Գնդակն իշխանությունների դաշտում է

07/05/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած ուրբաթ Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում հայտարարել էր, թե նպատակահարմար է գտնում շարժումն անվանել «Հայ ազգային կոնգրես»:

Իսկ առաջիկա խնդիրների եւ անելիքների հետ կապված` չէր բացառել, որ այդ կոնգրեսը հետագայում կարող է վերածվել «կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության»: «Չի բացառվում նաեւ, որ այդ կուսակցությունն իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհին»,- ասել էր Լ.Տեր-Պետրոսյանը: Արդյոք պատրա՞ստ են մասնակցել այդ գործընթացին Լ.Տեր-Պետրոսյանին սատարող հիմնական քաղաքական ուժերը: «Առաջարկն արվել էր այդ կոնգրեսի ժամանակ, եւ ՀԺԿ-ն դեռ քննարկելու հնարավորություն չի ունեցել, բայց կքննարկենք: Պետք է նաեւ հստակեցնենք, թե ո՞րն է դրա նպատակը, իմաստը: Թերեւս առաջարկը նպատակ ունի ֆորմալ ձեւակերպում տալ այս շարժմանը: Երբ քննարկենք եւ մեզ համար հստակեցնենք, կպատասխանենք, թե մեզ որքանով է հարմար այդ ֆորմատով հանդես գալ: Իսկ կոնկրետ գործողությունների առաջարկ դեռ չի արվել»,- ասում է ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը: «Այո, կոնգրեսում հայտարարվել է, սակայն դեռ խորքային կոնսուլտացիաներ չեն արվել: Մենք պետք է պարզենք, թե ի՞նչ մեխանիզմներ եւ ուղղություններ են լինելու, դա հասարակության գիտակցության վրա ազդելու ի՞նչ էֆեկտիվություն է ունենալու: Մինչեւ այս ամենը չքննարկենք եւ չհստակեցնենք, չենք կարող պատասխանել»,- ի պատասխան մեր հարցին, նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը: «Ստվերային կառավարության մեխանիզմը տարածված է ամբողջ աշխարհում եւ թույլ է տալիս, որ հասարակությունը պատկերացում կազմի այն ծրագրերի մասին, որը պատրաստվում է իրականացնել գործող ընդդիմությունը հնարավոր իշխանափոխությունից հետո: Առայժմ այս խնդիրը կոնկրետացված չէ, սակայն «Հանրապետություն» կուսակցությունը պաշտպանելու է առաջին նախագահի բոլոր քաղաքական նախաձեռնությունները»,- սա էլ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի տեսակետն է: Իսկ Լ.Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը նշեց, թե ընդհանուր կուսակցություն եւ ստվերային կառավարություն ստեղծելու առաջարկը հնչել է որպես գաղափար եւ դեռ նախնական քննարկումների փուլում է: Սակայն նա կարծում է, որ հատկապես ստվերային կառավարությունը «մեծ գլխացավանք» կդառնա գործող կառավարության համար: «Մեծ գլխացավանք կդառնա այն պարզ պատճառով, որ մեր մասնագետները բոլոր ոլորտներում կտան այդ կրիմինալ վարչախմբի քաղաքականության եւ կատարվող բոլոր օրինախախտումների գնահատականը: Ստվերային կառավարությունում կլինեն ոլորտների պատասխանատուներ, տնտեսագետներ եւ այլ մասնագետներ, որոնք վեր են հանելու բոլոր ձախողումներն ու կատարած անօրինականությունները: Վեր են հանելու նաեւ դատական համակարգի անօրինականությունները: Սա դեռ գաղափար է եւ կհասունանա՞ արդյոք, պարզ կդառնա ավելի ուշ»,- ասաց Ա. Մուսինյանը:

Իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներին ընդդիմության` ստվերային կառավարություն ստեղծելու գաղափարը, բնականաբար, դուր չի եկել: Նրանց համար անհասկանալի եւ ընդդիմության կողմից քաղաքական հնարք է թվում այդ մտադրությունը:

«Կոնկրետ ինձ համար հասկանալի չէ ընդդիմության`ստվերային կաբինետ կազմելու նախաձեռնության տրամաբանությունն ու նպատակը: Բայց եթե ընդդիմությունը որոշել է իր մարտավարությունը կառուցել ստվերային իշխանություն ձեւավորելով, եւ ընդդիմության լիդերներն այն կարծիքին են, որ դա իրենց լավագույն քայլն է, ապա դա բացառապես իրենց գործն է»,- ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Դա քաղաքական բլեֆ է, եւ չեմ կարծում, որ քաղաքական լուրջ հակակշիռ լինի գործող կառավարությանը»,- ստվերային կառավարություն ստեղծելու գաղափարին էլ այսպես է վերաբերում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Օրինաց երկիր» կուսակցությունից ընդհանրապես հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ, իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանը ողջունեց ստվերային կառավարություն ստեղծելու առաջին նախագահի գաղափարը: «Լավ են անում, թող ստեղծեն: Հայտարարել են, որ քաղաքական գործընթացների մեջ պիտի մտնեն, կարծում եմ` ճիշտ են արել: Ողջունելի է, որ ընդդիմությունը վերջապես պետք է ակտիվ գործունեություն ծավալի եւ ոչ թե խռոված կեցվածք ընդունելով` մի կողմ քաշվի: Ես չեմ կարծում, որ դա գլխացավանք կլինի կոալիցիոն կառավարության համար, քաղաքական ասպարեզը մրցակցության ասպարեզ է: Բոլորն էլ պետք է հասկանան, որ եթե մտել են այս դաշտ, պետք է մրցակցեն, մրցակցեն ծրագրերով ու գործունեությամբ: Իհարկե, խաղաղ կյանքը, անդորրը, կարող է ինչ-որ մեկի համար հաճելի լինել, բայց ես այդպես չեմ կարծում: Եվ քաղաքական կյանքում որքան մեծ լինի մրցակցությունը, նույնքան առողջ կլինի քաղաքական դաշտը, նույնքան ավելի սթափ կլինեն իշխանությունները: Շատ վտանգավոր է, երբ քաղաքական դաշտում ընդդիմություն չկա: Անցած տարիներին Հայաստանում ընդդիմությունը շատ թույլ է եղել, եւ ես չեմ կարծում, որ դա օգուտ է տվել մեզ: Ժողովրդավարությունից արձանագրված որոշ նահանջը նաեւ քաղաքական ընդդիմության թույլ լինելուց է: Ընդդիմությունը կարող է մասնակցել տեղական ինքնակառավարման առաջիկա եւ այլ ընտրություններին: Կարծում եմ, որ այդ թիմը հաջողություններ կունենա, եւ ես այդտեղ վտանգավոր ոչինչ չեմ տեսնում»,- ասաց Ա.Շահբազյանը: Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձել էր նաեւ ընդդիմության եւ իշխանության հնարավոր երկխոսությանը: «Չընդունելով հանդերձ այսպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը, մենք, այնուամենայնիվ, հաշվի առնելով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ, սակայն այն դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն: Դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը նախեւառաջ լիապես կատարի ԵԽ ԽՎ ապրիլի 17-ի բանաձեւի` որպես երկխոսության նախապայման ներկայացված պահանջները, որոնք են մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննությունը, քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կալանավորված անձանց անհապաղ ազատ արձակումը, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում ԱԺ-ի կողմից վերջերս կատարված փոփոխությունների եւ լրացումների անհապաղ ուժը կորցրած ճանաչումը»,- հայտարարել էր առաջին նախագահը: Սակայն իշխանության ներկայացուցիչներն առայժմ հաստատակամ են իրենց որդեգրած դիրքորոշմանը: Ըստ նրանց` Տեր-Պետրոսյանը «ուլտիմատում» է ներկայացրել: Նշենք, սակայն, որ առաջին նախագահի ներկայացրած բոլոր պահանջները բառացիորեն համապատասխանում են ԵԽ ԽՎ նախապայմաններին: «Իմ տպավորությամբ փորձ է արվում ավանդույթ ձեւավորել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր հրապարակային ելույթից հետո քաղաքական ուժերն ուղղակի պարտավոր են կարծիք հայտնել, ասես, խոսքը մի ինչ-որ հերթական բեսթսելերի մասին է։ Լ. Տեր-Պետրոսյանը նշյալ կոնգրեսում ներկայացրել է իր տեսակետները, ինչը «Բարգավաճ Հայաստանը» մեկնաբանելու որեւէ պարտավորություն չունի։ Նախօրեին քաղաքական կոալիցիան ընդունել է հայտարարություն, ուր բոլոր քաղաքական ուժերին կառուցողական երկխոսության եւ արդյունավետ համագործակցության կոչ է արվել, ընդ որում՝ առանց որեւէ նախապայմանի եւ ուլտիմատումի։ Երկխոսության եւ համագործակցության առաջարկը կրկին անգամ արված է, երկխոսության նյութի օրակարգը որոշելու են կողմերը, փակ թեմաներ եւ խնդիրներ չեն լինելու։ Արված հերթական առաջարկից տարբեր պատրվակներով հրաժարվելը մեկ բան է նշանակում՝ ընդդիմությունը պատրաստ չէ, կամ նրա քաղաքական շահերից չի բխում երկխոսությունը»,- ասում է Ն. Զոհրաբյանը։

«Երկխոսությունը նույնպես ողջունելի է, բայց կարծեմ այնտեղ պայմաններ են դրվել, որ ցանկացած դեպքում Լ.Տեր-Պետրոսյանը կարող է հրաժարվել`ասելով, թե պայմանները չեն կատարվել: Երբ նա ասում է` անկախ հետաքննություն, բոլորս էլ գիտենք, որ նկատի ունի դրսից հրավիրված ուժերի կողմից կատարվող հետաքննությունը, ինչը, կարծում եմ` իրեն հարգող ոչ մի պետություն թույլ չի տա, որովհետեւ դրանով կվարկաբեկվի: Պետությունը կխոստովանի, որ ինքն անկարող է իր ներսում խնդիրներ լուծել: Ասում է, որ կան քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներ: Գիտենք, որ նա բոլորին համարում է քաղաքական դրդապատճառով ձերբակալվածներ, եւ կարծես թե համարում է, որ իր թիմից որեւէ մեկը մեղավոր չէ: Այսինքն` մի տարբերակ է ընտրել, որն իրեն երկխոսության մեջ մտնելու կամ չմտնելու ազատություն է տալիս»,- ասաց Ա. Շահբազյանը:

«Մենք տեսնում ենք տրամաբանական հակառակ պրոցեսը: Մինչ օրս եւ երեկ չէ առաջին օրը նորից մարդկանց են բերման ենթարկել: Եվ դրանից ակնհայտ կարելի է եզրահանգում անել, որ իշխանությունները թեպետ ասում են, որ պատրաստ են երկխոսության, բայց ամեն ինչ անում են, որ երկխոսության համար մթնոլորտ չստեղծվի: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք այս պայմաններով երկխոսության գնալ, եւ ինչպես ասում են, գնդակն իշխանությունների դաշտում է»,- ասաց Ռ.Խաչատրյանը: «ԵԽ ԽՎ պահանջները պետք է կատարվեն: Երկխոսության գնալու համար առնվազն բոլոր քաղկալանավորները պետք է ազատ արձակվեն»,- ասաց Ս.Սուրենյանցը: