Երկու ուսանող երեխա ունեցող 50-ամյա տղամարդն իրեն նետել է կամրջից,
մեկ այլ 40-ամյա տղամարդ՝ ծանր նյութական վիճակը նկարագրող երկտող
թողնելով, ցած է նետվել շենքից, մեկ այլ 40-ամյա տղամարդ՝ երկտողում
նշելով իր ծանր հիվանդության մասին, հրացանով սրտին է կրակել, մյուս
տղամարդը կախվել է իր բակի ծառից:
Եթե հասարակության վիճակը կայուն չէ, փոթորկալի է, զոհերի թիվն ավելանում
է: Իհարկե, յուրաքանչյուր ինքնասպանություն իր դրդապատճառն ունի, սակայն
երբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ սույն թվականի հունվարից մինչեւ
ապրիլի 15-ը Հայաստանում գրանցվել է 109, ընդ որում, միայն ապրիլ ամսում՝
47 ինքնասպանության փորձ, երեւույթը խոր վերլուծելու եւ իմաստավորելու
կարիքն ակնհայտ է դառնում: «Դա սարսափելի թիվ է,- ասաց Հոգեկան
առողջության ու հոգեբուժության ամբիոնի վարիչ Ադա Թադեւոսյանը,- նույնիսկ
հոգեբան պետք չէ լինել դա հասկանալու համար»: Համեմատաբար թույլ կամքի ուժ
եւ էներգիայի սակավ պաշար ունեցող մարդիկ ավելի են հակված
դժվարությունները չափազանցնելու ու կյանքին վերջ տալու որոշում
կայացնելու: Սակայն վիճակագրությունն ապացուցում է, որ սահմաններն
ընդլայնվել են, ու եզրագծին են հասնում կայուն հոգեկան վիճակ ունեցողները:
Կյանքի ճգնաժամը կոտրում է առողջներին: Ըստ Ա.Թադեւոսյանի՝ մարդիկ իրենց
տեղը չեն գտնում հասարակության մեջ: «Սովորաբար ինքնասպանության փորձեր են
անում պատանիները եւ տարեց մարդիկ: Առաջինները դեռ չեն զգացել կյանքի
համը, իսկ երկրորդները կորցրել են ապրելու ցանկությունը: Սակայն երբ
ինքնասպան են լինում 45 տարեկան մարդիկ, դա դառնում է սոցիալական խնդիր»,-
ասաց նա: Ատամները սեղմելով ընտանիքի եւ սեփական ֆիզիկական գոյությունը
պաշտպանելն անհնար է դառնում:
Ինքնասպանությունը երկարատեւ կամ ակնթարթային ճգնաժամի արդյունք է:
Սարսափելի է հենց ակնթարթային ճգնաժամը: Մարդիկ արագ հուսալքվում են,
շրջապատը տեսնում միայն սեւ գույների մեջ, այն, ինչին հավատացել են,
արժեզրկվում է, եւ մի՝ թեկուզ չնչին դժվարությունն անանցանելի ժայռի է
նմանվում եւ փակում տեսադաշտը: Մարդը կյանքին վերջ տալու որոշումը
կայացնում է մի վայրկյանում: Ինքնասպանությունների ամենակոպիտ գործոնը
աղքատությունն է: Կոնկրետ այս տարվա ընթացքում կատարված
ինքնասպանություններում դա է ուրվագծվում: Վիճակագրությունը ահազանգում է՝
ինքնասպան են լինում հասուն տարիքի աշխատունակ տղամարդիկ: Կարիքն ու
գործազրկությունն առաջացնում են անվստահություն: «Կանայք սոցիալական
միջավայրում ինքնադրսեւորվելու համար ավելի շատ միջոցներ ունեն: Իսկ
տղամարդիկ եթե կորցնում են ընտանիքը կերակրողի դերը, կորցնում են ամեն
ինչ: Տեսեք, շատ ընտանիքներում կանայք են աշխատում՝ դայակ են դառնում
Ամերիկայում, Եվրոպայում, եւ փող ուղարկում ընտանիքին»: Տղամարդիկ միայն
որոշ ժամանակ են դա բնական համարում, հետո ծագում է բողոքը: Եվ այդ
իրավիճակը փոխելու անզորությունը: Երբ տղամարդը փող չի բերում տուն, իր
դերը տապալված է համարում: Նա ոչ միայն անզոր է փոխել իրավիճակը, այլեւ
վախենում է հարազատների աչքում այդպիսին երեւալ: Երբ կինը կամ երեխաները
նրանից փող են ուզում, «խայտառակ» լինելու վախն ավելի ուժեղ է դառնում,
քան «Փող չունեմ» ասելը: Դա ազգային բնավորության գիծ է: Հպարտություն,
որը «թասիբի» է վերածվել: 30-50 տարեկան աշխատունակ բնակչությունը երաշխիք
չունի, որ կարող է ցնցումներից ապահովագրել գոնե իրեն ու իր ընտանիքը:
Թերարժեքության զգացումն ինքնասպանություն գործելու լուրջ մոտիվացիա է:
Ինքնասպանությունը սոցիալական երեւույթ է
Յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ փորձում է հաշտվել իր սոցիալական ստատուսի
հետ ու դադարում է անհնարինը երազել: Չէ՞ որ, սպասվածն անիրագործելի
պատրանք չէ, այլ սովորական մարդկային ցանկություն:
Սակայն երբ տնտեսական, քաղաքական ճգնաժամերը սովորական բան են դառնում, եւ
քայքայվում է հասարակությունը, մարդը մեն մենակ է մնում «օրվա հացը»
հայթայթելու պայքարում: Եվ եթե այդ հնարավորությունից էլ է զրկվում,
որոշում է կյանքին վերջ տալ: Մարդուն տրված ամենասարսափելի շնորհը
զգացմունքներն են: Եվ զգալու ընդունակությունը թույլ չի տալիս ձգձգել
կյանքից հեռանալու որոշումը:
Ընդ որում, հոգեբանները կարեւորում են ինքնասպանություն գործելու ձեւի
ընտրությունը: Երակներ կտրելը կամ դեղորայքի անթույլատրելի չափաբաժին
ընդունելը որոշակի հույս է թողնում, որ կհասնեն, ետ կկանգնեցնեն, կփրկեն:
Սակայն այս տարվա ինքնասպանները հիմնականում կախվում են կամ պատուհանից
դուրս նետվում, որ հաստատ մահանան: Դա ապացուցում է, որ նրանց որոշումը ոչ
թե ցուցադրական է, այլ՝ գիտակցաբար ընտրված միակ ելքը: Կորչում է ոչ միայն
ապրելու խթանը, այլեւ միակ հաստատ բանը՝ իրենց հասարակական կարգավիճակը,
որը կտրուկ անէանում է, փոշիանում: Հեղափոխության ու պատերազմների ժամանակ
ինքնասպանություններ գրեթե չեն լինում՝ մարդիկ միախմբվում են հանուն
ընդհանուրի, եւ հասարակական շահերն ավելի են կարեւորում, քան անհատական
պրոբլեմները: Այժմ կարծես չենք պատերազմում ու չենք գտնվում համաշխարհային
պրոբլեմների էպիկենտրոնում, սակայն սեփական նեղ անձնական խնդիրների մեջ
եփվելն ավելի սարսափելի է: Ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչպես է գոյատեւում
քո ընտանիքը: Հասարակության մասնիկների մեջ կապ չկա: Իսկ հասարակության եւ
սեփական ապագայի հանդեպ անվստահությունը կործանիչ է: Ինքնասպանությունների
վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է իրեն զգում հասարակությունը:
Եվ թվի աճը, եւ ինքնասպան լինելու անվրեպ ընտրված միջոցները տագնապալի են
եւ լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն: Հոգեբաններն արագ
օգնությունը ուտոպիա են համարում, քանի որ տարիների ընթացքում կուտակված
խնդիրները մեկ որոշմամբ չեն շտկվի: Մարդն ինքն իր աչքում պետք է բարձրանա,
իսկ վերականգնել հավատը, որ վաղն իր հետ բարին կբերի, մեկ օրում չի
ստացվի: Նոր օր է ծագում, իսկ խնդիրները նույնն են մնում: