Փոխկապակցված խնդիրների «թնջուկը»

05/05/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Նախագահական նախընտրական արշավի ողջ ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթների հիմնական թեմաներից մեկը` ուժեղ եւ անկախ, ինչպես արտաքին աշխարհի համար, այնպես էլ երկրի ներսում անխոցելի հանրապետության նախագահ ունենալու գաղափարն էր: Հայաստանի առջեւ ծառացող լուրջ արտաքին եւ ներքին մարտահրավերների մասին հստակ պատկերացումներ ունեցող այդ ժամանակվա ՀՀ վարչապետի համար ՀՀ ապագա նախագահի լիգիտիմության առավելագույն մակարդակի ապահովման գերխնդիրը, ըստ ամենայնի, առաջնային նշանակություն ուներ: Եվ թվում էր, որ նրա քաղաքական թիմի գործունեությունը նպատակաուղղված պետք է լիներ նախ եւ առաջ այս խնդրի լուծմանը, բայց, ինչպես հայտնի է, ընտրական եւ հետընտրական զարգացումներն ընթացան տրամագծորեն այլ սցենարներով: Արդյունքում, ընտրություններից հետո նոր վարչախումբը այնպիսի մի իրավիճակում հայտնվեց, երբ ցանկացած քայլ կատարելիս նա ստիպված է դրանք հավասարապես «մարսելի» դարձնել թե՛ ներքին ու թե՛ արտաքին «սպառողի» համար: Ընդ որում, բավական լուրջ «ցայտնոտի» պայմաններում, երբ չսխալվելը սովորաբար մեծ ճկունություն եւ վարպետություն է պահանջում (նույնիսկ Շախմատի ֆեդերացիայի նախագահներից) եւ, իհարկե, ամուր «թիկունքներ»:

Երկրում ստեղծված հետընտրական բարոյահոգեբանական մթնոլորտը, ներքաղաքական ու արտաքին քաղաքական լարված իրողություններն ակնհայտորեն կանխորոշում են նաեւ կադրային նոր նշանակումների տրամաբանությունը: Ելնելով վերոհիշատակված գործոններից՝ Սերժ Սարգսյանն իր կադրային քաղաքականությունն իրականացնելուց այժմ ստիպված է լուծումներ գտնել մի շարք` առաջին հայացքից իրարից անկախ, սակայն իրականում բավական փոխկապակցված համակարգային եւ այսօրվա իրավիճակից բխող խնդիրներին: Առանձնացնենք դրանցից մի քանիսը. ա) իշխանական համակարգի առանցքային պաշտոններից պետք է հեռացվեն կամ առնվազն բողոքական ընտրազանգվածի «աչքից հեռու» պահվեն հասարակության լայն շրջանակների համար անընդունելի եւ խիստ վարկաբեկված «օդիոզ» դեմքերը, բ) կադրային փոփոխություններն այնքան ճկուն պետք է իրականացվեն, որպեսզի «երկրորդ պլան» մղված «նախկին յուրայինների» թիկունքում կանգնած ազդեցիկ ֆինանսատնտեսական, քաղաքական, իսկ ոմանց պարագայում՝ նաեւ քրեական խմբավորումները ու կլանները չվերածվեն նոր վարչախմբի բացահայտ կամ քողարկված հակառակորդների, գ) վարչախումբ ներգրավված նոր` համեմատաբար «մաքուր» պաշտոնյաները պետք է ապահովված լինեն ոչ թե ֆորմալ, այլ իրական կառավարման ռեսուրսներով, ինչը թույլ կտա ոչ միայն արդյունավետ կազմակերպել պետական կառավարման համակարգի աշխատանքները, այլեւ անհրաժեշտության դեպքում դիմակայել «հեռացվածների» հնարավոր դժգոհությունների դրսեւորումներին, դ) հնարավորություն չունենալով կադրային որոշումներում շրջանցել կոալիցիոն քառակողմ համաձայնագրից բխող պարտավորությունները, անհրաժեշտ է փորձել հնարավորինս չեզոքացնել պարտադրված «անհաջող» կադրերի գործոնը (միայն ՕԵԿ-ի կադրերն իրենց ղեկավարի գլխավորությամբ բավարար են, որպեսզի վարկաբեկեն ցանկացած իշխանություն), ե) նոր վարչախմբի կադրային որոշումներում պարտադիր պետք է հաշվի առնվեն աշխարհաքաղաքական տարբեր բեւեռների հետաքրքրությունները:

Նկատենք, որ վերոնշյալ խնդիրները այս կամ այն չափով արդեն իսկ օրակարգային են դարձել, եւ նույնիսկ արդեն կարելի է որոշակի միտումներ արձանագրել:

Կառավարության նոր կազմի հրապարակումից հետո հասկանալի դարձավ, թե հասարակության համար ինչ «անակնկալների» մասին էր ակնարկում Սերժ Սարգսյանը: Նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ գլխավոր մաքսավոր Արմեն Ավետիսյանի, Հովիկ Աբրահամյանի զբաղեցրած պաշտոնների փոփոխությունները ցույց տվեցին, որ նոր նախագահն ընտրել է ոչ «պոպուլյար պաշտոնյաներին» հասարակության ուշադրության կենտրոնից հեռացնելու ճանապարհը: Բացի այդ, այսպես ասած՝ «հընթացս», նոր նախագահը «չինովնիկական ապարատին» եւ տնտեսաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին հստակ հասկացնել տվեց, թե ով է այսուհետ «տան տերը»: «Ըմբոստ ժողովրդին» նոր վարչախմբի «նոր կուրսի» մասին ազդարարելու նպատակն էր հետապնդում Սերժ Սարգսյանի` մեծ աղմուկ հանած եւ որոշակի տպավորություն թողած կոշտ ելույթը Մաքսային կոմիտեի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Բայց եթե «օդիոզ» դեմքերին «աչքից հեռու» պահելու մարտավարական խնդիրը որոշակի հաջողությամբ ի կատար է ածվում, ապա այդ գործելաոճից տուժված, այսպես կոչված, «աբիժնիկների» դժգոհությունների «դեմն առնելը» կարծես միշտ չէ, որ ստացվում է: Այսպես, վերոնշյալ կադրային փոփոխություններից եւ որոշ թաղապետերի հետագա «տխուր» ճակատագրի շուրջ տարածվող խոսակցությունների ֆոնին` նորընտիր նախագահի մասնակցությամբ օրերս կայացած հանրապետականների ակտիվի բազմամարդ ճաշկերույթն, ըստ ականատեսների, բավականին լարված մթնոլորտում է անցել: Ընդ որում, դժգոհել են ոչ միայն «երկրորդ սերնդի կադրային բարեփոխումների» անմիջական «զոհերը» եւ նրանց աջակցող ֆինանսատնտեսական շրջանակները, այլեւ հանրապետական կուսակցության հին եւ նոր «գվարդիան»: Վերջիններս տարակուսում են, որ իրենց կուսակցապետի կողմից իրականացվող կադրային թարմացումները, փաստորեն, իրականացվում են միմիայն «բազմաչարչար» հանրապետականների հաշվին: Ի դեպ, հատկանշական է նաեւ, որ իրենց պաշտոններից զրկվեցին նաեւ Անդրանիկ Մարգարյանի հավատարիմ զինակիցները` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, որի հաստիքը կառավարության նոր կառուցվածքում այլեւս առհասարակ չկա, եւ առայժմ մշուշոտ հեռանկարներ ունեցող ֆինանսների էքս-նախարար, Վարդան Խաչատրյանը: Բնականաբար, դժգոհության համար հավերժ թեմա է մնում նաեւ «Օրինաց երկրի» հետ, որպես հավասարը հավասարի հետ համագործակցելու իրավիճակային պարտադրանքը: Ինչեւէ, կարող ենք արձանագրել, որ հնչած բողոքները եւ գործադրված ներկուսակցական ճնշումները, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն են սկսում թողնել Սերժ Սարգսյանի վրա: Դրա վկայությունն է վերջինիս բավականին մեղմ եւ որոշ չափով արդարանալու միտումներ ունեցող ելույթը Հարկային ծառայության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Այս ամենով հանդերձ, արձանագրենք, որ Հարկայինը նույնպես զերծ չմնաց բավականին լուրջ կադրային փոփոխությունից: Հետաքրքրական է, որ Հարկային ծառայության պետի առաջին տեղակալ նշանակված, ֆինանսատնտեսական շրջանակներում հեղինակություն վայելող Ահարոն Չիլինգարյանին համակարգին ներկայացրեց անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա աննախադեպ երեւույթ է, քանի որ սովորաբար նախագահի կամ վարչապետի մակարդակով գերատեսչություններին ներկայացվում են միմիայն դրանց նորանշանակ ղեկավարները: Չի բացառվում, որ սրանով նաեւ սկիզբ է դրվում Տիգրան Սարգսյանի սեփական կադրային բուրգի ձեւավորմանը, քանի որ միայն պարտադրված կոալիցիոն կադրերով աշխատելու հեռանկարները դժվար թե բավարարեն բավականին մեծ հավակնություններ ունեցող վարչապետին: Մինչդեռ այսօր իրողությունն այն է, որ իշխանական համակարգում, ըստ էության, որեւէ քաղաքական հենարան չունեցող վարչապետը ստիպված է ապավինել միմիայն Սերժ Սարգսյանի եւ, ինչպես մամուլն է պնդում, նրա մերձավորագույն ֆինանսաօլիգարխիկ որոշ շրջանակների աջակցությանը: Եվ չնայած նման թիկունք ունենալն այսօրվա հետընտրական իրողություններում անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է, այնուամենայնիվ, դա էլ բավարարեց, որպեսզի նորանշանակ վարչապետն «այնքան դուխ» ունենա, որպեսզի կառավարության «ավտարիտետներին» հրապարակավ խաղի նոր կանոններ թելադրի` ակնարկելով, որ ամենեւին էլ մտադրություն չունի աշխատել «տգետների» եւ «անդաստիարակների» հետ:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի կողմից շտապ կերպով ձեւավորվող սեփական հենարանին, ապա ամենաբարձրաստիճան պաշտոնյաների շարքում առայժմ հստակ կարելի է նշել նրա թիմի միայն երկու անդամներին` Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին եւ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին: Երկուսն էլ որակյալ կրթություն ստացած ու արտասահմաններում բազմիցս վերապատրաստված երիտասարդ ֆինանսիստների եւ տնտեսագետների սերունդն են ներկայացնում: Ամենայն հավանականությամբ, այս անկուսակցական «լիբերալներն են» ստանձնելու «երկրորդ սերնդի բարեփոխումների» ռազմավարության եւ մարտավարության մշակման եւ դրանք կյանքի կոչելու գործը: Միեւնույն ժամանակ, «Տիգրան Սարգսյան-Ներսես Երիցյան-Տիգրան Դավթյան» արեւմտամետների համբավ ունեցող եռյակն այս պահին մի այլ ոչ պակաս առաքելություն էլ ունի` Արեւմուտքի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ այսօր առկա «սառը» հարաբերությունները մեղմացնելու եւ ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու գերխնդիրը: Պատահական չէ, որ Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու պարագայում առաջնային նշանակություն էր տրվում ոչ թե նոր վարչապետի, ասենք, «մեծ ժողովրդականությանը» կամ «անբիծ կենսագրությանը», այլ նրա գործնական եւ անձնական հարաբերություններին միջազգային ֆինանսատնտեսական եւ որոշ չափով՝ նաեւ քաղաքական կառույցների հետ: Ներսես Երիցյանն, իր հերթին, ոչ միայն ՀՀ Կենտրոնական բանկի աճեցրած կադրն է (ասում են, որ նրան նույնիսկ հատուկ պատրաստում էին հետագայում ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար), այլեւ Միջազգային արժութային հիմնադրամի համար հայաստանյան թերեւս ամենավստահելի պաշտոնյան է: Հիշենք, որ մոտ 2 տարի ՀՀ Էկոնոմիկայի ներկայիս նախարարը հանդիսանում էր Միջազգային արժութային հիմնադրամի հոլանդական խմբի տնօրենի խորհրդականը: Միջազգային ֆինանսական կառույցների համար բավականին ընկալելի գործիչ է նաեւ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանը: Առանձնապես սերտ են նրա գործնական եւ անձնական կապերը Համաշխարհային բանկի կառույցների հետ: Հավանաբար կառավարության այս «արեւմտյան» բլոկը գոնե որոշ չափով կառավարությունում պետք է հավասարակշռի հիմնականում ռուս-իրանական (մասամբ էլ՝ ֆրանսիական, մասնավորապես` ի դեմս ՀՀ ԱԳՆ նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանի) աշխարհաքաղաքական հետաքրքրությունները «սպասարկող» բլոկը` հիմնականում ի դեմս ուժային կառույցների, Էներգետիկայի եւ բնական պաշարների գերատեսչության եւ Արտգործնախարարության: Այս առումով, կարծում ենք, անհիմն չեն շրջանառվող լուրերը, որ որոշ պաշտոններին նշանակումների շուրջ ակտիվ լոբբիստական գործունեություն էին ծավալել ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերը, այլեւ աշխարհաքաղաքական որոշ շահագրգիռ կենտրոնները: Ինչեւէ, կառավարության կազմի «կոմպլեմենտար» ձեւավորման արդյունքը եղավ այն, որ փաստացի վերադարձ կատարվեց 90-ականների` հետխորհրդային որոշ երկրներում (այդ թվում եւ՝ Հայաստանում) կիրառվող կառավարման, այսպես կոչվող, աշխարհաքաղաքական «կոմպլեմենտար» սխեմային, այն է` «բարեփոխումներն ու ֆինանսները` Արեւմուտքից, քաղաքական եւ ռազմական ռեսուրսները` Ռուսաստանից»:

Սակայն այսօրվա իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր դատողությունները կարող են պարզապես ժամանակավրեպ եւ անիմաստ լինել, եթե Սերժ Սարգսյանի թիմին չհաջողվի շատ արագ քանդել իշխանության եւ հասարակության միջեւ եղած «անվստահության պատը»: Այլապես իշխանության կողմից նախաձեռնած ցանկացած քիչ թե շատ ընդունելի գործողություններ ընդամենը կարող են ընկալվել որպես հետընտրական իրավիճակով, ընդդիմության գործողություններով եւ միջազգային կառույցների կողմից ընդունված բանաձեւերով պարտադրված «պոպուլիստական» քայլեր: