Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ հստակեցվեց, որ շարժման առանցքային նպատակներից մեկը նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն այդ նպատակի իրականացման համար որոշ ժամանակ է պահանջվում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ գործող իշխանությունների համար եթե ժամանակից շուտ աշխատանքը դադարեցնելու սպառնալիք լինի էլ, ապա այն տեղի կունենա ամենեւին ոչ ժողովրդական ալիքի ուժով կամ պարտադրանքով:
Նման գործնական հնարավորություն` անկախ որեւէ կողմի մեծ ցանկությունից, արդեն չկա: Եվ դա իր ելույթում հիմնավորեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը` վստահեցնելով, թե շարժումը գործել եւ այսուհետ էլ գործելու է օրինականության շրջանակներում: Քանի որ 96-ից այս կողմ հայոց պատմությունը բազմիցս ապացուցել է, որ օրինական ճանապարհը դեպի իշխանություն տանող ամենաանհավանական եւ փշոտ տարբերակն է, հետեւաբար մնում է մխիթարվել Քրեական օրենսգիրքը չխախտելու քաջությամբ եւ սպասել դեպքերի ընթացքին, որը կլինի իրադարձություններով հարուստ, հնարավոր է` նաեւ շրջադարձային մեր նորագույն պատմության համար: Սակայն, ամեն դեպքում, առանց արտահերթ ընտրությունների:
Նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի գեղեցիկ խաղը որոշակիորեն փոխեց «ընդդիմություն» բառի իմաստը եւ բազմապատկեց ընդդիմության դափնիների հավակնորդների թիվը, սակայն ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի հիշեցումը, թե իրական ընդդիմությունը շարժման շուրջ համախմբված ուժերն են, համապատասխանում է իրականությանը: Այս փաստի արձանագրումն ինքնանպատակ չէ: Սա նշանակում է, որ եթե կա երկխոսության, բանակցելու անհրաժեշտություն, ապա, անկախ արդեն բաժանված նախարարական պորտֆելներից, ինչն ավելի տեսարժանային, սիմվոլիկ երեւույթ էր` Տիգրան Սարգսյանի վարչապետության ֆոնին, իշխանություն-ընդդիմություն բանակցություններում խիստ կարեւոր է ընդդիմության դիրքորոշումը: Տեր-Պետրոսյանի թիմը փետրվարի 19-ից եւ հատկապես մարտի 1-ից հետո լուրջ ընտրազանգված ունեցող ընդդիմություն է: Եվ այս ուժի հանդեպ կիրառվող յուրաքանչյուր անարդարություն, եւ նախեւառաջ՝ քաղաքական հայացքների համար կալանավորված գործիչներին անազատ պահելը, շարժումը անընդհատ կպահի ակտիվ վիճակում: Ինչն իշխանությունների համար բնավ ցանկալի չէ: Այն, որ իշխանությունների համար ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական բարդություն չի ներկայացնում ազատ արձակել ձերբակալվածների հիմնական մասին` մի փոքր վաղ, մի քանիսին` մի փոքր ուշ, եւս ակնհայտ է: Նախ` Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ էլ` պատասխանելով ինտերնետով իրեն հարցեր ուղղած քաղաքացիներին, վստահեցրեց, որ ինքը կարող է եւ ցանկանում է լինել հասարակությունը համախմբող գործիչ: Այսինքն` եթե լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի համաձայնությունը, Սերժ Սարգսյանը դեմ չի լինի առանց ծանր ապրումների կատարել միջազգային կառույցների պահանջները: Հատկապես, որ դրա հնարավորությունը կա. Տեր-Պետրոսյանն իր ելույթում, արդարացնելու կամ մեղմելու համար Սերժ Սարգսյանի հետ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը, մարտի մեկի ողջ մեղքը բարդեց Ռոբերտ Քոչարյանի վրա` Սերժ Սարգսյանին միջոց տալով եւ տեղ թողնելով կողմնորոշվելու եւ գործելու: Եվ եթե սրան դարձյալ գումարենք օրենքի եւ միմիայն օրենքի շրջանակներում գործելու Տեր-Պետրոսյանի հավաստիացումները, ապա իշխանությունների, մասնավորապես` Սերժ Սարգսյանի համար ավելի նախապատվելի կլինի խնդիրների լուծում փնտրել Տեր-Պետրոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի պես գործիչների հետ կամ նրանց միջոցով, քան հեղինակազրկված կոալիցիոն դաշնակիցների: Ենթադրում ենք, որ եթե, ի վերջո, տեղի ունենա համաժողովրդական շարժման կամ, ինչպես այսուհետ է կոչվելու` Համաժողովրդական ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ երկխոսություն, ապա այդ լարվածության թուլացումն էականորեն կթուլացնի նաեւ կոալիցիայի անդամների դիրքերը:
Մյուս գործոնն էլ, որ խոսում է Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հնարավոր երկխոսության օգտին, այն է, որ հնչեցնելով «քոչարյանասերժական» մակդիրը, շեշտը դրվում է ոչ թե, ինչպես կանոնն է պահանջում` բառի վերջին ձայնավորի վրա, այլ այս բարդ բառի առաջին արմատին: Դա նկատելի էր թե՛ օմբուդսմենի հայտնի զեկույցում, թե՛ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում: Քանի որ քաղաքական ասպարեզում իրական գործող ուժերը` իսկական ընդդիմությունն ու իշխանությունները գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի աշխատանքի, գործունեության ազատությունը կախված է մյուսի գործողությունների ազատություններից, ապա երկխոսությունը դառնում է անխուսափելի: Հատկապես, եթե հաշվի առնենք արտաքին մարտահրավերները` ուղղված թե՛ Հայաստանի միջազգային հեղինակությանը, թե՛ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Ամենակարեւորը, սակայն, իշխանությունների հանդեպ հասարակության անվստահության խորացումն է, ինչն այդ երկխոսությունը ցանկալի է դարձնում նախեւառաջ իշխանությունների համար: