Ղարաբաղում սկսվել է «նախաքարոզչական» քարոզչությունը

13/05/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Անհանգիստ են եւ՛ քաղաքական ուժերը, եւ՛ առանձին քաղաքական գործիչներ:
Թե ինչպիսին կլինի նոր խորհրդարանը՝ հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ
Արցախում մտահոգ են գալիք ընտրություններով, այն պարզ պատճառով, որ
ընտրությունների թափանցիկ ու արդար անցկացումը կլինի Ղարաբաղում
ժողովրդավարության հաստատման եւս մեկ քայլ, իսկ պրոֆեսիոնալ խորհրդարանը
կարեւոր գործոն կարող է դառնալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: ԼՂՀ
կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Անուշավան Դանիելյանը
հայտարարել է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսը
կօգտագործվի ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը
ապահովելու համար միայն:
Վերջին ամիսներին Ղարաբաղում ստեղծված կամ վերագրանցված 9
կուսակցություններն էլ մասնակցելու են գալիք ընտրություններին: Ի դեպ,
կուսակցության ցուցակներով արցախցիները կընտրեն առաջին անգամ:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում 33 պատգամավորական տեղեր կան, սակայն
միայն 14 խորհրդարանական են աշխատում պրոֆեսիոնալ հիմունքներով: Շատերի
կարծիքով, խորհրդարանի կիսապրոֆեսիոնալ լինելը խանգարում է արդյունավետ
գործունեությանը, քանի որ որոշ պատգամավորներ հենց նիստի ժամանակ են
տեղեկանում, որ օրենքի կամ փոփոխության համար պետք է քվեարկեն:
Ըստ պաշտոնական տեղեկությունների, այս` երրորդ գումարման խորհրդարանն
ավելի շատ օրենքներ է ընդունել, քան նախորդ երկու խորհրդարանները միասին:
Պառլամենտում կա երկու խմբակցություն` իշխանական «Ժողովրդավարությունը»
(որը ճնշող մեծամասնություն ունի) եւ ՀՅԴ ֆրակցիան (ընդամենը 8
պատգամավոր): 4 խորհրդարանականներ նախընտրել են ոչ մեկին չմիանալ:
Խորհրդարանը նիստեր է հրավիրում ամիսը մեկ անգամ:
Վերջերս կայացավ գործող Ազգային ժողովի նախավերջին նիստը, որտեղ առավել
ցայտուն ընդգծվեցին իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորների
դիրքորոշումները. գործադիր իշխանությունների հասցեին հնչեցին լուրջ
մեղադրանքներ, որոնք հիմնականում իրավական բնույթ էին կրում: Օրինակ, ԱԺ
պատգամավոր Ալբերտ Համբարձումյանը (ՀՅԴ խմբակցություն) ԼՂՀ վարչապետին
հարցրեց, իրավունք ունի՞, արդյոք, Վալերի Գեւորգյանը, որի հանդեպ
նախկինում քրեական գործ էր հարուցված` «կարտոֆիլի գործով», լինել Հադրութի
շրջվարչակազմի ղեկավար: Վարչապետ Անուշավան Դանիելյանն ի պատասխան ասաց,
որ նրանք, ում հանդեպ քրեական գործ է հարուցված, ազատվել են աշխատանքից`
մատնանշելով նույն շրջանի նախկին ղեկավար Վահան Բադասյանին եւ կրթության,
մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Արմեն Սարգսյանին (երկուսն էլ` ՀՅԴ
անդամ): Նա միաժամանակ նշեց, որ Վ.Գեւորգյանի մասին նման տեղեկություններ
չունի: Պատգամավորների կարծիքով, վարչապետը քաղաքականացրեց ի սկզբանե
իրավական հարցը, որին այդպես էլ չպատասխանեց:
Նիստի ընթացքում պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը ՀՅԴ անունից դատապարտել է
այն փաստը, որ որոշ ուժային նախարարներ եւ իշխանության անդամներ արդեն
քարոզում են իրենց «թեկնածուներին»: Նա նաեւ նշեց, որ վերջերս կրթության
նախարար նշանակված իշխանամետ Ժողովրդավարական կուսակցության նախագահն
օգտագործում է իր լծակները` այդ կուսակցությունում նոր մարդիկ
անդամագրելու համար:
Ազգային ժողովը չի ընդունել «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում
փոփոխությունը, որը կարող էր հանգեցնել նրան, որ Վերահսկիչ պալատի
ներկայիս ղեկավարը նույն պաշտոնում շուտափույթ կերպով նշանակվի եւս 6
տարով: Նշենք, որ Վերահսկիչ պալատի ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական
կուսակցության նախագահ Արկադի Սողոմոնյանն է: Նրա կուսակցությունն
ընտրություններից առաջ միացել է իշխանամետ Արցախի Ժողովրդավարական
կուսակցությանը: Այնպես որ, դիրքերը հստակեցվում են, եւ ՀՅԴ-ն ընդունում է
առավել ընդդիմադիր կեցվածք: Իսկ օրինական քարոզարշավը կմեկնարկի մայիսի
16-ին: