«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին»,- «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Անջատողական տարածքներում զորախմբերը համալրելու եւ այդ տարածաշրջանների հետ սերտ հարաբերություններ հաստատելու իր որոշումներով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է պատժել Արեւմուտքին Կոսովոյի անկախությունը ճանաչելու եւ ՆԱՏՕ-ի կազմն ընդլայնելու համար: Նրանք (ռուսները) հստակ ասել են այդ մասին… Պուտինը ինձ հետ զրուցելիս վերահաստատել է դա: Սա պատասխան է Կոսովոյի նախադեպին, սա պատասխան է Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դիրքորոշման մերժմանը եւ պատասխան է այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնման ենթադրվող սպառնալիքին»,- ասել է Սահակաշվիլին: «Արեւմուտքը, դեմոկրատական աշխարհը չպետք է աչք փակեն: Որովհետեւ սա լոկ Վրաստանի խնդիրը չէ, խոսքը ավելի խոշոր արժեքների մասին է: Դա նաեւ Եվրոպայի մնացյալ մասերի հիմնարար արժեքներին, սկզբունքներին եւ անվտանգությանն է վերաբերում: Հուսով եմ, որ Եվրամիությունը եւ մյուս կառույցները կստիպեն Ռուսաստանին հրաժարվել այդ վտանգավոր քայլերից: Ռուսական բանակի ստորաբաժանումները խաղաղապահ ուժերի անվան տակ շարունակում են մտնել Վրաստանի տարածք` չնայած մեր կառավարության խիստ առարկությանը: Որեւէ երկիր իրավունք չունի խաղաղապահ ուժեր մտցնել այլ երկրի տարածք, եթե այդ երկիրը համաձայն չէ»: Ըստ Սահակաշվիլիի, զարգացումների նման ընթացքի դեպքում, «հնարավոր է՝ այս ամենը վերածվի ռուսական զորքերի կողմից Վրաստանի անբաժան մասը համարվող տարածքի ապօրինի գրավման»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Աբխազիայում խաղաղապահ զորախմբերի թիվը երկու հազարից հասցրել է երեք հազարի` պնդելով, թե Վրաստանը Աբխազիայում ռազմական գործողություն է նախապատրաստում: