Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո երեկ տեղի ունեցավ համաժողովրդական շարժման առաջին միջոցառումը` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջին կոնգրեսը, որը թվով երկրորդն էր ՀՀ առաջին նախագահի ակտիվ քաղաքականություն վերադառնալուց ի վեր: Կառավարության Նիստերի դահլիճում շուրջ 4 ժամ տեւած կոնգրեսի ժամանակ ելույթ ունեցան Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Եվ քանի որ մարտի 1-ից հետո Երեւանի քաղաքապետարանը մերժել էր հանրահավաքներ անցկացնելու ընդդիմության բոլոր դիմումները` արգելելով, եւ ժողովուրդը ստիպված էր հրաժարվել ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումից, երեկ կառավարության Նիստերի դահլիճում նախ հնչեցրին Ազատության հրապարակում ամիսներ շարունակ հնչող ժողովրդական շարժման օրհներգը` «Ձոն Ցնծության», այնուհետեւ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Հնչած գրեթե բոլոր ելույթները նույնպես վերաբերում էին մարտի 1-ի իրադարձություներին: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով առաջինը բարձրացավ ամբիոն, հայտարարեց, որ մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչներն իշխանություններն են: «Իրականության հետ որեւէ առնչություն չունեն այն պնդումները, թե իբր ընդդիմությունը նախապես ծրագրել էր ապակայունացնել իրավիճակը երկրում: Հանրահավաքների իրական «կազմակերպիչն» իշխանությունն է, որը չկարողացավ ապահովել նորմալ ընտրական գործընթաց: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ չէին լինի, եթե զանգվածաբար չոտնահարվեր մեր քաղաքացիների ընտրական իրավունքն ու չվիրավորվեր նրա արժանապատվությունը»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը` ավելացնելով, որ այդ հանրահավաքներն, ըստ էության, հասարակության կողմից վարչակազմի գործունեությանը տրված գնահատական էր: «Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, մենք գնահատում ենք որպես ժողովրդի դեմ կատարած հանցագործություն, հետեւաբար սպանության ամեն մի դեպք պետք է դառնա հետաքննության առարկա»,- ասաց նա: ՀԺԿ նախագահի հավաստմամբ` իշխանությունների կողմից շարունակ բարձրացվող երկխոսությունը կարող է կայանալ միայն այն պարագայում, երբ կկատարվեն ԵԽ ԽՎ բանաձեւում ամրագրված բոլոր առաջարկները: «Այսօր շատ է խոսվում ճգնաժամի հաղթահարման մասին: ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջները համահունչ են մեր պահանջներին, եւ միայն դրանք կատարվելուց հետո կարող ենք խոսել ճգնաժամի հաղթահարման մասին»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը` թվարկելով բանաձեւի առաջարկ-պահանջարկները: Չնայած սրան, Ս. Դեմիրճյանը համոզված է, որ ոչ մի «բանաձեւ արդյունք չի տա, եթե հասարակությունը պահանջատեր չլինի», իսկ իշխանություններն էլ պետք է գիտակցեն, որ իմիտացիոն բնույթի քայլերով հնարավոր չէ հաղթահարել առկա ճգնաժամը: «Անհրաժեշտ են արմատական գործողություններ»,- ասաց ՀԺԿ նախագահը` հավելելով, որ դա հնարավոր է միայն ազատ, արդար նոր համապետական ընտրություններով: ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Սարգսյանի խոսքերով` անցած յոթ ամիսների ընթացքում (երբ Լ. Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն) առավելագույնս հստակեցվել է քաղաքական դաշտը, մի կողմում դնելով «հանցավոր վարչախմբին» սպասարկող ուժերին, իսկ մյուս կողմում` երկրի ու ժողովրդի խնդիրներով մտահոգ ուժերին: Ա. Սարգսյանի հավաստմամբ` Լ. Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմակիցներին հաջողվեց կարճ ժամանակում իրական հեղափոխություն եւ բեկում մտցնել ժողովրդի գիտակցության մեջ: «Ոչ ոք չի կասկածում` Լ. Տեր-Պետրոսյանի օգտին ֆիզիկապես քվեարկել է առնվազն 65 տոկոսը»,- հայտարարեց Ա. Սարգսյանը` նշելով, որ ընտրություններին հաջորդած 9 օրերի հանրահավաքների եւ նստացույցերի «նմանը չէր եղել անգամ 1988թ.»:
Դահլիճը բուռն արձագանքեց նաեւ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին, ում ներկայացնելիս հավաքը վարող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «ղարաբաղյան վիկինգները նորից պրոբլեմ կունենան»: Դ. Հակոբյանի գնահատմամբ` այսօրվա ժողովուրդը տոգորված է «հոկտեմբերյան հեղափոխության ոգով». «Օռլյատա»,- դիմելով շարժման ակտիվիստներին, ասաց թիվ 1 մարքսիստը` խորհուրդ տալով նրանց դատել «սառը գլխով, բայց տաք սրտով»: Դավիթ Հակոբյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքն «ինֆանտիլ պառլամենտի լուծարումն է»: Նա այս հորդորով դիմեց նաեւ Սերժ Սարգսյանին` կոչ անելով նրան՝ ձերբազատվել նման խորհրդարանից, իսկ համաժողովրդական շարժման կազմակերպիչներին խորհուրդ տվեց՝ նախ «գրավել մեր բաստիլը», այսինքն` Ազգային ժողովը, հետո մտածել մյուս քայլերի մասին: «Մեր գլխավոր ճակատամարտը պետք է լինի այստեղ: Ամեն գնով լուծարել պառլամենտը, պառլամենտի լուծարումը կլինի մեր պետության Բաստիլի գրավումը»,- հայտարարեց նա: «Ժառանգությունից» կոնգրեսին ներկա էր միայն ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Իսկ թե այս անգամ որտեղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը` անհայտ մնաց: