Նոր կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո իշխանական թեւում գրեթե բոլորը վերամբարձ տոնով խոսում են բարեփոխումներ իրականացնելու մասին` դրանք ներկայացնելով՝ որպես ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը հաղթահարելու եւ իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահությունը փարատելու լավագույն ճանապարհ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, գտնում է, որ բարեփոխումներից առաջ իշխանություններն ունեն լեգիտիմության վերականգնման խնդիր: «Դատելով նրանից, թե ինչպես անցան նախագահական ընտրությունները ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական զարգացումների առումով, տեղի ունեցավ իշխանության ապալեգիտիմացում: Այս իմաստով իրավիճակը նման է 1996-ին: Որովհետեւ, երբ ընտրական զարգացումների արդյունքում իշխանությունը հարկադրված է լինում դիմել ուժի կիրառման, դա, այսպես թե այնպես, ինչ-որ չափով ապալեգիտիմացնում է նրան, եթե անգամ ուժի կիրառումը նույն իշխանության համար արդյունավետ է եղել: Ամեն դեպքում ոստիկանական-ուժային գործողությունների, որպես կանոն, դիմում է թույլ իշխանությունը: Ուժեղ իշխանությունը դրա կարիքն ուղղակի չունի, որովհետեւ հասարակության մեծամասնության վստահության հետ կապված խնդիր չկա»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Իսկանդարյանը: