Հո խոսքը փողի մասին չէ

05/05/2008

Արդյոք Գիտությունների ազգային ակադեմիան որեւէ կերպ արձագանքե՞լ կամ իր բողոքն արտահայտե՞լ է մարտի մեկին իրավապահների կողմից ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը դաժանորեն ծեծելու փաստի առնչությամբ: Երեկ հրավիրված ասուլիսում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ոչ ավել, ոչ պակաս, ասաց. «Եթե ասեմ` առաջին անգամն եմ լսում` այդպես չէ: Լսել էի նման բան, բայց մենք որտեղի՞ց իմանանք, դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Չգիտեմ: Ակադեմիան ի՞նչ անի, ինչո՞վ հանդես գա: Մի ակադեմիկոս իր կարծիքն ունի, մյուսը` այլ կարծիք»: Դիտարկմանը, թե խոսքը ոչ թե ակադեմիական կարծիքի, այլ բռնության նկատմամբ վերաբերմունք արտահայտելու մասին է, Ռ. Մարտիրոսյանը պատասխանել է: «Մենք կոչ ենք անում համաձայնության, կայունության, խաղաղության»: Ինչ վերաբերում է կատարվածի մասին Ռ. Մարտիրոսյանի տեղեկացվածությանը, ապա նշենք, որ բացի մամուլի հրապարակումներից` Ռաֆայել Ղազարյանի կինը` Գրիզելդա Ղազարյանը, հանդես է եկել բազմաթիվ հարցազրույցներով, ելույթներ է ունեցել հանրահավաքներում` մանրամասն պատմելով իր եւ դստեր հետ տեղի ունեցածը: