Աղոթում է, որ իշխանության գութը շարժվի

05/05/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նոր-Արեշում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում ռեպորտաժ պատրաստելիս մշտապես հայտնվում է մի կին, ժպտում է ու սիրալիր հրավիրում իր տուն: Այս տարածքում միայն տխրելու, հոգեբանորեն ճնշվելու ու նյարդայնանալու առիթ կա, սակայն ամեն անգամ հայտնվում է ժպտացող կինն ու այդ մթնոլորտում ինչ-որ խաղաղ, հանդարտ ելեւէջ է արձակում:

Արդեն քանի անգամ ասում է` «Ուզում եմ ինձ էլ լսեք: Մի օր էլ ինձ մոտ եկեք, խոսելու բան կա»: Ամեն անգամ խոստանում եմ մի օր էլ իր մոտ գնալ ու իրեն լսել, բայց ամեն անգամ գնում եմ նրանց մոտ, ովքեր ծայրահեղ ծանր պայմաններին չդիմանալով՝ բղավում են, լաց են լինում եւ խնդրում են օգնել իրենց: Թեեւ չգիտի՝ ում մոտ եմ եկել, բայց հեռվից ժպտում է, ու ես որոշում եմ գնալ ոչ թե լաց լինող, այլ ժպտացող կնոջ մոտ: Ասում է` «Կարծում էի երբեք էլ ինձ մոտ չեք գա: Միշտ գալիս եք, բայց, երբ հերթն ինձ է հասնում՝ շտապելով հեռանում եք»: «Չէ՛,- ասում եմ,- խոստացել եմ, պիտի գայի, իսկ ի՞նչ կա որ»: Հարցնում է` «Ձայնագրիչը միացրա՞ծ է»: «Հա՛»,- ասում եմ: Ժենյա Մալխասյանը խորը շունչ քաշելով՝ սկսում է մի տեքստ ասել, որի համար կարծես երկար մտածել ու նախապատրաստվել է: «Ճիշտն ասած, ես Ձեզ չեմ ճանաչում, բայց Ձեզ շատ եմ սիրում»,- ասում է նա ու տարակուսած հայացքս տեսնելով՝ փորձում է բացատրել իմ հանդեպ տածած իր սիրո շարժառիթները: «Ես աղոթել եմ Ձեր համար, որ էսպիսի գործ եք անում, լսում եք մարդկանց խնդիրները: Լավ է, երբ թերթերում տեսնում ես ճշմարտությունը, մարդկանց կյանքի մասին գրում եք առանց պակասեցնելու ու առանց ավելացնելու: Աստված ասում է, եթե մեկն իր ականջը ծածկի աղաղակողին` ինքն էլ պիտի աղաղակի եւ իրեն չպիտի լսեն: Ես հավատում եմ, որ դուք խնդիրների մասին աղաղակում եք, ու մարդիկ իրենց ականջները մի օր կբացեն, չեն ծածկի»,- ասում է Ժենյան ու խոսքերն ապացուցում է Աստվածաշնչից մեջբերումներ անելով: Հավատացյալ է, հաճախում է «Ավետարանի հավատք» կոչվող եկեղեցի, որն անվանում է ոչ թե աղանդ, այլ կրոնական կազմակերպություն: Ժենյան չի ընդունում, երբ իրենց կազմակերպությանն աղանդ են անվանում, քանի որ հավատում են Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, իսկ աղանդավորները մերժում են Հիսուս Քրիստոսին եւ Սուրբ Երրորդությունը: Առաքելական եկեղեցում իրեն չի գտնում, որովհետեւ, իր խոսքերով, հոգեւոր սպասավորները մարդու հետ անհատական աշխատանք չեն կատարում, ինչպես հարկն է չեն լսում, դրա համար էլ հոգեւոր սննդի պակասը լրացնում է Էրեբունի համայնքում գտնվող Ավետարանի եկեղեցի կոչվող ժողովատեղի հաճախելով: Ասում է` «Տեսնում եք, չէ՞, ինչ սարսափելի պայմաններում ենք ապրում, բայց ես աղոթում եմ Սերժի համար: Աղոթում եմ, որ Աստված իրեն իմաստություն ու ուժ տա, որ կարողանա ժողովրդին ճիշտ ղեկավարել: Ախր մենք էնքան ծանր վիճակում ենք, ինքն էլ շատ դժվար պոստի վրա է: Մենք ասում ենք` ինչի՞, ինչի՞, ինչի՞, բայց դժվար եւ պատասխանատու գործ է: Եթե մենք Աստծո խոսքին չհետեւենք՝ մյուս ազգերի բախտին կարժանանանք` Բաբելոն, Ասորեստան…»: Ժենյան վստահեցնում է, որ իրենց հավաքատեղիում մշտապես աղոթում են իշխանավորների եւ Հայաստանի ազգաբնակչության համար: Թեեւ ապրում է սոցիալապես շատ ծանր վիճակում, այդուհանդերձ, չի փորձում իր խնդիրների համար ուրիշներին դատել, պարզապես աղոթում է ղեկավարներին իմաստություն տալու համար: 49 տարեկան այս կինը միայնակ է, սակայն Լեռնագոգում բնակվող մի չքավոր աղջկա, որն այստեղ սովորում է` թույլ է տվել իր մոտ ապրել եւ նրա խնամակալությունը վերցրել է իր վրա: «Չնայած իմ վատ վիճակին, հետեւելով Աստծո պատվիրաններին` որոշեցի Քնարիկին ընդունել իմ տանը»: Ծայրահեղ անապահով ընտանիքի աղջիկ Քնարիկը հասցրել է Ժենյային մոր պես սիրել, ու նրանք դարձել են հարազատ ընտանիք: Շուրջ 20 տարի «Արմենմոթոր» գործարանում տեխնիկ-տեխնոլոգ աշխատած Ժենյան բնակարան ստանալու համար հերթագրված է եղել: Աշխատելու տարիներին գործարանը որպես ժամանակավոր կացարան նրան տեղավորել է այս հանրակացարանում, սակայն գործարանի լուծարվելուց հետո բնակարան ստանալու հույսը հօդս է ցնդել: Ասում է, որ աշխատանք չի գտնում միայն այն պատճառով, որ տարիքն այն չէ եւ սպիտակ մազեր ունի. «Ուր գնում եմ` ասում են՝ տարիքդ մեծ ա, տեսքդ չի համապատասխանում մեր աշխատանքին, արտաքինդ էն չի, մազերդ կոս ես անում եւ այլն: Վայ, մի հարցրեք, թե ոնց եմ ապրում, ահավոր եմ ապրում, ահավոր»,- ասում է Ժենյան ու աչքերը լցնելով՝ այլեւս չի կարողանում զսպել վիրավորանքը: Ընտանեկան նպաստից չի օգտվում, որովհետեւ համարվում է աշխատունակ, իսկ կենսաթոշակային տարիքը չի լրացել, հետեւաբար՝ ընդհանրապես եկամուտ չունի: Շատ հազվադեպ լինում է տուն մաքրողի կամ արդուկ անողի կարիք, որի դեպքում միայն մի քանի հազար դրամ վաստակում է: Ժենյան ապրում է մի հանրակացարանում, որտեղից պարբերաբար դիակներ են տանում թաղելու: Մարդիկ այստեղ խոնավ ու նողկալի պայմաններից հիվանդանում ու մահանում են: Ժենյայի երիկամները շարքից դուրս են եկել սենյակի խոնավ պայմաններից. «Մարդիկ աչքիդ առաջ մահանում են, մեկի թոքն են հեռացնում, մյուսը թոքախտից մահանում է: Սարսափելի դժվար է, երիկամներս, լյադս, լեղապարկս, առողջությունս կորում է մյուսների նման: Տեսնում եք, էլի, կռիսների, կոյուղաջրերի ու աղբի մեջ են ապրում, ինֆեկցիան անպակաս է, ալերգիա, քոր… Չգիտեմ, մարդիկ պետք է անզգամ լինեն, որ մեր վիճակին չարձագանքեն: Աստված թող շարժի մեր իշխանավորների սիրտը, իրենց գութը շարժի ու էս շենքի ժողովրդին օգնեն, էլ չենք դիմանում»: 1980-ից այս հանրակացարանում ապրող Ժենյան ասում է, որ իրենք չեն ապրում, այլ սպասում են մահվան: Հետաքրքիրն այն է, որ Ժենյան եւ իր նման հազարավոր հավատացյալներ մեր իրականության մեջ իրենց տեղը չգտնելով՝ սպասում են հավիտենական կյանքին: Ասում եմ` «Էնպիսի տպավորություն է, կարծես հասարակական կյանքում Ձեր տեղը չեք գտնում, չեք կարողանում ապրել ու սպասում եք ենթադրյալ հավիտենական կյանքին, Ձեզ մխիթարո՞ւմ եք»: Պատասխանում է` «Ես գիտեմ, որ գոնե էնտեղ ես բնակարան ունեմ: Աստծո խոսքն է այդպես ասում»: Հարցնում եմ` «Դա նշանակում է, որ էստեղի պայմանների հետ համակերպվելով սպասո՞ւմ եք»: Ասում է` «Ասենք թե չեմ համակերպվում, էդքան ցույցեր են արել, բոլոր կառույցները տեղյակ են, արյուն է թափվել, բայց մեկ է, աչքները փակ ապրում են: Եթե իրենք էս սոված մանուկներին տեսնելով՝ դղյակներ են կառուցում ու էդ դղյակների մեջ մենակ դատարկություն է, էդ փողերը գիշերային ակումբներում են մսխում, իսկ մենք մի կտոր հացի կարոտ ենք, ուրեմն`…»: Ժենյան սկսում է երեխայի պես լաց լինել, ու երկար ժամանակ չեմ կարողանում նրան հանգստացնել:

Ժենյան ու նրա գաղափարները զարմանալի են. մի դեպքում նա կարծում է, որ մեր իշխանություններն աչքներն ու ականջները փակել են ժողովրդի խնդիրների վրա, մյուս դեպքում էլ՝ վստահեցնում է, որ ինքն աղոթում է Սերժ Սարգսյանի ու մյուսների համար: