Տոմազո Լանդոլֆի (1908-1979)

05/05/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Երազն ու իրականությունն այնքան են միաձուլվել, որ անհնար է որոշել, թե որտեղ է իրականությունը, եւ որտեղ` երեւութականությունը:
Տ. Լանդոլֆի

Չկա ավելի ֆանտաստիկ բան, քան իրականությունը:
Ֆ.Դոստոեւսկի

Եթե Ալբերտո Մորավիան, ըստ իտալացի գրաքննադատ Կարլո Բոի, իր գրողական էներգիան անմնացորդ նվիրել էր հնարավորի փնտրտուքին, ապա Տ. Լանդոլֆին իրեն լիովին ընծայաբերել էր անհնարինի որոնումներին:

Ողջ գոյություն ունեցողի կարծեցյալությունն ու երերունությունը չէր կարող Լանդոլֆիի մեջ չծնել այն «դժգույն հուսաբեկությունը», որի մասին գրում էր նա` իր Գոգոլի «Պետերբուրգյան վիպակների» թարգմանության առաջաբանում: Գոյության «անդառնալի դատարկության» առջեւ, որն այդպես էլ չէր «թանձրանում», չնայած Գոգոլի հուսահատ ջանքերին, եւ չնայած այն բանին, որ Տ.Լանդոլֆին ինքն էլ երբեմն կամենում էր չքանալ, անհետանալ Կովալյովի Քթի պես, ինչը որ ի վերջո արեց: Յոթանասնամյա ծերուկը «գնաց զբոսնելու» եւ անհետ կորավ:

Երբ Էդուարդո Սանգվինետին խնդրեց նրան պատմել իր կենսագրությունը, Լանդոլֆին պատասխանեց. «Դա իմ ուժերից վեր է,- հետո հավելեց,- Այն, որ դա իմ ուժերից վեր է, ի վերջո, նույնպես իմ կենսագրության փաստն է»:

Սակայն Լանդոլֆիի պոետիկան բնավ էլ անհուսալիության եւ դատարկության պոետիկան չէ: Ավելի ճիշտ, այն դատարկությունը լիացնելու փորձ է, ըստ իտալացի գրականագետ Է. Պելեգրինիի՝ «մթնշաղը լուսավորելու» փորձ: Լանդոլֆիի աներեւակայելի ֆանտազիայի պտուղները, նրա անձնական մթնշաղի այդ թափանցիկ ու երեւութական բանբերները նրա պատկերասրահի մշտական կերպարներից են, որտեղ են Կաֆկայի հայրը, Գոգոլի կինը, լանդոլֆիական բեստիարիումը, եւ հոգու տներ-տարածությունները, զանազան տոտեմներն ու խորհրդանշանները:
Լանդոլֆին անասելի ճիգով լուսավորում էր մթնշաղը, ըստ իտալացիներից մեկի դիպուկ բնորոշման, ինչպես մի մարդ, որ վառվող լամպն իջեցնում էր մթին ջրհորը:

Ինչ-որ տեղ եւ ինչ-որ բանով հիշեցնելով իր լատինաամերիկյան գրչեղբայրներին` հատկապես սապինտուսների խորքում իր մահվան սարաբանդան պտտեցնող Խուան Ռուլֆոյին եւ ամայաբնակ վայրերում իր հոֆմանյան երեւակայությունը ծաղկեցնող Ֆելիսբերտո Էրնանդեսին, Լանդոլֆին առանձնանում է իր զուտ իտալական ծորուն ու համարյա թե անորսալի թախիծով:

Պատահական չէ, որ Լանդոլֆին Գոգոլի, Դոստոեւսկու լավագույն թարգմանիչներից մեկն է: Գալով գրականություն, որպես լեզվի անդնդախորության զգացողությունը կրողներից մեկը, նա չէր կարող դրանով պարզապես ծլվլալ, շուրջ բոլորը սփռելով քաղցրահունչ մի տրամադրություն:

Երեսնական թվականների Իտալիայում, երբ գրականության վրա ընկավ տոտալիտար իրականության շարունակությունը լինելու պարտավորությունը, Լանդոլֆին իր գրականությամբ վտանգավոր էր, ինչպես եւ վտանգավոր էր եւ իր ժամանակակից Անդրեյ Պլատոնովը, ում գրականությանը Լանդոլֆին, ցավոք սրտի, անծանոթ մնաց, լինելով ռուս գրականության լավագույն գիտակներից ու թարգմանիչներից մեկը: Չէ որ երկու գրողներն էլ ժամանակի հայտնի հանգամանքների բերումով ստեղծեցին ոչ միայն իրենց ուրույն աշխարհը, այլեւ իրենց լեզուն, որ այդ անասելի աշխարհի ճշմարիտ ու երբեմն անտանելի իրական արտացոլքն է:

Ինչպես ասում էր Լանդոլֆիի թարգմանիչ Գ. Կիսելյովը, Լանդոլֆիի դեպքում մենք գործ ունենք անհատական գրողական ինտուիցիայի հետ, որ նրբորեն որսաց մի ողջ աշխարհակարգի պայմանականությունը: Եվ եթե Պլատոնովի գրական սխրանքն այն էր, որ խիզախել էր հնազանդեցնել կոլեկտիվ մոլեգնությունը` «մեկ վեցերորդով» թաղելով այն թղթե գուբի խորքում, եւ ծածկելով այն ամլացրած գոյության տպագրական պարմանածովով, ապա Լանդոլֆին իր թիթեռնաթեւ գրի աներեւույթ զարդանախշով հօդս ցնդեցրեց դուչեական ողջ ծամածռությունները, եւ լինելով քաղաքականությունից հեռու եւ ամենաաննկատ ապրող մարդկանցից մեկը, ով խուսափում էր լուսանկարվելուց, հարցազրույցներից եւ նույնիսկ ճնշվում էր իր սեփական ստվերից, եղավ մեկը, ով իր «ընդհատակյա գրառումներով» անողոք կայսրության փլատակների տակից մակաբերեց երեխայի պես անպաշտպան ու սրդողուն մարդուն:

Նա մեկն էր նրանցից, ով տրտմալի համառությամբ պատմում էր մեզ բառի զորության եւ անզորության մասին: