Ովքե՞ր են մերօրյա ղեկավարները

13/05/2005

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման 6 տարվա ընթացքում
հեռուստադիտողներին քանիցս ապշեցրել է պաշտոնյային ոչ վայել իր
արտահայտություններով: Այսպես, իր հերթական ասուլիսում քաղաքապետը
ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի
նախագահ Արամ Նազարյանի մասին արհամարհանքով ասաց. «Նազարյան արամները
ո՞րտեղ էի՜ն…»: Քաղաքապետի վրդովմունքն էր հարուցել այն, որ վանաձորյան
նկարիչների միությունը (եւ ոչ թե՝ միայն Ա.Նազարյանը) դատապարտել էր
«Արցախ» պուրակում կինոթատրոնի կառուցման առթիվ տեղական իշխանությունների
մտադրությունը: Ենթադրվում է, թե քաղաքապետը նաեւ չէր մոռացել այն, որ Ա.
Նազարյանը հանրապետական մամուլի միջոցով իր վրդովմունքն էր հայտնել
տեղական իշխանությունների թողտվության արդյունքում մի հանրահայտ
գեղաքանդակի ոչնչացման առնչությամբ, որ դեռեւս խորհրդային տարիներին
կերտել էին Վանաձորի նկարիչները՝ «Երեւան» կինոթատրոնի մոտ գտնվող
ստորգետնյա անցուղում: Մեկ տարի առաջ էլ քաղաքապետը հեռուստաէկրանից
«ոչնչություն» անվանեց հասարակական կազմակերպության մի ղեկավարի` այն բանի
համար, որ նա քաղաքապետարանը համարել էր «կոռումպացված կառույց»: