Ընդունել է դեսպանին

04/05/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` դեսպանն ասել է, որ Իրանի ղեկավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նախագահ Ահմադինեջադի անձնական ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանն իրանական կողմի մտադրությունների եւս մեկ վկայությունն է: Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունները բնութագրել է կայուն եւ զարգացող` ասելով, որ Հայաստանը հաստատակամ է` ընդլայնելու գործակցության շրջանակը: Նա հատկապես կարեւորել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքն, ինչպես նաեւ առաջնային է համարել ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, մասնավոր հատվածների միջեւ գործակցության խթանումը: Հանդիպմանը խոսվել է նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Դեսպան Սաղայիանի խոսքով, իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի զուսպ արձագանքը տարածաշրջանի երկրներից «մեկի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին»: Ըստ հաղորդագրության` Ս. Սարգսյանը ողջունել է Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, եւս մեկ անգամ նշելով, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի շրջանակում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին համապատասխան: