Կիրակի օրը Սպիտակ քաղաքում անցկացված ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով` քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ անդամ, գործարար Գագիկ Սահակյանը, ում ստացած քվեները, նախնական տվյալներով, 300-ով ավելի են գործող քաղաքապետ, դարձյալ ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանի օգտին տրված ձայներից: Պարտված ՀՀԿ-ականը, սակայն, մտադիր չէ բողոքարկել ընտրությունների արդյունքները, չնայած համոզված է, որ որոշ թեկնածուներ գումար են բաժանել ընտրողներին: Կիրակի երեկոյան, երբ ընտրությունը դեռեւս չէր ավարտվել, գործող քաղաքապետն «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Կոնկրետ թող օրինապահները գտնեն, որ դրսում` որոշ շտաբներից, որոշ թեկնածուների կողմից գումարների աճուրդ է կայանում, մեկը տալիս է մի բան, մեկն ավելացնում է»: Ի դեպ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկվա դրությամբ որեւէ բողոք-դիմումներ չէր ստացել թեկնածուներից: