ՀՀ Գլխավոր դատախազության երեկ տարածած մամլո հաղորդագրության համաձայն` ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից 2008թ. մարտ ամսին ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի առաջատար մասնագետ Արմինե Չոբանյանը, նույն ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ Վրեժ Ամիրխանյանը, գրանցման բաժնի պետ Հրաչ Թորոսյանը եւ ստորաբաժանման ղեկավար Ստյոպա Շահբազյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել են պաշտոնեական կեղծիք եւ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ: ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ՝ խաբեությամբ պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու եւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու փաստի առթիվ: