ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կիրակի օրը կայացած արտահերթ նիստում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված` հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ: Հանձնաժողովի մոնիտորինգն արձանագրել է, որ վերջին 2-3 օրերին` գազի գնի սուբսիդավորման դադարեցումից հետո, ավտոգազալցակայաններում գազի գնի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել, նախնական գնահատականով` գազալցակայանների կողմից ձեռք բերված եւ վերջինների կողմից իրացվող գազի գնի անհամարժեք բարձրացում: Հանձնաժողովի կողմից վարույթի հարուցումից հետո հանձնաժողով են դիմել ավտոգազալցակայանների գործունեությամբ զբաղվող 2 տնտեսվարող սուբյեկտ, հայտնելով, որ մայիսի 5-ից իրենց գազալցակայաններում իջեցնում են իրացվող գազի գինը, յուրաքանչյուր խ/մ-ի համար այն սահմանելով 160 դրամ (վարույթը հարուցելուն նախորդող մի քանի օրերին 200 դրամ էր): Իսկ մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է, թե որքանով է գազի գնի թանկացումը չհիմնավորված, նույն գազի գնի բարձրացման պատճառով բազմաթիվ ապրանքներ ու ծառայություններ (տաքսի ծառայություններ, բացառված չէ նաեւ` երթուղային տաքսիներ, բազմաթիվ ապրանքներ) արդեն թանկացել են: Եվ եթե նույնիսկ հանձնաժողովը պարզի, որ գազի գինը բարձրացվել է չհիմնավորված, արդեն իսկ թանկացած ապրանքների ու ծառայությունների արժեքը չի նվազելու: Համենայնդեպս, դա տնտեսագիտության տարրական օրենքներից մեկն է: