Լեոն Բլուա (1846-1917)

07/05/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Խենթ` կյանքում եւ իր ոճի մեջ, նա Բորխեսին թվում էր Ֆ. Կաֆկայի նախորդներից մեկը, իսկ Ն. Բերդյաեւն իր «Աղքատության ասպետը» էսսեում նրան համեմատում էր Կ. Լեոնտեւի եւ Ֆ. Նիցշեի հետ, եւ գրում էր. «Նա ողբերգական ռեալիստ է: Նա մարգարե է` պամֆլետիստի չարակամ դիմակի ներքո… Լեզվի ուժով, յուրահատկությամբ, սրությամբ, կրքոտությամբ, բնորոշման դիպուկությամբ Լեոն Բլուան բացառիկ, անկրկնելի գրող է»:

2005թ. «Ռուսական ուղի» հրատարակչությունը, Ն. Բերդյաեւի Լ. Բլուային նվիրված էսսե-հետազոտությունից ուղիղ 90 տարի անց, լույս ընծայեց նրա առաջին ընտրանին, որի մեջ մտել են «Աղքատի արյունը», «Ընդհանուր տեղերի մեկնությունը» գրքի մեծ մասը եւ «Նապոլեոնի հոգին» գիրք-պոեմը:

Ն. Բերդյաեւից հետո, ում վերոնշյալ էսսեով էլ բացվում է այս ընտրանին, Լեոն Բլուայի միակ եւ թերուս անսպասելի հիշատակությունը, առաջին բացեիբաց մարտնչող-աթեիստական երկրում, Ի. Էրենբուրգի գրած փոքրիկ մահազդն էր այդ կաթոլիկ միստիկ-մարգարեի մասին:

«Ոչ պաղ, ոչ տաք» ընթերցողին Լ. Բլուան ունակ է շոկի մեջ գցելու առ քաղքենիությունն իր մոլեգին ատելությամբ եւ այն հուսահատությամբ, որի մեջ նա հայտնվում էր այս անաստված աշխարհում Աստծո պարգեւած կյանքով ապրելու անասելի ճիգերից: Պատահական չէ, որ նրա առաջին պատանեկան գիրքը սկսվում է այս խոսքերով. «Մինչեւ վերջ հասած հուսաբեկությունը դառնում է հույս»:

Նրա ընկերներից մեկը` Անրի դե Գրուն ասում էր, որ նա կազմված է մեկ գծից, որով էլ նա գծված է: Եվ այդ գիծը Բացարձակն է:

Ինչպես գրում է Նիկիտա Ստրուվեն գրքի առաջաբանում. «Լ. Բլուայի համար ողջ իրականությունը կեցած էր Բացարձակի նշանի ներքո, երկրի երեսին Աստծո Որդու մարմնավորման նրա բացարձակ հավատի նշանի ներքո, այդ պատճառով էլ, այն, ինչ կյանքում հարաբերական էր, ճղճիմ, մեղսալի, դառնում էր նրա զայրույթի առարկան: Մարգարե-մերկացնող Բլուան նմանվում էր Հին Կտակարանի մարգարեներին, որ անդադրում մեղադրում էին Իսրայելին՝ իր ընտրյալ լինելուն դավաճանելու համար: Հիշեցնելով մարդկանց Բացարձակի մասին՝ Լ. Բլուան անդադար մերկացնում էր ամենքին եւ ամեն ինչ, սկսած իրենից, բայց ամենից շատ՝ Եկեղեցին, որ անարժան է իր ընտրյալությանը, հոգեւորականությունը, որ նսեմացնում եւ ճղճիմացնում է այն, ինչին որ կոչված է»:

Բլուայի չտեսնված լարվածությունը ոճական առումով նրան դարձրեց գրող-նորարար: Իր մերկացնող-միստիկական պաթոսով նա նոր գլուխ բացեց ֆրանսերենի զարգացման մեջ:

Քանի որ իր շատ հատկանիշներով 21-րդ դարի սկիզբը շատ բաներով հիշեցնում է 19-րդ դարի վերջը` խտանում եւ տարածվում է կենաց ճղճիմությունը, կատարելապես թաղվում է մանրապճեղ ու հարաբերական բաների մեջ, եւ այդու բոլոր հիմքերը կան հուսալու, որ Լեոն Բլուայի վեհացնող խոսքը թերեւս փոքր-ինչ կսթափեցնի:

Փոքր-ինչ պատկերացում տալու համար Լ. Բլուայի ոճի եւ մտքի վայրիվերումների մասին, մեջբերենք հատվածներ «Հիսուս Քրիստոս գաղութներում» երկից.

«Տիրուհի,- ասում է Քրիստափոր Կոլումբոսը Իզաբելա թագուհուն Վերդագեի «Ատլանտիդա»-ում,- տվեք ինձ նավեր եւ ես ճիշտ ժամին կվերադարձնեմ դրանք մի ողջ աշխարհով` նավաքարշ շոգենավով»:

Նա ստացավ դրանք` այդ նավակները, որոնց մնացորդները կարելի էր պահել որպես անգին գանձ, քանզի ծառը, որից դրանք սարքել էին` ամենաթանկագինն է երկրի երեսին Տիրոջ Խաչից հետո: Եվ միեւնույն պատճառով: Ինչպես հայտնի է, նա ստացավ դրանք, տասնութ տարի շեմեր մաշելով Եվրոպայի բոլոր ծագերում, սակայն հնդկացիներին իր անասելի հայրական ձեռքերով լոկ կործանում էր տանում:

Նրա գործն ի սկզբանե խեղաթյուրված էր: Նրա լույսը վերածել էին խավարի, եւ դա ի՜նչ խավար էր: Նրա անթիվ զավակների արյունը ծծելով ու հագենալով դրանով, վայրի բորենիներն ու փսխող շները բռերով, հանքափորների բահերով, շերեփներով, ապականության սկահակներով կլլում էին այն, ինչը որ մնացել էր այդ արյունից, եւ հավաքեցին այն ծախու Արդարադատության երկու թասերում, նույնիսկ սուրբ զոհասեղանի գավերում, ոտից գլուխ արատավորելով նրան: Կոլումբոսին, այսինքն՝ հեզաբարո Աղավնուն1 քշեցին դեպի սպանվածների նեխող կույտը, որպեսզի նա ագռավի նման լեշ կտցի: Ընչաքաղցության արյունալի գինարբուքը որոտալից ամպով էր պատել նրա դժնդակ ոգու բարձունքը` դա չտեսնված մենություն էր տառապանքների զառիթափին:

Քրիստափոր Կոլումբոսը պահանջեց, որպեսզի նոր հողերի վրա ոչ մի իսպանացի ոտք չդնի, եթե ջերմեռանդ քրիստոնյա չէ, վկայակոչելով իր ձեռնարկման ճշմարիտ նպատակը` «հավելել եւ փառաբանել քրիստոնեական հավատը»: Դրա փոխարեն՝ նրա մոտ քշեցին բանտարկյալներին եւ թիապարտներին: Դրանք խաբեբաներ էին, երդմնազանցներ, դրամանենգներ, գողեր, կավատներ եւ մարդասպաններ, հենց նրանց հանձնարարեցին Վեստ-Ինդիայում դրսեւորել քրիստոնեական առաքինությունները, իսկ նրան մեղադրեցին բոլոր մահացու մեղքերում, եւ նողկալի խառնամբոխին, որ հավաքել էին նրա համար, թույլատրվեց վկայել իր հոտին պաշտպանել կամեցող հրեշտակային հովվի դեմ, ում գլխավոր հանցագործությունն այն էր, որ նա ոտնձգություն էր արել կողոպուտի եւ սպանդի ազատության դեմ:

Ի վերջո, Կոլումբոսին զրկեցին իր առաքելությունից, հեռացրին դրանից, եւ երկար տարիներ, ոտուձեռքով կապված, նա հետեւում էր իր գործի կործանմանը: Նրա անօրեն եւ ընչաքաղց ժառանգորդները հայրական հոգսը մեկեն փոխարինեցին ստորգետնյա բանտերով, որոնք մահավճիռ դարձան այդ դժբախտ ժողովուրդների համար:

Այդպիսին է Նոր ժամանակների գաղութատիրության արշալույսը: Անցած չորս հարյուրամյակների ընթացքում ոչինչ չփոխվեց: Միակ տարբերությունը, թեպետ բավական զգալի, այն է, որ Նոր Աշխարհի հայտնաբերման դարաշրջանում ապրում էր հրեշտակի պես մեծ մի մարդ, որ զոհաբերվեց անթիվ ստահակների ձեռքից, իսկ նրանից հետո նրանցից բացի ոչ ոք չմնաց:

Օ՜հ, այդ վայրենիների ավետարանականացումը, եկեղեցու առաջընթացն ու ահագնացումը, որի մասին այդքան երազում էր Քրիստափորը: Որքան հեռու ենք մենք դրանից, մենք, որ պարզագույն արդարություն իսկ չունենք, եւ ոչ իսկ պուտ մի կարեկցանք այդ դժբախտների հանդեպ: Անհնար է առանց սահմռկելու խոսել այն մասին, որ հիանալի ամերիկյան ժողովուրդները, որ ներկայացնում էին միլիոնավոր հնդկացիները, հենց Չիլիից մինչեւ Մեքսիկայի հյուսիսը, լիովին կոտորվեցին իսպանացի կոնկիստադորների ձեռքերով հարյուր տարուց էլ պակաս ժամանակաընթացքում: Այդ անզուգական իդեալից վեր չբարձրացան նույնիսկ օրինակելի գաղութատեր անգլիացիները:

******
Գնալով գաղութներ, յուրաքանչյուր քրիստոնյա անպատճառ իր վրա կրում է քրիստոնեության կնիքը: Ուզի թե չուզի, գիտի թե չգիտի, նրա վրա դրոշմված է Փրկչի պատկերը, որ արնաքամվում է ամենայն դժբախտների համար: Նրա, ով մահանում է, իջնում գեհեն, հարություն առնում եւ դատում ապրողներին եւ մեռյալներին: Այդ քրիստոնյան, ինչ էլ որ գործի, նույնպես Քրիստափոր է, այսինքն, Քրիստոսակիր, Կոլումբոսի պես, բայց Քրիստափոր` Մեդուզայի գլխով, սարսափի ոռնոցի, կոտրտվող ձեռքերի Քրիստափորը, եւ նրա Քրիստոսին ճամփամիջին գերեվարել էին դեւերը:

Բարի պատանին, դաստիարակված բարի Հայրերից եւ ամենաբարեպաշտ մտադրություններով լեցուն, բարեպաշտորեն գրկում է մորն ու պարմանի քույրերին հեռավոր երկրներ մեկնելուց առաջ, հեռավոր երկրներ, ուր նրան կթույլատրվի ցեխը կոխել եւ տանջել Աստծո դժբախտ նմանակներին…

Այսպես է շարունակվում 15-րդ դարի հեզաբարո Աղավնու գործը, այդպես մինչ այսօր էլ գաղութներ են տանում աշխարհի Փրկչին:

——————
1 Կոլումբա – լատիներեն` աղավնի: