Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: Մամուլի ազատության համաշխարհային օրվան` մայիսի 3-ին ընդառաջ նման արդյունքներ է հրապարակել1998 թվականից ի վեր լրագրողների սպանությունների դեպքերն ուսումնասիրող Lրագրողների պաշտպանության կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում:
Վերջինս ներկայացրել է ըստ «անպատժելիության ինդեքսի» պետությունների ցանկը` դրանում ընդգրկելով այն երկրներին, որտեղ 1998-2007 թվականներին չբացահայտված են մնացել 5-ից ավելի սպանություններ: Հետխորհրդային երկրներից ցանկում ներառվել է միայն Ռուսաստանը, որտեղ չի բացահայտվել 14 լրագրողի սպանություն: Նշված է, որ Ռուսաստանում ամենավտանգավոր իրողությունները գործարար շրջանների, պաշտոնյաների կոռուպցիան է, մարդու իրավունքների ոտնահարումները: «Սեւ ցուցակի» առաջին տեղում Իրաքն է, որտեղ 79 լրագրողի սպանություն մնացել է չբացահայտված: «Կառավարությունները պետք է ավելին անեն` ցուցաբերելու իրենց իրական հավատարմությունը մամուլի ազատությանը: Միայն խոսակցությունները չեն օգնի պաշտպանել լրագրողի կյանքը: Մենք կոչ ենք անում վճռականորեն հետաքննելու բոլոր լրագրողների սպանությունների գործերը»,- ասել է Lրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ժոել Սիմոնը:
Մամուլի համաշխարհային օրվա առթիվ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին: Նա ԵԱՀԿ անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մամուլի ազատությունն ապահովելու համար լրագրողներին պաշտպանել հարձակումներից եւ վերացնել ազատ խոսքի սահմանափակումները: «Երկու կարեւոր հարցերում՝ լրագրողների ֆիզիկական անվտանգության եւ քննադատական խոսքի իրավական պաշտպանության բնագավառներում, անցած տարվա ընթացքում վատթարացում է գրանցվել»,- նշված է Հարաշտիի տարածած հայտարարության մեջ: Վերջինս մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ որոշ երկրներում լրագրողների վրա հաճախակի դարձած եւ «բռնությամբ գրաքննություն ապահովելու» նպատակ ունեցող հարձակումների կապակցությամբ եւ կառավարություններին հորդորել է խիստ պատժամիջոցներ կիրառել լրագրողներին ահաբեկող անձանց նկատմամբ: «Որպես վրեժխնդրություն՝ քննադատական լուսաբանման համար Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Վրաստանում, Հունգարիայում, Ղրղըզստանում, Չեռնոգորիայում, Ռուսաստանում, Սերբիայում եւ Մակեդոնիայում (ԵԱՀԿ հաղորդագրությունում ցանկը ներկայացված է այբբենական կարգով.- խմբ.) լրագրողների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն՝ ծեծի ենթարկելուց ընդհուպ մինչեւ սպանություն: Լրագրողների հանդեպ բռնությունը «սովորական հանցագործություն» չէ, քանի որ նպատակ ունի խարխլել ժողովրդավարության հիմնական հաստատությունը՝ ազատ մամուլը»,- նշել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչը:
«Քրեական արարքներ հրահրելու համար պետք է պատժել, սակայն անհրաժեշտ է երաշխավորել քաղաքական խոսքի, վիճաբանելու եւ նույնիսկ հեգնելու իրավունքները, դրանք շատ կարեւոր են ժողովրդավարական հասարակությունների համար»,- հայտարարել է Միլկոշ Հարաշտին: