Միակ ելքը փախչելն է. թեկուզ տաքսիով

07/05/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գազի գնի թանկացումից անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին տրանսպորտի, մասնավորապես` տաքսի ծառայությունների ու երթուղային տաքսիների ուղեվարձի գնի կրկնակի բարձրացման վերաբերյալ:

Բանն այն է, որ այս ամսվա սկզբից մոտ 50 տոկոսով թանկացել է բնական սեղմած գազի գինը, որով լիցքավորվում է ավտոմեքենաների մեծ մասը: Վերջին օրերին մարդիկ խոսում են այն մասին, որ տաքսի ծառայությունների մեծ մասը 1 կիլոմետրի դիմաց ուղեվարձը 100 դրամից դարձրել է 150 դրամ, իսկ նվազագույն վճարը` 500-ից՝ 800 դրամ: Երեկ այս լուրերը փորձեցինք ճշտել մի շարք տաքսի ծառայություններից:

Այսպիսով, արդեն կան տաքսի ծառայություններ, որոնք 1 կիլոմետրի համար գանձվող 100 դրամը բարձրացրել են 20 դրամով: Իսկ նվազագույն արժեքը մնացել է 600 դրամ: Սակայն, եթե նախկինում այս տաքսի ծառայությունները մինչեւ 6 կիլոմետրի դեպքում էին գանձում նվազագույն 600 դրամը, ապա ներկայումս` ուղեւորը 600 դրամ պետք է վճարի մինչեւ 4 կիլոմետրի համար: Տաքսի ծառայությունների երկրորդ խմբի դեպքում 1 կիլոմետրի արժեքը մնացել է 100 դրամ, սակայն նվազագույն արժեքը դարձել է 800 դրամ: Դեռեւս կան նաեւ այնպիսի տաքսի ծառայություններ, որոնց ուղեվարձը չի թանկացել: Դրանց աշխատակիցները պնդում են, որ առայժմ որեւէ տեղեկություն չունեն առաջիկայում իրենց ծառայությունը թանկացնելու համար: Սակայն հաշվի առնելով ընդհանուր թանկացումները, կարելի է վստահորեն ասել, որ առաջիկայում դրանք եւս կթանկանան: Ի դեպ, տաքսի ծառայություններից բացի, Երեւանում բավական շատ են նաեւ մասնավոր տաքսիները, երբ առանձին անհատները սեփական մեքենաներն օգտագործում են իբրեւ տաքսիներ: Բնականաբար, ընդհանուր թանկացումից զերծ չեն մնացել նաեւ վերջիններս: Սրանց գներն, ի դեպ, նախկինում էլ մի փոքր տարբերվում էին սովորական տաքսի ծառայությունների գներից: Վարորդ Արմենը շուրջ հինգ տարի մասնավոր տաքսի է վարում: Նրա խոսքերով` ինքն էլ հիմա թանկացրել է ուղեվարձը, քանի որ հիմնականում փորձում է աշխատել տաքսի ծառայությունների գներով. «Ընդհանրապես, իմ մեքենային հաշվիչ չեմ դրել, քանի որ մոտավորապես գիտեմ, թե այսինչ տեղից այնինչը որքան կիլոմետր է, ու մոտավորապես գումարը որքան կկազմի: Օրինակ, սերվիսի մեքենաները եթե նույն տեղի համար վերցնում են 700 դրամ, ես 1000 եմ վերցնում: Մարդիկ էլ գիտեն, որ մասնավոր մեքենաներն այդպիսին են, մանր չեն պահանջում եւ այլն: Հիմա, երբ իմացա, որ սերվիսի մեքենաներն էլ են թանկանում, պատկերացրեք` ուրախացա: Այս դեպքում ես հանգիստ կարող եմ տաքսու ուղեվարձը բարձրացնել, ու մարդիկ էլի առաջվա նման կնստեն մեքենաս: Իսկ չբարձրացնել չէր լինի, որովհետեւ գազը թանկացել է, իմ մեքենան էլ գազով է: Երբ գազ էի դնում, գիտեի, թե էժան եմ պրծնելու, ու ի՞նչ դուրս եկավ: Իրականում, երեւի բենզինը սրանից էժան կլիներ: Հիմա վստահ եմ, որ առաջվա նման հաճախորդներս շատ չեն լինելու, բայց ի՞նչ անեմ: Ես մտնում եմ մարդկանց դրության մեջ, բայց իմ դրության մեջ էլ մտեք: Ես ինչպե՞ս առաջվա գները թողնեմ: Էդ դեպքում ես տուժվելու եմ, գազը թանկ գնով լցնեմ, մարդկանց էժան գներո՞վ տեղափոխեմ: Էդպես չի լինի»,- ասում է նա:

Շատ ուղեւորներ այսօր երթուղային տաքսիներից օգտվելու փոխարեն՝ նախընտրում են տաքսիները: Արդյո՞ք տաքսիների ծառայությունների թանկացումից հետո նրանք կշարունակեն նախկինի նման օգտվել դրանցից: 21-ամյա Ջուլիետա Առուշանյանը խցանումների պատճառով հիմնականում նախընտրում է տաքսիները, որովհետեւ, ըստ նրա` դրանք ավելի հարմարավետ են: Թանկանալուց հետո, սակայն, նույն հաճախականությամբ տաքսիներից օգտվելը, նրա խոսքերով` չափազանց մեծ ճոխություն կլինի. «Աշխատանքային ժամերին միշտ օգտվում եմ տաքսիներից, ու դա ինձ համար ոչ թե ճոխություն էր, այլ անհրաժեշտություն: Երեկոյան, երբ տրանսպորտ չէր լինում, տաքսիները փրկություն էին: Այ հիմա իսկապես դրանք ճոխություն կդառնան: Կարծում եմ, որ անհրաժեշտ է մեքենա գնել: Ավելի լավ է տաքսիներին վճարելու փոխարեն` խնայել մեքենայի համար: Հակառակ դեպքում ամբողջ աշխատավարձս ստիպված կլինեմ տրանսպորտի վրա ծախսել»:

Ուղեւորներից շատերը բողոքում են նաեւ, որ տաքսու վարորդները թանկացման մասին նախապես չեն զգուշացնում: Իրենց ցանկացած վայրը հասցնելուց հետո ուղեւորներն անակնկալի են գալիս` լսելով, թե որքան պիտի վճարեն։ «Եթե չես նայում հաշվիչին, որտեղ 800 է ցույց տալիս, եթե չես վիճում, էդպես էլ մնում է: Ես լսել եմ, որ ներքին կարգով ասվել է, որ բոլորը պիտի թանկանան: Մյուս կողմից էլ՝ ասում էին, որ մինչեւ մայիսի 15-ը թանկացումներ չպիտի լինեին, բոլորը սպասում էին երթուղային տաքսիների թանկացմանը: Այսինքն, իրենք ասում են, որ առանձնապես չեն թանկացրել, բայց իրականում լավ էլ թանկացել է»,- ասում է 25-ամյա Հարությունը: Մեկ այլ ուղեւոր էլ՝ 30-ամյա Արայիկը, տաքսիների թանկացման համար մեղադրում է պետությանը: Նրա խոսքերով` տաքսի ծառայությունների տերերը ոչ մի մեղք չունեն այս հարցում. «Իշխանություններին չի հետաքրքրում, թե մարդիկ տաքսիո՞վ ման կգան, ոտքո՞վ, թե՞ ընդհանրապես ման չեն գա` կմեռնեն: Էս թանկացումները կանխատեսելի էին: Եթե գազը թանկացել է, ինչպե՞ս կարող էին տաքսիները չթանկանալ: Իրականում տաքսի սերվիսների տերերը ոչ մի մեղք չունեն թանկացումների համար: Հետո էս դաշտում մրցակցությունը շատ մեծ է, դրա շնորհիվ էլ գներն ավելի էժան էին մինչեւ հիմա: Տաքսի ծառայություններ փոքր Երեւանի համար չափազանց շատ ունենք, ու եթե դրանցից մի քանիսը թանկ լինեն, մարդիկ ընտրության բավականին մեծ հնարավորություն ունեն: Պարզապես մեր պետության քաղաքականությունն այնպիսին է, որ հարկային հիմնական բեռը գցում են ոչ թե պետական ռեկետյորների, այլ մանր ու միջին բիզնեսի վրա, ու տաքսիներն էլ բնականաբար պիտի տուժեին դրանից: Մարդիկ էլ էդքան չեն օգտվի տաքսիներից, որովհետեւ աշխատավարձերը թանկացումների հետ համահունչ չեն բարձրանում: Միակ ելքը` այս երկրից թողնել ու փախչելն է, ոչ թե հեռանալը»: