Կեղծ ցուցմո՞ւնք են պահանջում

04/05/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ խմբագրություն էին եկել Արտավազդ Մաթեւոսյան եւ Սվետլանա Պետրոսյան ամուսինները` իրավապահների կողմից իրենց նկատմամբ տեղի ունեցող բռնությունների մասին ահազանգելու համար:

Հիշեցնենք, որ նրանք յոթ երեխաների ծնողներ են եւ սարսափելի ծայրահեղ պայմաններում են ապրում Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Մարտի 1-ի դեպքերից հետո ընդդիմության հանրահավաքների մասնակիցների կողմից լուրեր տարածվեցին, իբրեւ թե այդ օրը փոքրիկ երեխա է սպանվել: Այդ երեխան, որի մասին լուրեր էին տարածվել, վերոնշյալ ամուսինների յոթ երեխաներից մեկն էր, որն այդ օրերին հոր հետ եղել է Ազատության հրապարակում: Որոշ ժամանակ անց երեխայի սպանության մասին սուտ լուրը հերքվեց ոչ միայն իրավապահների, այլեւ հենց ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից: Ավելին, մեր թերթի նախորդ համարներից մեկում մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո երեխայի սպանության լուրը հերքվել էր նաեւ երեխայի հոր` Արտավազդ Մաթեւոսյանի կողմից: Վերջինս պնդում էր, որ երեխայի մահվան լուրը եղել է թյուրիմացություն, քանի որ ցուցարարները գտել են իր երեխայի` Իլոնա Մաթեւոսյանի կոշիկներն, ու տեսնելով, որ երեխան չկա` ենթադրել են, թե նա մահացել է: Մինչդեռ ծեծկռտուքի ժամանակ Արտավազդն ինքն է քնած վիճակում երեխային փախցրել` չհասցնելով անգամ կոշիկները հագցնել: Երեկ Ա. Մաթեւոսյանը մեզ տեղեկացրեց, որ տեւական ժամանակ է, ինչ իրավապահ մարմիններն անհանգստացնում են իրենց: Նա վստահեցնում է, որ մշտապես մասնակցել է թե՛ Սերժ Սարգսյանի եւ թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին` հույս ունենալով, որ այդ ընթացքում կլսեն իրեն եւ, որպես բազմազավակ, անապահով ընտանիքի` ձեռք կմեկնեն: «Մեր ծանր վիճակի համար էինք գնում, ուզում էինք իմանալ՝ վիճակներս վատանալո՞ւ, թե՞ լավանալու ա: Չենք կարում ապրենք, նաֆարս սովից կոտորվում ա»,- պատմում է նա` վկայելով, որ ապրիլի 23-ին իրեն կանչել են Կոտայքի մարզի Ոստիկանություն: Գառնիի թաղային տեսուչ Վիգեն Եղիազարյանը դրանից առաջ մի քանի անգամ Արտավազդին հրահրել է վեճի մեջ ներքաշել, մասնավորապես արգելել է Արտավազդի երեխաներին ձնծաղիկ վաճառել (որը այս ընտանիքի ապրուստի միջոցն է). «Ինքը հարբած վիճակում ա եղել, երեխային էլ ծաղիկ ծախելու համար խփել ա: Խմած էր, թողեց գնաց ու էլ չերեւաց: Ամսի 23-ին եկավ, թե՝ արի, ներկայացի, քեզ միլպետն ա կանչում»,- պատմում է Արտավազդը, ով հետեւելով տեսուչի հրահանգին` ներկայացել է Կոտայքի մարզի Ոստիկանություն, սակայն նրան ուղարկել են Ազգային անվտանգության ծառայության տարածքային բաժանմունք: ԱԱԾ-ում Ա. Մաթեւոսյանից հարկադրաբար պահանջել են ցուցմունք տալ այն մասին, որ ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաքին մասնակցելու համար իրեն գումար են տվել: Ի դեպ, Արտավազդն ու Սվետլանան վստահեցնում են, որ միտինգներին մասնակցելու ճանապարհածախսի համար իրենք հարեւաններից պարտքով գումար են վերցրել, եւ վերջիններս կարող են այդ մասին վկայել: Ինչեւէ, Ա. Մաթեւոսյանը պնդում է, որ իրեն երբեւէ գումար կամ կաշառք չեն տվել ցույցերին մասնակցելու համար: Ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին Արտավազդին ԱԱԾ-ում պահել են մինչեւ ուշ գիշեր եւ սկսել են հոգեբանորեն ճնշել: «Էդ քննիչն ինձ ասում ա` ա՛յ բոմժ, գրի, որ փող ես վերցրել: Ինձ ասում ա` վերջին անգամ ե՞րբ ես լողացել, ու մի հատ էլ խփեց: Բա, թե՝ դու էս պետության համար ոչնչություն ես, դաժե աշխատանք չունես, քո համար ի՞նչ տարբերություն, թե ով ա լինելու նախագահը: Ասեց` գրի, որ իրիկունը, մթով եկել են քո տուն, տեսել են վատ պայմաններդ, անհայտ անձինք, մեկի անունն էլ՝ Արամ, գրպանդ 3000 դրամ են դրել, ու դու էլ հետո ես տեսել, որ կաշառք են տվել: Ասեց` գրի, որ ծանր պայմաններում ես ապրում ու իրանց գնալուց հետո ես տեսել, որ գրպանդ փող են դրել ցույցերին մասնակցելու ճանապարհածախսի համար: Իբր իրանք խոստացել են մեր պայմանները բարելավել»,- պատմում է Արտավազդն` ասելով, որ ստիպված ստորագրել է այդ գրության տակ, որովհետեւ մինչեւ կեսգիշեր իրեն, կնոջն ու երեխաներին պահել են ԱԱԾ-ում: Դրանից հետո Արտավազդին կրկին ներկայանալու համար կանչել են ԱԱԾ, սակայն վերջինս ծանուցագիր է պահանջել: «Հենց նոր էլ զանգեցին, կանչեցին, ձեռք չեն քաշում, բայց ախր ինձ ոչ մեկը փող չի տվել, կաշառք չի տվել, ես հարեւաններից եմ պարտք արել: Նենց են անում, որ իրանց ուզած թղթի տակ ստորագրեմ: Յոթ երեխու հեր եմ, ինձ տուպիկի մեջ են դնում: Ես ստիպված եմ եղել ստորագրել, որովհետեւ ինձ զոռով պահում էին: Հիմա էլ կանչում են, որ ցուցմունք տամ, բայց ո՞նց սուտ բաներ խոսամ»,- ասում է Ա. Թադեւոսյանը` վկայելով, որ իրենց ընտանիքին ոստիկանները հանգիստ չեն տալիս, քանի որ ամբողջ օրը տան մերձակայքում կանգնած են: Ի դեպ, Ա. Թադեւոսյանի հավաստմամբ` իրավապահ մարմինները Գառնիից ցույցերի մասնակից մի քանի տղամարդկանց բերման ենթարկելով այնքան են ծեծել, որ վերջիններս ստորագրել են մի բովանդակությամբ տեքստ, որտեղ ասվում է, թե իբր իրենք առաջին օրն ալկոհոլային խմիչք են օգտագործել, երկրորդ օրը` թմրանյութ, եւ այլն: «Էնքան են ծեծել, որ մի կերպ բերել են տուն, բայց տենց բան չի եղել, ես միտինգին եղել եմ: Վախից ստորագրել են ու հիմա էլ ինձնից են կպել»,- ասում է Արտավազդը: Խմբագրությունից դուրս գալուց հետո իրավապահները կրկին Արտավազդին եւ Սվետլանային փողոցից տարել են Գլխավոր դատախազություն:

Հ.Գ. «168 Ժամը» հետեւողական է լինելու՝ լուսաբանելու այս անպաշտպան ու բազմազավակ ընտանիքի հետ տեղի ունեցող գործողությունները: