Սպասում են հրաշքի

07/05/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կարինեի քայլվածքը թիթեռնիկի թեթեւություն ունի, իսկ մարմինն այնքան ճկուն է, որ յուրաքանչյուր շարժումի հետ պարային մի արտառոց համար է պեղում:

12 տարեկան այս աղջկա մեջ շատ էքսցենտրիկ բան կա, որովհետեւ կարողանում է բառի փոխարեն խոսել մարմնի շարժումներով: Այս դեռահաս աղջիկը հասկանում է նախախնամության վարկածն ու իր ապագայի անորոշությունը, անարդարությունը փորձում է հաղթահարել պարելով: Ասում է, որ իր համար ամենայուրօրինակը շարժումն է, որովհետեւ յուրաքանչյուր շարժում բառից ավելին է, ու շարժումներով կարելի է սահուն արտահայտել մարդու ներաշխարհը: Կարինեի մարմինը պարելիս խոսում է, իսկ հարուստ ու շքեղ մազերն ասես այն երաժշտությունն է, որից ոգեշնչվելով նրա մարմինը թռչում է երկինք: Արտաքուստ ժպտերես ու թեթեւությամբ դժվարություններին վերաբերվող Կարինեն իրականում շատ է վախենում. վախենում է չհասցնել երազանքն իրականություն դարձնել, որովհետեւ երազում է պարուհի դառնալ, աշխարհին զարմացնել, բայց ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը նրա համար այլ բան է հորինել: Երբ խոսում է վախերից` մարմինը քարանում է, ասես ներսի ցավից ոտքերն ու ձեռքերը քարե պատ են դառնում ու ապագայի համար կերտած պարուհու կերպարը դառնում է քարե արձան: «Շատ չեմ կարող պարել: Մեկ-մեկ պատահական գլուխս պտտվում, սիրտս խառնում ու քիչ ա մնում ընկնեմ: Ես էդ ժամանակ շատ եմ վախենում ու մամայիս եմ ուզում»,- դողդողացող ձայնով ասում է նա ու վախեցած աչքերով նայում է մորը: Տիկին Մարիամը բնազդաբար հասկանալով, որ պիտի պաշտպանի աղջկան` սկսում է շոյել ու մխիթարական խոսքեր ասել նրան, ու հետո, երբ Կարինեն նորից սկսում է ժպտալ` մայրը խնդրում է, որ մեզ մենակ թողնի: 3 տարեկանում Կարինեի կանացի օրգաններում բժիշկները չարորակ ուռուցք են հայտնաբերել: Բավականին երկար հետազոտություններից հետո մակերեսային վիրահատություն է կատարվել, որից հետո առանձնապես դրական երեւույթ բժիշկները չեն արձանագրել: «Շատ երկար ու շատ տարբեր հետազոտություններ արեցին, շատ անհասկանալի էր, որ այս փոքրիկ երեխայի մոտ նման դաժան հիվանդություն է: Իրենք ուռուցքի կոնկրետ տեղը չեն հայտնաբերում, արյունահոսությունները շատ էին ու հետն էլ՝ մսակտորներ: Երբ Ռենտգեն ինստիտուտում ուսումնասիրեցին այդ մսակտորները` միանշանակ չարորակ ուռուցք ախտորոշեցին»,- պատմում է Մարիամն` ասելով, որ աղջկա համար հրաշքի է հավատում, այլապես բժիշկներն այս հիվանդության դեմ անզոր են: Վիրահատությունից հետո Կարինեին քիմիաթերապիա են նշանակել: Տիկին Մարիամը, հիշելով իր միայնակ ու անօգնական վիճակը, հուզվելով ասում է` «Ամուսինս վաղուց լքել է մեզ, ես էլ մենակ, երեխայիս առած, ընկել եմ հիվանդանոցի դռները: Ոչ կարողանում էի աշխատել, ոչ էլ կարողանում էի հիվանդանոցային ծախսերի հարցում լուծում գտնել: Շատ, ահավոր դժվար է, դիմում էի Առողջապահության նախարարություն, խնդրում, աղաչում էի, որ անվճար հետազոտեն: Շատ շնորհակալ եմ, երեխայիս անշահախնդիր ձեւով հետազոտում ու ինչ-որ պետքն է` անում էին»,- պատմում է Կարինեի մայրն` ասելով, որ, ըստ բժիշկների` աղջիկը որքան մեծանա, այնքան կկորցնի դիմադրողականությունն ու աստիճանաբար կդառնա անկողնային հիվանդ: Թեեւ բժիշկները Կարինեի կյանքը երկարացնելու համար միայն քիմիաթերապիայի ճանապարհն են ցույց տվել, այդուհանդերձ, այդ ճանապարհով նրա կյանքը փրկելու համար ոչինչ չեն խոստացել: Մարիամն ասում է` հասկանալով, որ Կարինեի կյանքը նույնիսկ քիմիաթերապիայով փրկել հնարավոր չէ, հրաժարվել է դա անել, քանի որ քիմիաթերապիայի հետեւանքներն անդառնալի են: «Ախր ես շփոթության մեջ եմ, երեխային վերցնում, օրերով, ամիսներով հիվանդանոցի դռներում նստում էի, որ մեկն ինձ ուղղություն ցույց տար: Տանում էի քիմիայի, մի օր բժիշկն էր ուշանում, մի օր ասում էր՝ վաղն արի, մյուս օրը նարկոսչիկը չկար, ու տենց չէր ստացվում: Երեւի Աստծո կամքն էր, ու որոշեցի քիմիայի չտանել: Մարդ չկա, որ ինձ ուղղություն ցույց տա, խորհուրդ տա, ես շատ մենակ եմ ու երեխայիս հարցում շփոթվում եմ, չեմ կողմնորոշվում, ելք չկա, չգիտեմ, թե որն է ճիշտ: Մեզ մնում է մենակ հրաշքի հավատալ, երեւի բարին դա էր»,- ասում է տիկին Մարիամը:

Կարինեն արդեն 12 տարեկան է, սակայն հիվանդությունն, այնուամենայնիվ, չի հրաժարվում նրանից: Դպրոցում, դասերի ժամանակ հաճախ գլխապտույտներ, սրտխառնոց ու ուշաթափություն է ունենում: Տիկին Մարիամն այլեւս աղջկան հիվանդանոց չի տանում, որովհետեւ համարում է, որ բժիշկների համար երեխայի հիվանդության պատմությունն առանձնահատուկ մասնագիտական հետաքրքրություն է ներկայացնում, հետեւաբար նրանք էլ իրենց հերթին են ցանկանում էքսպերիմենտներ անել: Ասում է` ինչ-որ «պառավական», դեղաբույսերով բուժումների է տանում, սակայն, թե կոնկրետ որտեղ` չի ցանկանում մանրամասնել: Թեեւ Կարինեն ներկայումս շարժուն եւ կենսունակ է, այնուամենայնիվ, հասունացման շրջանը նրա համար կարող է ճակատագրական լինել: «Քնած վիճակում գլխապտույտներից արթնանում է: Հոդացավեր էլ ունի, ոտքերը քաշվում, ուժեղ ցավեր են սկսվում: Դասարանում ուշաթափություններ է ունենում»,- վստահեցնում է տիկին Մարիամն` ասելով, որ ուռուցքաբան մի մասնագետ կա, ով պարբերաբար այցելում է երեխայի առողջական վիճակին ծանոթանալու համար:

Մայր ու աղջիկ ապրում են Էրեբունի համայնքում գտնվող Նոր Արեշ 35 փողոցի 127 հանրակացարանի նկուղային հարկում, որտեղ երկար մնալու համար առնվազն պետք է հակագազ հագնել: Սարսափելի խոնավ պայմաններից այս սենյակների պատերն անգամ փլվում են: Տիկին Մարիամին վերջերս բարեգործական կազմակերպություններն են շինանյութով օգնել, որպեսզի սենյակն ինչ-որ չափով կարգի բերվի, վերանորոգել են: Այս տարածքի բոլոր բնակիչները կենցաղային նողկալի պայմանների պատճառով տարբեր հիվանդություններ են ձեռք բերում, իսկ տիկին Մարիամի մոտ հայտնաբերվել է զոբ, նյարդային համակարգի խնդիրներ, սրտի արատ եւ այլն: «Իմ մասին մտածելու ժամանակ չունեմ, երեխայիս կյանքը հարցականի տակ է: Դեղերով ապրող մարդիկ ենք, իսկ պայմանները նույնիսկ հեռուստատեսությամբ նկարել, ցույց են տվել. բազմոցը քաշեցինք` բլոճներն ու կռիսները փախան: Մեր սենյակների տակ կոյուղի կա, վարակի բուն է»,- ասում է նա:

1979 թվականից Էլեկտրատեխնիկական գործարանում օպերատոր աշխատած այս կինը բնակարան ստանալու համար հերթագրված է եղել, սակայն գործարանի սնանկացումից հետո նրան տեղավորել են հանրակացարանի այս սենյակում: «Հետո իրենք մեզնից հրաժարվեցին ու էս ժամանակավոր կացարանը դարձավ մեր տունը, սեփականաշնորհեցինք, անտերության մատնված մինչեւ հիմա ապրում ենք»,- պատմում է տիկին Մարիամն` անիծելով իր բախտն ու կյանքը: Հիշում է, երբ Կարինեի հիվանդության մասին բժիշկներն իրեն տեղեկացրել են. «Երեխուս ձեռքը բռնած գնում եմ, ասում եմ` մեզ մոստից գցենք: Ցայտնոտի մեջ էի, անօգնական, շփոթված»: Ներկայումս տիկին Մարիամն աղջկան չի տանում բուժհաստատություն` վստահ լինելով, որ կրկին քիմիաթերապիա են նշանակելու: Կարինեի առողջական վիճակն ինչ-որ չափով կախված է նաեւ սոցիալական պայմաններից, քանի որ օրերով մայր ու աղջիկ ստիպված են լինում քաղցած գիշերել: Հարցնում եմ` «Բա ո՞նց եք ապրում»: Զայրանալով պատասխանում է` «Էդ հարցն ինձ շատ են տալիս, ինքս ինձ էլ եմ ամեն օր էդ հարցը տալիս ու ինչքան էլ մտածում եմ, չեմ գտնում դրա պատասխանը: Ընդամենը շնչում ենք»: Հագուստի հարցում նույնպես օգնում են բարեգործական կազմակերպությունները: Մարիամն ու Կարինեն ապրում են 14.000 դրամ ընտանեկան նպաստով, դրա համար էլ ամիսներով հոսանքազրկված, մթության մեջ են ապրում: 49 տարեկան այս կինը վստահեցնում է, որ աշխատանքի տեղավորման բոլոր հայտարարությունների հետքերով գնում է, սակայն բոլորն էլ 25-30 տարեկան աղջիկներ են պահանջում: Ասում է` մի քանի մասնավոր գործատուներ նույնիսկ անբարո առաջարկներ են արել: «Պատրաստ եմ նույնիսկ հավաքարար աշխատել, հանուն երեխայիս ես դա կանեմ»,- ասում է տիկին Մարիամն ու հիշում է գործարանում աշխատած տարիների ընթացքում ստացած բազմաթիվ պատվոգրերը, շնորհակալագրերն ու պարգեւատրումները, որոնք տրվել են գործարանի լավագույն աշխատողին: