Տոմազո Լանդոլֆի «Լուսնի հակառակ կողմը»

05/05/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Ասեմ բացեիբաց` որոշ ժամերը եւ նույնիսկ ողջ օրերը` ասես պատռվածքներ են մեր գոյության անհաստատ բանվածքում: Իշխող ճակատագրի կամոք, որպես գաղտնի դատի առջեւ ներկայացված մեղադրանքներ, մեզ ճնշում են այդժամ ճակատագրի բոլոր փոփոխականությունները, եւ հատկապես հստակ է դառնում մահվան կանխազգացումը, ինչը, ըստ մեր մի երիտասարդուհի գրողի, հենքն ու առանցքն է այդ անվանն արժանի ուզածդ արվեստի գործի: Այդպիսի օրերը, հիրավի, փոքրիկ գլուխգործոցներ են: Մեր մեջ ի հայտ է գալիս ճաշակի առանձնահատուկ նրբինությունը, եւ մենք բնավ չենք մտածում ինչ-որ ծանր կամ անուղղելի բաների մասին, ասենք, մահացու հիվանդությունների, գալիք սնանկացման եւ այլն, ոչ մի հարանման բան: Ավելի շուտ, մեր առջեւ շարակցվում է անախորժ եւ անբացատրելի իրավիճակների շղթան, որոնք ըստ էության լրջորեն մեզ չեն դիպչում, բայց խորունկ հոգեկան շփոթի տագնապալից զգացողություն են ծնում: Այդպիսի օրվա երեկոյան դուք պարզում եք, որ ամեն ինչ առաջվա պես է, ոչ լավ, ոչ վատ, ձեր ընկերուհին դեռ չի դավաճանել ձեզ, դուք դեռեւս լիովին գոհ եք ձեզանից եւ ձեր արարքներից: Եվ այդուհանդերձ, ձեզ համակում է անհասկանալի մի շվարածություն, ձեզ վրա կախված է սպառնալիքի աղոտ կանխազգացումը: Կարծես թե ձեզ ստիպել են նայել խավարով պատված իրերի հակառակ կողմին, այնտեղ, ուր ամեն բան` ցրտություն է եւ սարսափ: Կամ էլ դուք, ասես, դեպ ձեզ եք դարձրել լուսինը հակառակ կողմով: Այդ վերջին համեմատությունը հասկանալու համար, հիշենք հնամենի աստղագուշակի կանխատեսումը, որ համարում էր, թե մեզանից թաքնված լուսնի կողմը ներընկած է (սրանից նա նույնիսկ հետեւեցնում էր, որ մի հիասքանչ օր երկնային ուժերը կօգտվեն լուսնի այդ առանձնահատկությունից, որպեսզի մեզ բոլորիս մոխրացնեն. շրջելով լուսինը նրա առանցքի շուրջ, նրանք, ասես այրող ապակով, կհրդեհեն երկիրը): Եվ ահա, պատկերացրեք, թե դուք շրջել եք լուսնի ուռուցիկ, շողշողացող կողմը, ինչը որ համահունչ է մեր առտնին կյանքի իրադարձություններին եւ գործերին, եւ հայտնվել եք մթին ու պաղ անդունդի եզրին:

Սակայն այստեղ եւս, իրեն ներհատուկ ճաշակի նրբինությամբ, ասես դրամատուրգ, որ մտադրվել է գրավել հասարակությունը հաճելի վերջնամասով, ճակատագիրը, ում մենք պարտ ենք այս խղճուկ կատակերգությունը մեր հաշվին, ինքն է խոցի վրա վիրակապ դնում: Շուտով հաջողությունների շղթան փոխարինում է անհաջողությունների շղթային, եւ ցանկացած ընդունելի որոշում մեր մեջ վստահություն ու հույս է ծնում: Ի վերջո, ոչինչ տեղի չի ունեցել, իսկ կյանքը շարունակում է ընթանալ իր հունով:

Սակայն թողնենք այս դատողությունները եւ դիմենք օրինակի:

Բանն այդ, անշուշտ, տեղի էր ունենում մռայլ ու անօթեւան գիշերով: Մթնդած երկինքը ծածկված էր ամպերով, ժամանակ առ ժամանակ քրթմնջելով դղրդում էր որոտը: Տուն գալով, ես սեղանիս վրա մի ծծան հայտնաբերեցի, դրված այնպես, որ անհնար էր այն չնկատել: Ծծանի վրա գրված էր` «Կեցցե մեր ժամը»:

– Այս ինչ հիմարություն է,- առանց մտորելու կասի յուրաքանչյուրը:

Այսպես թե այնպես, ինձ այս մակագրությունը ոչինչ չէր ասում (ես ոչ տանտիրուհուց եւ ոչ էլ սպասուհուց չկարողացա իմանալ, թե ով էր այդ անտաշը, ով ինձ հետ այդքան տափակ կատակ էր արել): Գնանք առաջ: Այդ ուղերձից տրամադրությունս մեկեն փչացավ: Ինչ-որ լավ չէի զգում: Տանջվելով մնացյալ գիշերը, ես շատ շուտ ոտքի ելա: Փողոցում մառախուղ էր: Երկինքն ամբողջովին պատված էր մոխրավուն ամպերով, բայց օրն արդեն բացվել էր: Եվ ահա հին քաղաքի երկու նրբանցքների հատման կետում, ինչ-որ հյուղակի դռնից կիսավարտիքով անհայտ մի տիպ դուրս թռավ: Ատրճանակը թափահարելով, նա նետվեց դեպ ինձ եւ վայրի ճիչերով մի քանի անգամ կրակեց ինձ վրա: Հետո նա կողմ նետվեց ու կորավ ինչ-որ նրբանցքում: Թե ինչ եղավ նրան հետո, չգիտեմ: Խելագար է, կասեք դուք:

Շարունակենք: Արդեն կեսօրին, իմ տունը հատող ամայի փողոցներից մեկում, մենք` ընկերուհուս հետ, պատրաստվում էինք մեքենայից իջնել ու ուղեւորվել իմ տուն: Հանկարծ մեր առջեւ ծլեց մի այլ անհայտ մեկը: Նա կասկածելի տեսքով պտտվում էր մեր մեքենայի շուրջ՝ ձեռքի մեջ ասես ի տես բոլորի բռնած ինչ-որ կանաչ գույնի թղթի մի կտոր: Նա, թվում էր, թե հետեւում էր մեզ: Վախենալով, իմ ուղեկցուհին (իսկ նա ամուսնացած էր եւ կողմնակի աչքերից թաքնվելու բոլոր հիմքերն ուներ, բացի այդ, ինչպես եւ ուզածդ կին` կարեւոր չէ՝ ամուսնացա՞ծ, թե՞ ոչ, նա վախենում էր շորթիչների ձեռքն ընկնելուց) մեքենան տեղից պոկեց ու փախուստի դիմեց: Դրանից հետո նա արդեն ոչ մի գնով չէր ուզում վերադառնալ եւ ստիպեց ինձ երկու տանջալի ժամեր անցկացնել ինչ-որ թեյարանի դատարկ դահլիճում: Տանջալի, այն պատճառով, որ առաջին հերթին ես ոչ մի կերպ չէի կարողանում գլխիցս դուրս նետել ակնկալվող հաճույքի միտքը: Երկրորդ, զուտ կանացի տրամաբանությամբ, նա համարում էր, որ այդ ես եմ մեղավոր կանաչ թղթիկով անծանոթի երեւան գալու համար:

Վերջապես, երեկոյին մոտ, ես վազելով իջա աստիճաններով այն հաստատության, ուր անցկացնում էի տաղտկալի աշխատաժամերս, եւ ճաղաշարքին բանդ ընկնելով, պատռեցի վերարկուս` գրպանից մինչեւ կուրծքը:

Քանի որ ես այլ վերարկու չունեի, ապա կամա թե ակամա հարկ էր այն նորոգել: Արդուզարդի խանութում ես ճարեցի հնակարկատի հասցեն եւ առանց հապաղելու ուղեւորվեցի նրա մոտ: Հնակարկատն ինձ ուղեկցեց խղճուկ, բայց մաքուր կարգի բերված խոհանոցը: Խոհանոցի պատուհանները, ինչը ես հետո նկատեցի, բացվում էին դեպի փոքրիկ բանջարանոցը: Խաղաղ ապաստարան՝ քաղաքային ունայնության մեջ:

– Դուք կարող եք վերարկուն թողնել ինձ մոտ,- առաջարկեց նա:

Ես բացատրեցի, որ կուզենայի այն հնարավորինս շուտ ետ ստանալ:

– Ուրեմն ստիպված կլինեք սպասել:

Նա ճերմակ մազեր ուներ, որ ճակատի վերնամասում սանրված էին երկու հարթ հերափնջով: Ինձ ապշեցրին նրա խոսքի ու վարքի անսովոր պարզությունն ու վստահությունը: Գործի անցնելով, նա ընդամենը մի քանի ոչինչ չնշանակող բառեր նետեց: Սակայն նա արտասանեց դրանք այնպիսի քնքույշ ձայնով եւ, ընդ որում, այնքան հանգիստ էր նայում ինձ, որ դրանք ինձ հուսո խոսքեր թվացին: Երեւի ես բացարձակապես շվարած տեսք ունեի, թեպետ, ավելի շուտ, նա ինչ-որ կերպ հասկացել էր իմ հոգեվիճակը եւ չուզեց վշտացնել ինձ: Այնուամենայնիվ, հանուն այդ վերարկուի նա մի կողմ դրեց մի բոլուկ հագուստը, որը նա կարկատում էր մինչ իմ գալը: Հետո մենք լռեցինք: Ես ասես կիսանիրհի մեջ էի: Բանջարանոցից ականջ շոյող հնչյուններ էին գալիս, ինչ-որ տեղ կչկչում էին հավերը, ինչ-որ մեկի պատուհանից հրաժեշտի գեղգեղանքներով դայլայլում էին դեղձանիկները, բակում հազիվ լսելի գոչում էր մի մանչուկ, իսկ ես առանց աչքս կտրելու, հետեւում էի այն բանին, թե ինչ վստահորեն էր շարժվում ասեղը հնակարկատի ձեռքերում: Կարճ ասած, այդ ամենն իմ հոգում պարզություն եւ անդորրավետություն բերեց: Մոտ կես ժամ հետո նա ինձ վերարկուն վերադարձրեց, նրա վրա պատռվածքից հետք անգամ չէր մնացել: Այդպես այդ բարեգութ ճակատագրի աստվածուհին ի մի բերեց իմ օրվա պատառոտված, խճողված թելերը եւ սիրալիր միահյուսեց դրանք:

Ասվածին, սակայն, կհավելեմ ահա թե ինչ, ողջ այս պատմության մեջ ինչ-որ խարդախություն կա: Վերարկուն մի երկու սեզոն պարզապես հիանալի վիճակում էր, ոչինչ չէիր ասի: Սակայն այնուհետեւ այն հետզհետե սկսեց հնանալ: Եվ այդժամ կարկատածի հետքն ի դերեւ ելավ: Որքան շատ էր վերարկուն հնանում, այնքան նկատելի էր դառնում հետքը: Ի վերջո, այն վերածվեց այլանդակ փորոքի: Ժամանակը հոսում էր, եւ ավելի ու ավելի էր թվում, որ պատռվածքի ծայրերն ագուցող թելերը հիմա-հիմա կպայթեն, եւ գործվածքի վերքը դարձյալ կբացվի իր ողջ հրեշավոր անպատշաճությամբ:

Ըմբոստացած բառերը

Լուսադեմին, անկողնուց ելնելով, ես, ինչպես միշտ, գնացի ատամներս մաքրելու:

Խոզանակի վրա մի կես սանտիմետր պուտ ճզմելով, կոխեցի բերանս ու սկսեցի ջանադրաբար շփել: Այնուհետեւ, փրփուրը բերանիս, ծորակից բերանս ջուր առա: Մի խոսքով, ամեն ինչ տեղի էր ունենում սովորականի պես:

Բերանս ողողելով, ես թքեցի: Եվ այդժամ գարշելի պղտոր ջրիկախյուսի փոխարեն դուրս թափվեցին բառերը: Ինչպե՞ս բացատրեմ… Դրանք սովորական բառեր էին, միայն թե կենդանի: Դրանք մեկեն սկսեցին վխտալ լվացարանակոնքի մեջ` դեռ լավ է, որ այն դատարկ էր: Դրանցից մեկը, սայթաքելով, համարյա թե գահավիժել էր ջրափողի մեջ, բայց ժամանակին գլխի ընկավ ու փրկվեց: Բառերը խլվլան էին, ժրաջան, թեպետ եւ խենթալի. նրանք դես ու դեն էին ընկնում հանց ճագարիկները վանդակում կամ ջրասամույրները գետասահանքներում: Հետո նրանց խելքին փչեց հայելու վրա բարձրանալ: Այսինքն, ոչ թե հենց հայելու, այլ նրա տակի դարակի, ինչը որ նրանք, չգիտեմ էլ ինչպես, հիանալիորեն իրացրին: Այդժամ ես հայտնաբերեցի, որ նրանք նաեւ խոսում են: Ավելի ճիշտ, նրանք բարալիկ ձայնիկներով ծղրտում էին, սակայն ոչ բավականաչափ բարձր՝ իմ ականջների համար: Բառերը դարակի վրա իսկական զավեշտախաղ էին սարքել. պարում էին, խեղկատակություն անում, գլուխ տալիս, ասես բեմի վրա, իսկ հետո սկսեցին ինձ նշաններ անել, ինչից որ ես եզրակացրի, թե նրանք կամենում են ինձ հետ զրուցել: Կռանալով եւ լսողությունս լարելով, ես մի կերպ կարողացա ինչ-որ բան հասկանալ, եւ ավելին, ուշադիր զննելով, նրանցից ոմանց ճանաչեցի: Ճիշտն ասած, հարկ էր ասել, ոչ թե «ճանաչեցի», այլ «առանձնացրի» կամ «կարդացի», որովհետեւ ոմանց մասին ես հազիվ թե գաղափար ունեի. համենայն դեպս, այդտեղ կար Պերճախոսություն բառը, եւ Փայլեցումը, ու նաեւ Գանձարանը եւ Մուրճը եւ շատ այլք:

– Մենք բառեր ենք,- հայտարարեց Պերճախոսությունը, որը, դատելով ըստ ամենայնի, նրանց ղեկավարում էր:

– Տեսնում եմ,- ասացի ես:

– Մենք բառեր ենք, իսկ դու` նրանցից մեկը:

– Ո՞ր «նրանցից»:

– Մեկը նրանցից, որ տարուբերում են մեզ, ինչպես խելքներին փչի: Այդ պատճառով դու պարտավոր ես վերականգնել ճշմարտությունը: Երբ շուրջբոլորը համատարած փոփոխություններ են, անախորժություններ ու համանման բաներ, անհեթեթ կլիներ մեր ետ մնալը: Մյուս կողմից՝ մեր բոլոր պահանջները միանգամից ներկայացնել մենք չենք կարող, հաստատապես, ձեռնունայն կմնանք: Այնպես որ, ըստ կարգի: Կարճ ասած, մենք պահանջում ենք վերաբաշխում:

– Այդ ի՞նչ վերաբաշխում, տխմարիկներ:

– Սկզբի համար` դե՛, թեկուզ նշանակությունների: Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան նշանակում է, այդպես չէ՞:

– Թերեւս, ինչ ուզում է ասեն այդ բոլոր վիպագիրներն ու լրագրողները:

– Դե, ահա լսիր: Ես, օրինակ, կոչվում եմ՝ Պերճախոսություն: Իսկ ի՞նչ է դա նշանակում:

– Դա ինչ-որ բան է… որ վերաբերում է արտահայտչաձեւին:

– Ճիշտ է, բայց դու նախկինում դա գիտեիր: Իսկ եթե չիմանայի՞ր:

– Այդ ի՞նչ հիմար հարց է:

– Գիտես ինչ, ես իրոք որ նշանակում եմ այն, ինչը դու ասացիր: Իսկ ըստ քեզ, դա արդարացի՞ է: Ինչո՞ւ ես չնշանակեմ առվակին վերաբերող ինչ-որ բան: Համենայն դեպս, ինչ-որ խոխոջացող բան:

– Որ ի՞նչ:

– Դե, դու միայն ունկ դիր. Պեր-ճա-խո-սու-թյուն: Ի՞նչ է, ականջներդ փակվե՞լ են:

– Հըմ: Առաջինը, դու գուցե բնավ էլ չկաս: Ահա Պերճախոսությունը ես գիտեմ, կա նաեւ Պերճախոսը: Պերճախոս… Ինչ վերաբերում է քեզ… Եթե դու գոյություն էլ ունես, ապա գործածվում ես ծայրահեղորեն հազվադեպ, այնպես որ, բավական է նվվաս:

– Ոչ, գոյություն ունեմ, այն էլ ինչպես գոյություն ունեմ: Իսկ այն, որ հազվադեպ եմ օգտագործվում, դեռեւս ոչինչ չի նշանակում:

– Դե, ապա,- վրա նետվեց մյուս բառը,- ես ահա Միցցան եմ: Քո կարծիքով, դա ի՞նչ է նշանակում:

– Ես ինչ գիտեմ:

– Դե, այ քեզ բան: Այդ էլ այն դեպքում, երբ դու մեկն ես նրանցից… Ի դեպ, այդպես նույնիսկ լավ է: Դու ինձ ահա թե ինչ ասա, մոտավորապես, առաջին հայացքից, քո կարծիքով, ես ի՞նչ կարող եմ նշանակել:

– Նույնիսկ չգիտեմ… Գուցե կարկանդակի պես մի բան:

– Կյանքում չհավատաս: Ի՞նչ կապ ունի այստեղ պիցցան: Դու մի փնտրիր, թե դա ինչի է նման, այլապես մենք հեռու չենք գնա: Նայիր ինձ պարզ, առանց ինչ-որ համեմատությունների: Ահա այդպես նայիր ու միանգամից ասա, թե ինչ եմ ես:

– Այդ ժամանակ, հարկ է կարծել, ինչ-որ վրանի կամ խորդանոցի պես մի բան ես:

– Այ քեզ բան:

– Ի՞նչ:

– Ամբողջ հարցն այն է, որ իրականում ես ելակի տեսակ եմ նշանակում: Չէ՞ որ դա ճչացող անարդարություն է:

– Իսկ ե՞ս,- մեջ ընկավ երրորդ բառը, – ինձ ո՞ւր կհրամայեք չքվել: Ինձ հետ, օրինակ, ամեն ինչ ընդհակառակն է, ինձ Մուրճ են կոչում: Դե դա արդեն ոչ մի բանի նման չէ:

– Աստված իմ, սա արդեն պարզապես զառանցանք է:

– Իսկ ի՞նչ բան է Մուրճը, դու, համենայն դեպս, գիտե՞ս: Ինչ ուզում է լինի, մուրճը ոչ մի կերպ չի կարող Մուրճ կոչվել:

– Այ քեզ բան: Իսկ ի՞նչ պետք է նա կոչվի:

– Անշուշտ, սիպե (կարակատիցա):

– Լավ, ամեն ինչ պարզ է, բայց քեզ ի՞նչ այդ վերաբաշխումից: Մուրճը մուրճ է, իսկ եթե դու սիպե կոչվես` դրանից ի՞նչ օգուտ: Այդպես սիպե էլ կմնաս, եւ ոչ թե մուրճ: Չէ՞ որ դու ավելին չես, քան բառ:

– Դու ոչինչ չհասկացար,- մեջ ընկավ նույն սիպեն,- չէ՞ որ դա շոգեխաշած շաղգամից էլ պարզ է, մենք ուզում ենք միմյանց հետ նշանակություններով փոխվել: Թեկուզ դա հասցնել ձեր ուղեղին: Մի՞թե ճիշտ չէ, հը՞, Մուրճ:

– Չէ, թանկագինս, ոչ մի դեպքում,- խոյացավ Մուրճը,- դե, այդ ի՞նչ է ստացվում, դու կվերցնես ինչ կամենում ես, եւ էլ ինչ դարդ ունես: Թու, չէ հա: Միակ բանը որ կարող է նշանակել Մուրճը` ինչ-որ… ինչ-որ ծառ է: Ինչ-որ բուսական մի բան, այ այդպես:

– Մի բորբոքվիր,- փորձեցի ես նրան հանգստացնել: Այ քեզ բան, իրոք որ, երկու կնիկը շուկա է, յոթը` տոնավաճառ:

– Ասացվածքում ոչ թե երկու, այլ երեք կին են:

– Դուք երկուսով մի ամբողջ տոնավաճառ արժեք: Եկեք պարզենք, դու չէի՞ր, Մուրճ, որ հայտարարեցիր, թե դու պետք է կոչվես եւ նույնիսկ լինես սիպե:

– Ամենեւին: Դու ոնց որ թե լրիվ խելքդ թռցրել ես: Կրկնում եմ, այն, ինչ Մուրճ է կոչվում, պետք է սիպե կոչվեր: Տարբերությունը որսացի՞ր:

– Բարեգութ Աստված, ձեզանից գլուխս պտտվում է: Դե իսկ հետո ի՞նչ:

– Դե, առանձնապես ոչինչ: Ես, պարզ է, որ չեմ պատրաստվում փոխել իմ նշանակությունը ինչ-որ սիպեի հետ, ավելի շուտ Սիպեն պետք է որ վերցնի իմը: Այժմ պա՞րզ է:

– Չէի ասի:

– Ի՞նչ կա այստեղ անհասկանալի: Ես պարզապես իմ նշանակությունը զիջում եմ Սիպեին, բայց փոխարենը նրա նշանակությունը վերցնել… Աստված մի արասցե: Ինձ ինչ-որ այլ մի բան:

– Այդ ի՞նչ, օրինակ, հետաքրքիր է:

– Դե ահա, օրինակ… Կեչի:

– Իսկ նա՞:

– Ո՞վ, կեչի՞ն: Նա ինչ-որ մեկինը կվերցնի, միեւնույն է, իրենը բնավ իրեն չի համապատասխանում: Ասենք, թող լինի գերան:

– Ի՞նչ, ի՞նչ,- ճչաց վերոնշանակյալ գերանը, այսպիսի խոսքուզրույց լսելով,- դու ի՞նչ է, խելքդ թռցրե՞լ ես: Ավելի լավ է քեզանով զբաղվիր, իսկ իմ գործերի մեջ քիթդ մի խոթիր, առանց քեզ էլ կպարզենք:

Եվ մի այնպիսի բան սկսվեց…

– Իմ անունը Իրիդիոս է,- ազդարարեց եւս մի բառ նշանակալից տեսքով, – Իսկ նշանակել ես կարող եմ բացառապես խարտոց, հայտարարում եմ ի լուր ամենքի:

– Իսկ ես ի՞նչ, պարտավոր եմ վերցնել քո նշանակությո՞ւնը,- վրդովվեց խարտոցը: Դու, երեւի, համարում ես, որ ես ունակ եմ նշանակելու միայն ինչ-որ փափուկ-անկերպարան մի բա՞ն: Իսկ մետաղական եւ այն էլ նաեւ ամուր մի բան, ես նշանակել չե՞մ կարող: Ուրեմն, ավելի լավ է Բարձի հետ փոխվեմ, կամ, վատթարագույն դեպքում` Գլանիկի…

Այժմ արդեն բոլորը ճչում էին որքան որ ուժ ունեին, ես կարծում էի, թե թմբկաթաղանթներս կպայթեն: Վերջապես համբերությունս հատավ:

– Դե, ի՞նչ եք դուք ձեզ երեւակայում, անիծյալ ստահակներ,- գոչեցի ես,- հիմա ես ձեր գլխին էնպիսի մի բան կսարքեմ, կիմանաք, թե ով ում բարեկամն է:

– Ի՞նչ, ի՞նչ դու կսարքես,- քթի տակ ծիծաղեցին նրանք:

– Դե կտեսնեք:

Բարկությունից գլուխս կորցրած ես նետվեցի խոհանոց, մի դատարկ շիշ գտա, գրասենյակից թղթի մի կտոր ու մատիտ վերցրի ու նորից նետվեցի լվացարանակոնքի մոտ:

– Սկզբում ես կգրառեմ ձեր նշանակությունները, հետո ձեզ բոլորիդ կխոթեմ շշի մեջ: Հերթով դուրս կգաք, ով առաջինը դուրս գա, ըստ ցուցակի կստանա առաջին նշանակությունը, երկրորդը` երկրորդը եւ այդպես շարունակ: Եվ արդեն ներող կլինեք` ում ինչ կհասնի, առանց հավակնությունների: Դե, սկսեցինք:

Այդժամ նրանք ինձ շփոթեցնելու համար սարսափելի աղմուկ բարձրացրին:

Սակայն ինձ հաջողվեց նրանց ստիպել` հստակ ու պարզ բացատրելով, թե ովքեր են նրանք: Նրանք, միեւնույն է, փորձում էին ծլկել եւ ուր ասես փախչում էին: Ես ափով նրանց ծածկում էի, ասես թիթեռնացանցով, որսում էի երկու մատով եւ, ի վերջո, բոլորին շիշը խցկեցի: Նրանք սկսեցին ճանկռտել, ինչպես մկները թակարդում: Հետո ես սկսեցի նրանց մեկ առ մեկ թափ տալ, եւ յուրաքանչյուր բառը, ինչպես արդեն ասացի, ստանում էր այն նշանակությունը, ինչը որ նրան բաժին էր հասնում: Հայտնվելով ազատության մեջ, նրանք որքան որ շունչ ունեին, պուկ տալով փախչում էին: Ահա եւ ողջ պատմությունը:

Ողջը՝ ողջ, բայց ահա քեզ անբարեբախտություն, ամեն մի բառ հիմա նոր նշանակություն ունի: Եվ դա դեռ ոչինչ, բայց որը` ինչ, գնա ու իմացիր: Դուք հասկացա՞ք, թե ինչ եմ ասում: Մենք ընկերաբար պայմանավորվեցինք` բառերով: Իրարանցման մեջ մտքովս էլ չանցավ մատիտով գրառել ամենայն մտային նրբություններն ու երանգները: Այնպես որ, այժմ ես ի հաստատումն ոչինչ չունեմ, ոչ մի թուղթ: Նրանք հո գիտեն, թե նրանցից ով ինչ է նշանակում, իսկ ես ոչինչ չգիտեմ: Սարսափելի բան է:

Մի հանգամանք էլ է որոշ չափով ինձ անհանգստացնում: Ինչպես ես արդեն պատմել եմ, շշից դուրս գալով, բառերը տարբեր կողմեր էին փախչում, բայց, ըստ երեւույթին, նրանք հեռու չեն գնացել. ինչ-որ տեղ տանը վազվզում են ու, մեկ էլ տեսար՝ կրկին հարձակվեցին ինձ վրա: Դե դա` մեկից մեկ:

Ես մի մխիթարանք ունեմ. ես վերջապես հասկացա «բերանս հոգսով լի է» ասացվածքի ճշմարիտ իմաստը: