«Ֆորպոստի» հերթական նվերը

05/05/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ապրիլի 22-ին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության միջեւ պայմանագիր կնքվեց համատեղ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին:

Նոր ընկերությունը Հայաստանի տարածքում պետք է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնի` պարզելու համար, թե որքան են մեր երկրի ուրանի պաշարները: Ուսումնասիրությունները նախ կատարվելու են Սյունիքի մարզում, քանի որ դեռեւս խորհրդային տարիներին կատարված հետազոտությունների արդյունքով այնտեղ առկա ուրանի հանքային պաշարները գնահատվում են մոտ 30.000 տոննա: Եվ ահա ՀՀ իշխանություններն անցած տարվանից որոշել են մեր ռազմավարական գործընկերոջ օգնությամբ ճշտել այդ նախնական տվյալները, իսկ հաստատվելու դեպքում` շահագործել ուրանի հանքը: Բնականաբար, կրկին մեր ռազմավարական գործընկերոջ «օգնությամբ»: Թեեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, թե Հայաստանը լինելու է նորաստեղծ ձեռնարկության 50 տոկոսի բաժնետերը, սակայն չի բացառվում, որ հանքը շահագործելու ընթացքում կամ մինչ այդ հայկական բաժնեմասը պակասի: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ «ՀայՌուսգազարդ» համատեղ ընկերության դեպքում, որտեղ ՀՀ կառավարության բաժինը երկու տարվա ընթացքում 45-ից հասավ 22,7 տոկոսի: Այսինքն` չափազանց մեծ է հավանականությունը, որ ուսումնասիրությունների դրական արդյունքի դեպքում ուրանի արդյունահանման գործընթացը կվերահսկի ռուսական կողմը: Բնականաբար, դա ոչ միայն եւ ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նշանակության հարց է: Ինչպե՞ս կարող է Ռուսաստանն իր «ֆորպոստի» վերահսկողությանը թողնել ուրանի արդյունահանումը, որը կարող է աշխարհաքաղաքական գործոն դառնալ: Իսկ ուրանի ինչպիսի՞ պաշարների մասին է խոսքը. եւ նախնական հաշվարկներով որքան են գնահատվում նույն Սյունիքի հանքի պաշարները: «Խորհրդային տարիներին կատարած ուսումնասիրության նախնական արդյունքներով` մոտ 10.000 տոննա»,- ասում է բնապահպանության նախարարը: Իսկ անցած տարի ապրիլին «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն եւ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն այս նույն հանքը համատեղ ուսումնասիրելու, արդյունահանելու եւ վերամշակելու մասին արձանագրություն ստորագրելիս հայտարարել էին, թե Սյունիքի ուրանի հանքային պաշարները կազմում են շուրջ 30.000 տոննա: Ա.Հարությունյանից փորձեցինք ճշտել, թե որքա՞ն է գնահատվում ուրանը դրամական արտահայտությամբ: «Ես չգիտեմ, դա ինձ չի հետաքրքրում»,- պատասխանեց բնապահպանության նախարարը: Իհարկե, միամիտ կլինի կարծել, թե իսկապես Հայաստանի իշխանությունները չգիտեն` որքան է ուրանի գինը, կամ մոտավորապես ընդհանուր առմամբ ինչ արժեք ունի Սյունիքի հանքը: Ստացում է, որ հայաստանի իշխանությունները Ռուսաստանին հանքանյութի ուսումնասիրությամբ ու արդյունահանմամբ զբաղվելու համար ստեղծվող ընկերությունում խոշոր բաժնեմաս են տալիս, չիմանալով (կամ ձեւացնելով, թե չգիտեն) դրա արժեքն ու նշանակությունը: Եվ այդքանից հետո Արամ Հարությունյանը հայտարարում է. «Ես գիտեմ, որ եթե Հայաստանն ուրան արդյունահանի, ապա, դա մեծ ճեղքում կմտցնի մեր տնտեսության մեջ, ավելի մեծ ճեղքում, քան կարող է նավթն անել»:

Անցած տարի Ս.Կիրիենկոն հայտարարել էր, որ նոր հետազոտություն իրականացնելուց հետո ուրանի պաշարների ծավալը կարող է ավելանալ մինչեւ 2 անգամ: Առանց հիմքեր ունենալու, հազիվ թե «Ռոսատոմի» ղեկավարը նման հայտարարություն աներ: Նշենք նաեւ, որ այն ժամանակ Վարդան Այվազյանն էլ հայտարարել էր, որ 1 կգ ուրանն արժե մոտ 140 դոլար: Դա նշանակում է, որ Սյունիքի հանքի շահագործման արդյունքում կարող է ստացվել առնվազն մի քանի միլիարդ դոլարի եկամուտ: Իսկ Հայաստանի համար ուրանի նշանակությունն ավելի պատկերավոր դարձնելու համար բավական է նշել, որ Հայաստանի ատոմակայանն աշխատեցնելու եւ արտադրվող էներգիայի 40 տոկոսն ապահովելու համար անհրաժեշտ է տարեկան մոտ 150 տոննա միջուկային վառելիք: Իսկ միջուկային վառելիքը ստացվում է ուրանի հարստացումից, եւ մեր երկիրը դա ներկրում է նույն Ռուսաստանից: Ավելին, մի քանի տարի առաջ այդ նույն ռազմավարական գործընկերը Հայաստանին չներեց ունեցած 100 մլն դոլար պարտքը եւ դրա փոխարեն վերցրեց մի քանի խոշոր գործարաններ: Այդ պարտքը գոյացել էր Հայաստանի ատոմակայանի համար միջուկային վառելիք տրամադրելու արդյունքում: Եվ ահա մեր իշխանությունները Հայաստանի ուրանի հանքերն ըստ էության տրամադրում են Ռուսաստանին, որպեսզի դրանից հարստացված միջուկային վառելիքը գնեն ատոմակայանն աշխատեցնելու համար: Բացի այդ, հայտնի է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր ատոմակայան կառուցել, սակայն մեր իշխանությունները դրա համար ոչ մի կերպ չեն կարողանում միջոցներ գտնել: Իսկ մի գրչի հարվածով պատրաստվում են հանքեր տալ ռուսներին:

Երեք տարի առաջ Սյունիքում մեկնարկեց 90 կմ երկարություն ունեցող Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի կառուցումը, որի դեմ բավականին մեծ աղմուկ բարձրացրին բնապահպանները: Ճանապարհը պետք է անցներ հայտնի Շիկահողի արգելոցով եւ մեծ վնասներ հասցներ արգելոցին: Բնապահպանական կազմակերպությունների դժգոհություններից հետո, իհարկե, ճանապարհի ուղղությունը փոխեցին, բայց, այնուամենայնիվ, արգելոցին վնաս հասցվեց: Իսկ այսօր արդեն ուրանի հանքավայրի շահագործման հեռանկարը հաշվի առնելով՝ փորձագետներն այս երկու նախագծերի միջեւ կապ են տեսնում: Այսինքն` ըստ այդ կարծիքի, 90 կիլոմետրանոց այս նոր ճանապարհը կառուցվել է հենց ուրանի հանքի համար: Հիշեցնենք, որ այդ երկար ճանապարհը կառուցելու համար բյուջեից հատկացվել է 15,2 մլրդ դրամ: Նշենք նաեւ, որ այն ժամանակ նախկին այդ ճանապարհի կառուցման անհրաժեշտության մասին անընդհատ խոսում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք նաեւ, որ Սյունիքի այդ փոքր տարածքում շահագործվում են մի քանի այլ հանքեր եւս, այդ թվում՝ նաեւ Պղնձամոլիբդենային հանքավայրը: Ըստ բնապահպանների, մթնոլորտային վիճակն այնտեղ արդեն շատ լուրջ վտանգված է: «Ես չեմ հասկանում, թե մեր իշխանություններն ինչ են անում. մի կողմից՝ ուզում են գյուղատնտեսությունն ու տուրիզմը զարգացնել, Հայաստանը դարձնել առողջապահական տարածաշրջանային կենտրոն, ինչի հնարավորությունը, կարծում եմ` ունենք, մյուս կողմից էլ Հայաստանի վարչապետն իր ծրագրի առաջնահերթություններից է համարում հանքարդյունաբերությունը: Ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս է հնարավոր այս առաջնահերթությունները զուգակցել հատկապես այն դեպքում, երբ մեր երկրի բնապահպանական վիճակը հյուսիսից հարավ վտանգված է: Հյուսիսում ուզում են Թեղուտի անտառները ոչնչացնել եւ բաց վիճակով հանք շահագործել, եւ ավելի անմխիթար վիճակ է Սյունիքում: Սա նշանակում է, որ Հայաստանը վերջացավ»,- ասում է բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: