություն, պատը ում
գլխին է փուլ եկել, ցավալի է, որ մարդ է մահացել»: Միաժամանակ՝ համարում
էին, որ դա այնքան էլ պատահականություն չէր. «Նայեք՝ քանի նման խարխուլ
պատ է առաջացել այս տարածքում, ամեն օր մեկիս գլխին կարող է մի քար, մի
երկաթի կտոր ընկնել: Այս անգամ երեւի Աստծո մատն էր խառը, որ տուժողը
բնակիչներից չէր, այլ կառուցապատողներից: Թող իմանան՝ անարդար գործը ոնց
կարող է պատժվել»: