Կյանքը հիասքանչ է, բայց ապրելը՝ թանկ

07/05/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր նախկին հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ Հայաստանի տնտեսության վիճակը, մեղմ ասած, փայլուն չէ։ Ընդ որում, այս գաղափարը բազմիցս հնչեցրել են նաեւ իշխանության ներկայացուցիչներն իրենք՝ սկսած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ով մարտի 1-ի դեպքերից մի քանի օր անց հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ զգալի վնասներ է կրել, զբոսաշրջության ծավալը նվազել է եւ այլն։

Կարճ ժամանակ անց դեռ գործող նախագահի միտքը զարգացրեց այն ժամանակվա Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը՝ մեղքը գցելով «ինտերնետով տարածվող ստահոդ տեղեկությունների վրա», որոնք վախեցնում էին պոտենցիալ զբոսաշրջիկներին։ Սա՝ այն դեպքում, երբ հայաստանյան շատ տուրիստական գործակալություններ նշում էին, որ արտասահմանցիներին ավելի շատ վախեցնում է հենց արտակարգ դրության փաստը։ Հետաքրքիր է նաեւ այն, որ չնայած այս տեսակետներին, պաշտոնական վիճակագրությունը 2008թ. հունվար-մարտին արձանագրել է զբոսաշրջության 15.1% աճ։

Փաստորեն, զբոսաշրջիկներն ավելի քաջ դուրս եկան, քան մենք սպասում էինք։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով գնաճի ներկա տեմպերը, դժվար է հավատալ` քաջությունն այսուհետ կօգնի. եթե Լեոյի փողոցում վառվող մեքենաները գոնե էքստրեմալ տուրիզմի սիրահարներին չէին վախեցնում, ապա գների թանկացումը վախեցնում է բոլորին։ Գների աճից սպասվող այդ վախը Մադրիդում որոշ չափով փորձել է փարատել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը։ «Ռոյթերզ» գործակալությունը փոխանցում է, որ կիրակի օրը Մադրիդում գումարված Ասիական զարգացման բանկի ամենամյա ժողովում Վ.Ղուշչյանը հավաստիացրել է, որ չնայած հետընտրական բախումներին` Հայաստանը կարող է կատարել բոլոր նախատեսած տնտեսական ծրագրերը: «Տնտեսական աճի անկման պատճառներ չեմ տեսնում»,- ասել է փոխնախարարը։ Վ. Ղուշչյանը Մադրիդում հայտարարել է նաեւ, որ սղաճը ԳՈՒՑԵԵՎ կգերազանցի ԿԲ նախատեսած ցուցանիշը (ընդգծումը հեղինակի)։ «Սղաճը կարող է 4 տոկոս լինել, 5 տոկոս, կարծում եմ, սա կլինի բարդ տարի որեւէ երկրի եւ ոչ միայն Հայաստանի համար»,- ասել է նա: Ընթերցողին հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ այս տարվա ապրիլի դրությամբ գնաճն արդեն իսկ կազմել է 6 տոկոս, իսկ 12 ամսվա կտրվածքով` 10.7%։ Ըստ երեւույթին, պրն Ղուշչյանը, Մադրիդում գտնվելով, չգիտի` ինչ է կատարվում ժամ առ ժամ աճող հայաստանյան գների հետ։

Փոխնախարարը նաեւ ասել է, թե Հայաստանը կարող է խուսափել բանկային տոկոսադրույքը բարձրացնելուց՝ այն դեպքում, եթե դրամն արժեւորվի եւս 2-3 տոկոսով, եւ արտասահմանյան ներդրումների հոսքն անհրաժեշտ չափով պահպանվի:

Այս միտքը, կարծում ենք, արժե մի քիչ պարզաբանել։ Բանկային տոկոսադրույքի բարձրացումը գնաճի դեմ ձեռնարկվող միջոցներից մեկն է, որովհետեւ գնաճն, ըստ էության, կարելի է դիտարկել որպես փողի արժեզրկում, իսկ տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է՝ «փողի թանկացում»։ Սա որոշ չափով կոմպենսացնում է գնաճը։ Սակայն անդրադառնանք Վ. Ղուշչյանի հետեւյալ ձեւակերպմանը. «Եթե դրամը արժեւորվի եւս 2-3 տոկոսով, եւ արտասահմանյան ներդրումների հոսքն անհրաժեշտ չափով պահպանվի»։ Փորձենք ավելի հասկանալի բացատրել, թե սա ի՞նչ է նշանակում։ Գազի գնի թանկացումն առաջին հերթին առաջացնում է վառելիքի այլ տեսակների գնաճ` բենզին, դիզվառելիք եւ այլն։ Իսկ վառելիքը ներկրվում է, ներկրողն էլ դրա համար վճարում է ոչ թե դրամով, այլ` դոլարով կամ եվրոյով։ Ենթադրենք, Պողոսը բենզին ներմուծող է, եւ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառում է 400 դրամով (մոտավորապես 1.3 դոլար)։ Ինչ-ինչ պատճառներով` լինի դա բենզինի միջազգային գների աճ, թե ուղղակի Հայաստանում բենզինի նկատմամբ պահանջարկի մեծացում, նա որոշում է բարձրացնել բենզինի գինը` դարձնել 440 դրամ։ Սա, անշուշտ, լավ չի ընկալվի հասարակության կողմից՝ ինչպես ցանկացած թանկացում, եւ իշխանությունից դժգոհողների թիվը կմեծանա։ Բենզին ներմուծող Պողոսը, բնական է, պատահական մարդ չէ՝ «տալ-առնել» ունի վերեւների հետ։ Նրան, ինչպես նաեւ մյուս ներկրողներին՝ Պետրոսին ու Մարտիրոսին, «վերեւներն» ասում են՝ տղերք, էսպես չի լինի, ժողովուրդը մեղք է (համաձայն ենք, մի քիչ անհավանական է հնչում), գինը մի բարձրացրեք։ Նրանք էլ ասում են՝ շեֆ ջան, մենք էլ ենք մտահոգ, չէ՞ որ ժողովրդի մի մասնիկն էլ մենք ենք, բայց ախր Նյու Յորքի Ապրանքային բորսայում նավթի 1 բարելի գինը հասել է 120 դոլարի, կարճ ասած՝ չենք կարող չթանկացնել, «տակ կտանք»։ «Լավ, գնացեք։ Դեռ չթանկացնեք, մենք մի բան կմտածենք»,- ասում են նրանց «վերեւները», իսկ հաջորդ օրը փոխանակման կետերում դոլարի արժեքը 310-ից իջնում է 300-ի, հաջորդ օրը, դառնում 290, մյուս օրը` 280։ Իհարկե, դա տեղի է ունենում «շուկայական մեխանիզմներով»։ Բայց դե Պետրոսենք հո՞ գիտեն, որ «շուկայական մեխանիզմը» լա՜վ էլ ժամանակին գործեց։ Գինը կթողնեն 400 դրամ, բայց այդ 400 դրամն այժմ արժե ոչ թե 1.3, այլ 1.4 դոլար։ Իրենց դա ձեռնտու է, ձեռնտու է նաեւ այն մարդկանց, ովքեր դրամով են եկամուտ ստանում։ Դժգոհ կմնան միայն այն մարդիկ, ովքեր գոյատեւում են դրսից ստացված տրանսֆերտներով: Այսինքն, բնակչության «ընդամենը» 30%-ը։ Ուղղակի պետք է, որ «արտասահմանյան ներդրումների հոսքն անհրաժեշտ չափով պահպանվի»: Այսինքն, ռուսաստաններում ու ամերիկաներում աշխատող հայերը շարունակեն լավ աչքով նայել իրենց հայաստանցի բարեկամներին ու ավելի շատ փող ուղարկեն։

Վերը շարադրվածն, իհարկե, ենթադրություն է. ոչ մեկս ականատես չենք եղել Պողոսենց հանդիպմանը։ Սակայն դա որոշ չափով բացատրում է, թե ինչո՞ւ հենց բենզինի գների թանկացման մասին խոսակցություն է գնում, դրամն արժեւորվում է։

Իսկ ամենահետաքրքիրը թողել ենք ամենավերջում։ Ինչպես Էկոնոմիկայի փոխնախարարն է Մադրիդում գտնվելով մի պահ մոռացել Հայաստանի դաժան իրականությունը, այնպես էլ ՀՀ Կենտրոնական բանկը, տեսնելով՝ գներն ինչ արագությամբ են աճում, չի նկատել կամ չի ցանկացել նկատել փոխնախարարի կարծիքը, թե դրամի արժեւորումն ավելի գերադասելի է, քան տոկոսադրույքի բարձրացումը։ Եվ հենց Վ. Ղուշչյանի ելույթի հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, ԿԲ խորհուրդը որոշում է ընդունել 0.25 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.25%։

Իսկ ամենացավալին այն է, որ կարծես ոչինչ չի օգնում. եւ՛ դրամն է արժեւորվում, եւ՛ գներն են շարունակում աճել։ «ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ առաջիկայում գնաճային ճնշումները պահպանվելու են» նախադասությունն էլ՝ ԿԲ համապատասխան որոշումից, ըստ էության, կոչ է ազգաբնակչությանը` ձգե՛ք ձեր գոտիները, մանավանդ տարադրամի փոխանակման կետերի ու խանութների մոտով անցնելիս։