«Հայկական Ժամանակը» բազմիցս գրել է, որ ճշտված տեղեկություններով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եղել է ՊԱԿ-ի գործակալ: Թերթը հրապարակել է նաեւ նրա ծածկանունը` Տիգրանյան: Երեկ հրավիրված ասուլիսում մեր թղթակիցը Ռ. Մարտիրոսյանից փորձել է ճշտել` արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ի պատասխան՝ վերջինս ոչ թե փորձել է հերքել` իր ՊԱԿ-ի գործակալ լինելը, այլ դրա հետ չառնչվող ինչ-որ բաներ է ասել «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մասին: «Պարզապես մի բան կասեմ, որը դուք պիտի իմանայիք ու այդ հարցն ինձ չտայիք: Նիկոլ Փաշինյանը ժամանակին ԵՊՀ-ից հեռացվել է իմ հրամանով: Եվ 14 տարի է` նա իմ հասցեին ինչ կեղտ ասես, մտածում է: Վերջացավ, միայն այդքանը»,- ասել է ԵՊՀ նախկին ռեկտորը: Այդ դեպքում չի՞ պատրաստվում արդյոք Ռ. Մարտիրոսյանը պաշտպանել իր պատիվն ու հեղինակությունը: «Բոլորովին»,- ասել է նա` ըստ էության խնդրո առարկային` իր` ՊԱԿ-ի գործակալ լինելու մասին տեղեկատվությանը որեւէ հոդաբաշխ հերքում չներկայացնելով: