Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Երբ ոտքս կծեց` ես զգացի, որ կռիսները սառն են» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ): Հիշեցնենք, որ հոդվածը ծանր հիվանդությամբ տառապող 4-ամյա Սեւակի մասին էր, որին գումար չլինելու պատճառով չէին կարողանում տանել հիվանդանոց: ՀՀ Առողջապահության նախարարության Աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանն անմիջապես գրանցեց այս ընտանիքի հասցեն, երեխայի տվյալները եւ մանրամասն ճշտեց նրա հիվանդության պատմությունը: Չանցած մի քանի րոպե` պրն Սայադյանը շտապօգնության բրիգադ էր ուղարկել Սեւակին անմիջապես հիվանդանոց տեղափոխելու համար: Ի դեպ, նա զանգահարեց մեզ եւ տեղեկացրեց, որ 3-րդ մանկական հիվանդանոցի տնօրենն արդեն տեղյակ է երեխայի տեղափոխման մասին եւ սպասում է նրան: Գ. Սայադյանը խոստացավ ինչպես հարկն է հետազոտել եւ, եթե կարիք լինի, անմիջապես վիրահատել երեխային: Ի դեպ, մեր հրապարակման նույն օրը Սեւակի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, տատիկը` տիկին Լարիսան, նրան տարել էր 5-րդ մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղեկացրել էին, որ երեխայի գլաններն անհապաղ պետք է վիրահատեն, քանի որ այդ խնդրից նա նյարդային համակարգի հետ կապված լուրջ խեղումներ ունի: Երբ Լարիսան տեղեկացրել էր, որ անվճարունակ է` բժիշկն ասել էր` «Ընդհանրապես վիրահատությունը 50.000 դրամ ա, բայց գոնե 40.000-ը պիտի վճարեք: Ասեց` էն էլ պետպատվերի թղթերով ա էդքան»,- երեկ մեզ տեղեկացրեց տիկին Լարիսան, որին հիվանդանոցից ճանապարհել էին տուն: Երբ տիկին Լարիսայի խոսքերը փոխանցեցինք պրն Սայադյանին, վերջինս խիստ զարմացավ` ասելով, որ մինչեւ յոթ տարեկան երեխաների վիրահատությունն անվճար է: Ամեն դեպքում, նա հետաքրքրվեց բոլոր մանրամասներով եւ ճշտեց բժշկի տվյալները: Մեզ համար միանշանակ պարզ դարձավ, որ շատ դեպքերում ԱՆ-ում չեն տիրապետում իրենց աշխատակիցների «դրամաշորթության» դեպքերին, քանի որ Գ. Սայադյանի մոտ այս դեպքի մանրամասները զայրույթ առաջացրեցին: Մոտ կես ժամ անց մեզ զանգահարեց տիկին Լարիսան. «Մենք արդեն 3-րդ մանկական հիվանդանոցում ենք: Մեզ էստեղ էնքան բարեհամբույր ու հոգատար ընդունեցին, որ չեմ կարողանում խոսել, կյանքում նման վերաբերմունքի չէինք արժանացել: Խնդրում եմ, իմ շնորհակալությունը փոխանցեք ինչպես Առողջապահության նախարարությանը, այնպես էլ այս հիվանդանոցի կոլեկտիվին: Երեխան արդեն պառկած է»,- ասաց նա: