«Երկրում ստեղծված իրադրության թեթեւացման համար կարեւոր նախապայման է վստահելի անկախ հետաքննության անցկացումը, ձերբակալվածների ազատումը, սահմանադրական իրավունքի, խոսքի ազատության, հավաքների լիարժեք վերականգնումը, իշխանություն-հասարակություն վիհի հաղթահարումը»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, իրավիճակի հաղթահարման «համալիր ծրագրի» մաս է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչը չի կարելի բացառել առաջիկա ամիսների կամ տարիների ընթացքում: «Ժառանգության» ղեկավարի ասելով, սակայն, մինչ այդ պետք է կատարել այն քայլերը, որոնք արտացոլված են ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւում: Նա հատկապես ընդգծեց ընդդիմությանը երկրի կառավարման գործում մասնակցության իրավական երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը: Ըստ Ր. Հովհաննիսյանի, իշխանության եւ հասարակության երկխոսությունը պետք է բարի կամքի արտահայտություններից անցնի գործողությունների դաշտ, որն անհրաժեշտ է սկսել հենց խորհրդարանից: Եվ որպեսզի ընդդիմությունը խորհրդարանում պատասխանատվություն կիսի մեծամասնության հետ, նրա համոզմամբ, պետք է կատարվի պատասխանատվության վերաբաշխում: «Ընդդիմությունը պետք է ունենա էական մասնակցություն Ազգային ժողովի ներսում: Պետք է պատասխանատվության վերաբաշխում կատարվի ԱԺ-ում, եւ ես չեմ խոսում տվյալ դեպքում «Ժառանգության» մասին կամ այսօրվա մասին: Ընդհանուր առմամբ, թե՛ ԱԺ-ի օրակարգի սահմանման, երաշխավորված սահմանման առումով, թե՛ հանձնաժողովներում եւ ղեկավարության մեջ պատասխանատու պաշտոնների ստանձնման առումով եւ մնացած այլ որոշման կայացման մեխանիզմներն իրականացնելու տեսակետից ընդդիմությունը պետք է ունենա էական մասնակցություն, էական հանձնառություն Ազգային ժողովից ներս»,- հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահը` հավելելով, թե իրենք սպասում են իշխանության քայլերին, եւ, եթե դրանք ուշանան, կուսակցությունը մայիսի 10-ից հետո կներկայացնի այդ երկխոսությանն ուղղված համալիր ծրագիր եւ կոնկրետ քայլերի առաջարկներ: «Ես կարծում եմ, մայիսի 10-ից հետո արդեն «Ժառանգությունն» իր պատասխանը կտա, թե ինքն ինչ է ակնկալում մինչեւ հունիս, ԵԽ ԽՎ ամառային նստաշրջան»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: Վերջինս «անազդակ հույս» է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում կկայանա Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան, ինչպես նաեւ՝ իշխանություն-հասարակություն, իշխանություն-«Ժառանգություն» երկխոսությունը: Իսկ արդյոք պատասխանատվություն հանձնառելու առաջարկների դեպքում «Ժառանգությունը» կխորհրդակցի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված քաղաքական բեւեռի հետ, որի հետ համագործակցում էր նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական շրջանում: Այս հարցին ի պատասխան, Ր. Հովհաննիսյանը նշեց. «Մենք մեր հաղորդակցության ուղիները բաց ենք պահում բոլորի հետ, եւ սա, կարծում եմ, անհրաժեշտ է, ընդհանուր առմամբ, քաղաքական ժամանակակից մշակույթ մշակելու, դարբնելու ուղղությամբ եւ հատկապես այս իրավիճակում: Դրա համար, իհարկե, այդ հաղորդակցական ուղիները բաց են: Այստեղ հարցը չի գնում այն մասին, որ առաջարկ պետք է լինի պաշտոնի, մենք էլ պիտի ընդունենք թե չընդունենք: Մենք առաջարկելու ենք համալիր գործողությունների, բարեփոխումների ծրագիր, փաթեթ, որը գործելու է ոչ միայն այսօրվա խորհրդարանում, այլեւ ընդհանրապես հետագա բոլոր խորհրդարաններում, անկախ նրանից, թե ով է իշխանություն եւ ով է ընդդիմություն: Սա կարող է դժվար լինել, որովհետեւ շատ հուզականացված է, բեւեռացված է, կանխորոշված է գրեթե յուրաքանչյուրի մոտեցումն այդ հարցում, բայց անհրաժեշտ է, որ մենք գտնենք այդ ներքին բանաձեւը, որպեսզի այդ պատասխանատվության ստանձնումը լինի ոչ թե մի պաշտոնի միջոցով, այլ լինի բովանդակային եւ վերաբերի ամբողջ ընդդիմությանը»: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ ԵԽ ԽՎ բանաձեւի առաջարկները կատարելու եւ ժողովրդավարական ինստիտուտները բարեփոխելու համար իշխանությունների կողմից գործնական քայլերի բացակայության դեպքում «Ժառանգությունն» ավելորդ համարի Ազգային ժողովում մնալն ու վայր դնի մանդատները: Այս հարցին ի պատասխան՝ Ր. Հովհաննիսյանն ասաց. «Եթե տեսնենք, որ հերթական նմանակում է գնում, որն առաջին հերթին հենց հարվածելու է Հայաստանին եւ մեր ժողովրդավարական վարկին ու ազգային շահին, ապա մենք չենք բացառում արմատական վերաբերմունքը: Ներկա դրությամբ մենք համարում ենք, որ գործը պետք է կատարվի թե՛ խորհրդարանի ներսում, թե՛ ընդհանրապես համապետական բոլոր շերտերում, բոլոր տիրույթներում»: Գնահատելով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԵԽ ԽՎ բանաձեւի առաջարկների համակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու փաստը, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ իրենց խնդիրը ոչ թե հարցերը լուծելն է, այլ երկրի ղեկավարին իրենց առաջարկների փաթեթը ներկայացնելը, որոնք բխում են ԵԽ ԽՎ բանաձեւից: «Ես դրա համար չեմ կարող որեւէ կանխակալ կարծիք հայտնել: Դրա համար ես ասացի, որ որոշ, չեմ ասում՝ շահերի բախում կա, բայց որոշ այդպես հակասություն կա, որովհետեւ այդտեղ մասնակիցները նաեւ սուբյեկտն են որոշ չափով այդ բանաձեւի եւ բանաձեւի պահանջների նկատմամբ: Դրա համար ես չեմ համարում, որ լուծումը կգտնվի այդ աշխատանքային խմբի միջոցով»: Այդուհանդերձ, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` իրենք ակնկալում են, որ հանձնաժողովը կկարողանա առաջիկայում գործնական առաջարկներ ներկայացնել հանրապետության նախագահին: