Զամբյուղի չափը հայտնի չէ

13/05/2005

Կենսապահովման նվազագույն զամբյուղի չափի եւ արժեքի որոշումը Աշխատանքի եւ
սոցիալական հարցերի նախարարության եւ Ֆինանսների նախարարության համար
վերածվել է խնդրի: Գերատեսչությունները մեկը մյուսին փորձում են համոզել,
որ դա հենց իրենց լուծելիք խնդիրն է: Պատճառն այն է, որ կենսապահովման
նվազագույն զամբյուղի մասին օրենքում նշված է հետեւյալ տողը՝ «Պարենային
զամբյուղը հաշվարկվում է միջազգայնորեն ընդունված նորմատիվներին
համապատասխան», բայց նման նորմատիվներ աշխարհում գոյություն չունեն:
Այսինքն, պարենային հաշվարկի հիմքում ընկած չափորոշիչ գոյություն չունի:
Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝
Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Վահան Սիմոնյանը: «Նախ պետք է
փոփոխություն մտցվի օրենքի մեջ եւ փոխվի «միջազգայնորեն ընդունված
նորմատիվներ» տերմինը կամ Կառավարության կողմից սահմանված կարգով
Առողջապահության նախարարությունը ներկայացնի կարգ, որով կնախանշվեն
պարենային զամբյուղի հաշվարկման սկզբունքները»,- պարզաբանեց Վ. Սիմոնյանը: