Ֆորպոստի բախտը

04/05/2008

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախատեսում է Ռուսաստանից հետ գնել Հրազդանի ջերմաէլեկտրակայանի 4 բլոկները, որոնք ՌԴ-ին հանձնվել են «Գույք` պարտքի դիմաց» բանաձեւով: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է «ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, ըստ որի, գործող այդ 4 բլոկները կմիավորվեն կառուցվելիք 5-րդ էներգաբլոկի հետ միասնական արտադրական համալիրի ստեղծման նպատակով, որը հզոր արտադրական հրապարակ կհանդիսանա հարեւան երկրներ էլեկտրաէներգիայի արտահանման համար: Այդ էներգահամալիրի ձեւավորումը հնարավոր է արդեն այս տարվա ընթացքում: Շ. Սարդարյանի տեղեկացմամբ` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ 248.8 մլն դոլարից բացի, նախատեսվում է իրականացնել եւս շուրջ 170 մլն դոլարի ներդրում, որի արդյունքում ակնկալվում է ունենալ 440 մՎտ հզորությամբ, ժամանակակից գազատուրբիններով հագեցած կայան: Հրազդանի ՋէԿ-ը կլինի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի մեջ, սակայն՝ որպես առանձին տնտեսվարող սուբյեկտ: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերջնական շահագործումը նախատեսված է 2010թ., ինչը փորձ է արվում արագացնել: Ներկայումս ընթացքի մեջ է այդ աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթը, մայիսին արդեն հայտնի կլինի կապալառուի անունը, որից հետո կնշվեն աշխատանքների ավարտի հստակ ժամկետները: Ի՞նչ է ստացվում. Հայաստանը ծիծաղելի ցածր արժեքով Ռուսաստանին է հանձնում այդ էներգաբլոկները, դրանից հետո` գազի սուբսիդավորման դիմաց կրկին ՌԴ-ին է տալիս Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետեւ` կրկին մեծ մասամբ ռուսական «ՀայՌուսգազարդը» (ՀՀ-ի մասնաբաժինն այս ընկերությունում շուրջ 20 տոկոս է) ՌԴ-ի կառավարությունից գնում է նույն էներգաբլոկները: Արդյունքում` ռուսները հայկական էներգաբլոկներով կառուցում են, ըստ էության, տարածաշրջանային նշանակության էներգաբլոկ: Նաեւ այսպես ենք վճարում Ռուսաստանի «ֆորպոստ» լինելու համար: