«Փրփուրներից են կառչում»

07/05/2008

Չնայած միջազգային կառույցների կողմից հնչեցվող բազմաթիվ պահանջներին՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու մասին, ՀՀ-ում դեռեւս շարունակում են բերման ենթարկել ընդդիմության ներկայացուցիչներին: Շաբաթ օրը վաղ առավոտյան Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանություն բերման ենթարկված 4 անձանց նկատմամբ, բարեբախտաբար, քրգործեր չեն հարուցել: ՀԺԿ անդամ Ռուզաննա Խաչատրյանն` արձագանքելով կատարվածին, «Ազատությանն» ասել է. «Փաստորեն, ստացվում է, որ քաղաքական հայացքների համար ձերբակալվածների գործերն անհիմն են, եւ այս ձեւով փորձում են հիմնավորել ինչ-որ փաստեր: Մարդկանց ձերբակալել են, հետո փորձում են փաստեր հայթայթել, որպեսզի քրեական գործ հարուցեն եւ ասեն, որ քաղաքական բանտարկյալներ չեն, այլ քրեական հանցագործներ»:

«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը, ով շաբաթ օրը հետեւել է Ոստիկանություն բերման ենթարկվածների ճակատագրին, «Ազատությանը» պատմել է. «Ես հանդիպեցի Ոստիկանության պետի տեղակալ պրն Հովհաննիսյանի հետ: Ինքը չհերքեց: Հարցրեցի` ի՞նչ հիմքով, ասաց` «մարտի 1-ի չարտոնված միտինգներին մասնակցելու համար, կադրերում երեւացել են, բերում ենք, մի անհանգստացեք, երկու ժամ հետո բաց կթողնենք»: Բայց այդ «երկու ժամը» բավական երկար տեւեց: Երկրորդ անգամ երբ պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպեցի, ասաց` «դե հո մենակ ի՞նքը չի»: Այսինքն, ասացի՝ ուրեմն շատ են, ասաց` այո: Այդ շատը քանիսն են` ստույգ չգիտեմ, չորսը հաստատ գիտեմ: Նրանց բաց են թողել ուշ ժամի… Ինձ թվում է, փրփուրներից են կառչում, որովհետեւ պիտի ցույց տան ինչ-որ բան, չէ՞ որ հայտարարել են, որ ընդդիմությունը զենք բերեց, քիչ է մնում ասեն` զորք բերեց: Հիմնավորելու համար այսպիսի պարզունակ, չափից ավելի պարզունակ քայլերի են դիմում»: