Համատարած թանկացումների մասին

05/05/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերջին մի քանի ամիսներին ու հատկապես վերջին շրջանում Հայաստանում իրար հետեւից թանկանում են գրեթե բոլոր ապրանքները: Կառավարության կողմից գազի սուբսիդավորումը դադարեցնելուց հետո վերջին օրերին էլ քննարկվում է երթուղային տաքսիների ուղեվարձը 100-200 դրամ դառնալու, տաքսիների գների բարձրացման եւ ընդհանրապես շղթայական թանկացման նոր ալիքի հարցը: Մեր համաքաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում անցկացրինք, պարզելու համար, թե հատկապես որ ապրանքատեսակների թանկացումն է առավելապես ազդել նրանց ընտանեկան բյուջեի վրա եւ որքանով: Հարկ է նշել, որ հարցմանը մասնակցած մեր բոլոր համաքաղացացիներին անխտիր առաջին հերթին մտահոգում էր տրանսպորտի ուղեվարձի թանկացումը:

Արմինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, 25 տարեկան, վաճառողուհի. «Հիմնականում ինձ վրա շատ է ազդել այն, որ ինչ աշխատավարձ ստանում եմ, այդքան էլ ծախսում եմ առօրյա ծախսերի վրա, եկամուտ գրեթե չունեմ: Թե՛ ձեթի, թե՛ սննդամթերքի թանկացումն ազդել է ընդհանուր առմամբ մեր ողջ ընտանիքի վրա: Հիմա աշխատավարձիս ուղիղ 60 տոկոսն անիմաստ ծախսվում է: Թանկացումների հետ մեկտեղ՝ ավելի քաղաքակիրթ, նորմալ երկրներում գոնե աշխատավարձը կբարձրացնեին, որպեսզի անհատի վրա այդ թանկացումներն այդքան չանդրադառնան: Իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է: Ես ոչ մի երաշխիք չունեմ, որ մեր աշխատավարձերն ավելի չեն իջնի: Իսկ երթուղայինները եթե հանկարծ թանկացնեն, առավել եւս` 200 դրամ սարքեն, կարծում եմ` քաղաքում այդ դեպքում մարտի մեկից էլ ավելի վատ ցույցեր կլինեն»:

Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ, 22 տարեկան, լրագրող.
«Առօրյա կյանքին վերաբերող ապրանքների թանկացումն իսկապես շատ է ազդում, հատկապես` հացի, ձեթի, նաեւ` քաղցրավենիքի ու կարագի գները: Գազի թանկացումն առայժմ չեմ զգում, միգուցե պատճառն այն է, որ տաք է արդեն, վառարան չենք օգտագործում: Բայց այ, եթե գազի թանկացումն անդրադառնա տրանսպորտի գնի վրա, իսկապես վատ կլինի: Ես ինքս կես դրույքով եմ աշխատում, ու ստացվում է, որ 25.000 դրամ պիտի տրանսպորտի վրա ծախսեմ: Մասնագիտության բերումով օրական չափազանց շատ եմ երթեւեկում: Ինչպե՞ս եմ անելու, հո ոտքով չե՞մ ման գալու»:

Շուշան ԱՌՈՒՇԱՆՅԱՆ` 52տ., տնային տնտեսուհի. «Առաջին հերթին՝ մեր ընտանիքի վրա շատ է ազդել հացի ու ձեթի թանկացումը: Օրինակ, ես նախկինում միշտ գնում էի Երիցյանների հացը, որն արժեր 160 դրամ: Այժմ այն 210 դրամ է դարձել, ստիպված հրաժարվել եմ այդ հացից: Շատ է ազդել նաեւ ձեթի այդքան թանկացումը, քանի որ կենցաղում ձեթ շատ ենք օգտագործում: Մրգերի մեջ էլ գների տարբերություն կա, բայց այս դեպքում, իմ կարծիքով` վերավաճառողները պարզապես օգտվում են առիթից: Մեր տեղական մրգերը, օրինակ, խնձորը, վաճառում են ցիտրուսային մրգերի գներով, երբեմն` դրանից էլ ավելի թանկ: Գազի թանկացումից նույնպես մտահոգվում եմ, քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ երթուղային տաքսիների ուղեվարձը դառնալու է 200 դրամ: Այդ դեպքում, կարծում եմ, բոլորը կսկսեն տաքսիներից օգտվել: Չնայած, որ տաքսիներն էլ կթանկանան, նույնը չեն մնա: Ամեն դեպքում թեկուզ հին մեքենա ձեռք բերելն ավելի էժան ու ձեռնտու կլինի, քան հասարակական տրանսպորտից օգտվելը: Ամբողջ աշխատավարձերս չենք պատրաստվում ծախսել տրանսպորտի վրա, հատկապես այն դեպքում, երբ սպասարկումն ահավոր է, երթուղայինները միշտ լիքն են: Գրեթե մեկ ոտքի վրա կանգնած են մարդիկ երթեւեկում, ու դեռ դրա համար էլ 200 դրա՞մ վճարեն: Ի դեպ, նշեմ, որ, անձամբ իմ ընտանիքի վրա շատ է ազդել նաեւ շինանյութի թանկացումը, քանի որ, մի քանի օր է` ինչ սկսել ենք տան վերանորոգումը»:

Նաիրա ՍԱՐԳՍՅԱՆ, 45 տարեկան, գրադարանավարուհի. «Որքանով տեղյակ եմ` բոլոր ապրանքատեսակներն ամենաքիչը 20 դրամով թանկացել են, հատկապես` սննդամթերքը: Ինձ հատկապես անհանգստացնում են հացի, շաքարի ու ձեթի թանկացումները: Կոնկրետ մեր ընտանիքում գրեթե բոլորս պետական կառույցի աշխատողներ ենք, բնականաբար` աշխատավարձի բարձրացում չկա, ու արդեն, կարծում եմ, պարզ է, թե կյանքն ինչպիսին է դարձել: Թանկացավ նաեւ գազը, հետեւաբար՝ առաջիկայում նաեւ տրանսպորտի թանկացում է սպասվում: Իրականում ես սարսափով եմ սպասում առաջիկա թանկացումներին: «Բյուջեի ճեղքվածք» ասվածն իսկապես արդեն շոշափելի է դարձել: Կարծում եմ, որ շուկայի կարգավորում է պետք: Անկախ նրանից, թե դրսից կամ ներսից ներկրվող ապրանքը որքանով է թանկանում, մերոնք առիթից օգտվում ու ավելացնում են նաեւ իրենց տոկոսները: Կազմակերպված շուկա ունենալ է պետք: Մեծ ու փոքր շուկաների մասին է խոսքս»: