Առաջին հանդիպումը

07/05/2008

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բերնար Կուշների հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Է. Նալբանդյանը հանդիպելու է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների, Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսըլեի հետ: Իսկ այսօր ՀՀ ԱԳ նախարարը մեկնելու է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին: Ստրասբուրգում նախատեսված են Է. Նալբանդյանի հանդիպումները ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ դե Բրիշամբոյի, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի, մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի եւ մոնիտորինգի Ագոյի խմբի անդամների հետ: Ի դեպ, այսօր Ստրասբուրգում տեղի է ունենալու նաեւ ՀՀ նորանշանակ ԱԳ նախարարի առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկելու են երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաեւ՝ տարածաշրջան իրենց կատարելիք այցի հարցը: Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն APA գործակալությանը տեղեկացրել է, որ նախագահների հանդիպման մի քանի տարբերակ կա, մասնավորապես` այն կարող է անցկացվել հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք 12-րդ միջազգային էներգետիկ համաժողովի ընթացքում: Նա նաեւ շեշտել է, որ ԵԽ կոմիտեի լիագումար նիստի նախաշեմին Ստրասբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին չեն պատրաստվում ներկայացնել որեւէ հիմնարար առաջարկ, եւ այն ծանոթության բնույթ է կրելու: Այդուհանդերձ, նրա խոսքերով, այդ հանդիպումը ցույց կտա, թե որքանով են կողմերը պատրաստ շարունակել աշխատանքը: «Մենք բանակցային գործընթացի վրա աշխատելու ցանկություն ենք տեսնում երկու կողմից էլ»,- ասել է Ֆասիեն: