300-ը եւ մեկը նրանցից

13/05/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Է՞ս էիք ուզում

Հրապարակվեց 300 խոշոր հարկ վճարողների ցուցակը։ Ցուցակն
ուսումնասիրողների տպավորությունները տարբեր են։ Գնահատականները՝ եւս։
Բոլորն այդ ցուցակում փնտրում էին մեր օլիգարխներին՝ իրենց
տնտեսություններով հանդերձ։ Շատերին չգտան։ Օլիգարխներն իրենց
արդարացնելու համար սկսեցին լուրեր տարածել, թե իրենց տնտեսությունները
հարկային մուծումների ցուցակում դրոբված են։ Իբր՝ փնտրեք եւ կգտնեք մեր
լուրջ հարկային ավանդը երկրի տնտեսական կյանքում։
Ես էլ փնտրեցի։ Եվ ուզում եմ բոլորիս հարցնել՝ է՞ս էինք ուզում։ 300 խոշոր
հարկատուների ցուցակում 6 հայկական բուհ կա. Երեւանի պետական համալսարանը՝
80-րդը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանը՝ 110-րդը, Պետական
ճարտարագիտական համալսարանը՝ 134-րդը, Պետական տնտեսագիտական ինստիտուտը՝
155-րդը, Գյուղատնտեսական ակադեմիան՝ 197-րդը, Հրաչյա Աճառյան
համալսարանը՝ 201-րդը։ 5 պետական եւ մեկ մասնավոր բուհ։ Սա՝ այն դեպքում,
երբ պետությունը խնայում է գիտության եւ կրթության վրա։ ՀՀ-ում կրթության
վրա ծախսվում է ՀՆԱ-ի 2%-ը։ Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման
զեկույցի համաձայն՝ մեր երկրից քիչ կրթության վրա ծախսում է ընդամենը 6
երկիր՝ Գվատեմալան, Գվինեան, Մյանման, Նիգերիան, Չադը, Էրիտրեան։ Դժվար է
ասել, այս երկրները մեզ արժանի՞ շրջապատ են, թե՞ ոչ։ Ես՝ որպես
Համալսարանի շրջանավարտ, չեմ հասկանում, ինչպես կարող է ԵՊՀ-ն 2 անգամից
ավելի (մոտ 35 մլն դրամ) հարկ մուծել, քան Սուրմալու տոնավաճառը (մոտ 17
մլն 335.000)։ Կամ, ասենք, «Աշտարակ-կաթը» (մոտ 17 մլն 285.000) կամ
Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը (ընդամենը 11 մլն
818.000)։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է եւ ինչով է զբաղված Երեւանի
ոսկերչական գործարանը (մուծել է 11 մլն 671.000)։ Դուք կարողացե՞լ եք
վերջին տարիներին որեւէ ֆիլմ դիտել, որը չի ընդհատվել «Ջերմուկ գրուպ»
կոչվածի գովազդով։ Այս փառահեղ հիմնարկի հարկային ավանդը 3 անգամից ավելի
պակաս է, քան Երեւանի պետական համալսարանի հարկային բեռը։ Իհարկե կարելի է
հեքիաթ-բացատրություն հորինել, որ ԵՊՀ-ն հարկերը մուծել է արտասահմանցի
ուսանողներից գանձված ուսվարձերի հաշվին։ Մեր չինովնիկներից ոմանք,
կարծեմ, նախկին համալսարանական են (կամ պոլիտեխնիկցի)։ Կրթական այս ցենզը
պիտի բավարար լինի հասկանալու, որ Սուրմալու տոնավաճառում միայն
հայրենական ապրանքներ չեն վաճառում։
 
Փչիր Գավրիլա, աշխարհի վերջն է

Դասականի այս տողն առաջինն էր, որ հիշեցի։ Հիշեցի, երբ կարդացի «Շողակն»
ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի բլանկի վրա տպված տեքստը։ Գլխավոր տնօրենի բլանկը
հարգանքով ստորագրել է Ս. Գասպարյանը (կարծում եմ, գլխավոր տնօրենը)։
Տեքստը հասցեագրված էր «168 ժամ» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին, որպես
նախկին հրապարակումների պատասխան։ Շատ տարօրինակ պատասխան։ Սխալներով ու
հակասություններով լի։ (Հոդվածիս դատական քննության հեռանկարը հաշվի
առնելով՝ ճշտեմ. առնվազն մեկից ավելի սխալով եւ հակասությունով)։
Նախ՝ նշենք մեկից ավելի սխալ։ Պաշտոնական նամակի երկրորդ էջի նախավերջին
պարբերությունում Ս. Գասպարյանը գրում է, որ իր ղեկավարած ընկերությունը
2005թ. առաջին եռամսյակի ընթացքում մուծել է 38 մլն 716.000 դր. հարկ։ Սա
սխալ է, ո՞ւմ սխալն է, դժվար է միանշանակ գտնել։ ՀՀ Հարկային տեսչությունը
ապրիլի 23-ին հրապարակել է խոշոր հարկատուների ցուցակը։ Այն արտացոլում է
«2005թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջեի հաշիվների
համարների վրա մուտքագրված» գումարները։ Հատուկ «Շողակն» ՓԲԸ տնօրենի
համար նշենք, որ առաջին եռամսյակ կոչվածը հենց ներառում է 3 ամիս, իսկ
դրանք թարսի պես հենց նույն հունվար-փետրվար-մարտ ամիսներն են։ Հարկային
պետական ծառայությունն իր ցուցակի 143-րդ տողում նշում է, որ «Շողակնը»
մուծել է ընդամենը 20 մլն դրամ հարկ։ Ընդունեք, որ երկու կողմերից մեկը
սխալվում է (կամ ստում)։
Մյուս սխալը թվաբանական չէ, այլ հաշվապահական հաշվառման ոլորտից է։ Պարոն
տնօրենը կարծես շփոթում է «աշխատավարձ» հասկացությունը մեկ աշխատակցի
համար գործատուի օրենքով պարտադրված ծախսերի հետ։ Հենց այնպես ասենք, որ
հաշվապահներն առանձնացնում են «աշխատավարձ» եւ «վրաեկ» հասկացությունները։
Պարոն Ս. Գասպարյանն իր նամակում նշում է, որ «168 ժամի» թղթակից Ավետյանն
իր նյութը պատրաստելիս «նույնիսկ չի պարզել՝ արդյոք բոլոր հայտարարություն
անողները «Շողակն» գործարանի աշխատողնե՞ր են եղել, թե՞ «Շողակն» գործարանի
հետ առնչություն չունեցող կամ նախկինում տարբեր իրավախախտումների համար
գործարանից հեռացված կողմնակի անձինք են»։ Սար-սա-փե-լի է պատկերացնել, թե
ինչ բարքեր են տիրում վերոհիշյալ գործարանում։ Այնտեղ, պարզվում է,
իրավախախտումներ են անում կողմնակի անձինք։ Սա դեռ քիչ է, կողմնակի անձինք
նաեւ գործարանից հեռացվում են իրավախախտումների համար։ Իսկ ես, միամիտս,
կարծում էի, թե իրավախախտումներն իրավական պատասխանատվություն են
ենթադրում։
«Գործալքությունը իրավական եւ փաստական հիմքերից զուրկ է»,- այս եւ այլ
կարգի իրավական մտքի գոհարների ընթերցողը կարող է ծանոթանալ պատասխան
նամակում, որ «168 ժամը» հատվածաբար հրապարակում է։
 
Ամենամեծ սխալը

Գրերի գյուտի 1600-ամյակը նշող ազգի գրագետը պաշտոնական նամակ գրելիս գոնե
տառասխալներ չպիտի անի։ Հարկ է տարբերել «ավել» եւ «ավելի» բառերի իմաստը։
Հեշտ հիշելու համար ասենք, որ ավելը դռան հետեւում են դնում
(գործարաններում` հավաքարարների սենյակի դռան հետեւում)։ Իսկ քանակական
տարբերությունն ընդգծելու համար օգտագործում են «ավելի» բառը։
Պարոն Ս. Գասպարյանը գրում է. «աշխատավարձի սպասվող օբյեկտիվ նվազման
հետեւանքով բարձր եւ համեմատաբար ցածր որակի թանկարժեք քարերի մշակման
միջեւ եղած տարբերությունը կազմում է ոչ թե 30%, ինչպես ենթադրել է
լրագրողը, այլ մինչեւ 25%»։ Լրագրողից հաշվապահական փաստաթղթին վայել
ճշտություն պահանջողը մեկ պարբերություն հետո գրում է. «Հաշվարկվել է
շուրջ 1000 դոլարին համարժեք աշխատավարձ, ստույգ՝ 400.433 դրամ»։ Սույնով
թույլ տալով 10%-անոց անճշտություն։ 2 անգամ ավելի, քան իր կարծիքով՝
լրագրողը։ Օգտվելով սեփական կարծիք ունենալու եւ արտահայտելու ՀՀ
Սահմանադրության ընձեռած հնարավորությունից, կարող եմ հայտնել հետեւյալ
կարծիքը. ՀՀ տարածքում՝ ընդհանրապես եւ մեկ ձեռնարկության տարածքում՝
մասնավորապես ոչ ոք չի կարող չեղյալ հայտարարել տարրական թվաբանության եւ
ձեւական տրամաբանության օրենքները։