Պատժելու են մեղավորներին

04/05/2008

Ինչպես արդեն գրել էինք, ապրիլի 18-ին Հայաստանի 4 քաղաքացիներ մոլորվելով անցել են հայ-ադրբեջանական սահմանը եւ ձերբակալվել են Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից: Դա տեղի էր ունեցել Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղակայված զորամասում ծագած վիճաբանության արդյունքում. ըստ դեպքի մասնակիցների ծնողների, վերջիններիս եւ զինծառայողների միջեւ ծեծկռտուքը կանխելու եւ նրանց սթափեցնելու նպատակով նշված զորամասի հրամանատարը նախազգուշական կրակոցներ էր արձակել: Երիտասարդները փախել էին եւ նրանցից 4-ը` սխալմամբ անցել էին հայ-ադրբեջանական սահմանը: Կատարվածը մեկնաբանելու մեր լրագրողի խնդրանքին ի պատասխան՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասել է. «Ոչ մի կրակոց էլ չի եղել, պարզապես վիճաբանության ժամանակ խառնվել են Ոստիկանության ծառայողները, ու փախուստ է տեղի ունեցել: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, եւ մեղավորները կպատժվեն, եթե նույնիսկ նրանց մեջ ներառված լինեն հրամանատարներ»: Իսկ հարցին` արդյոք մեր երկրի սահմաններն այնքան «անպաշտպան են», որ 4 հոգի կարող են անարգել հատե՞լ այն, Ս.Օհանյանը պատասխանել է. «Մեր սահմանները պաշտպանված են: Իհարկե, մենք չենք կարող յուրաքանչյուր մետրի վրա զինծառայող պահել: Հենակետերի միջեւ կան տարածքներ, եւ եթե այս կամ այն կետը լիովին չի վերահսկվում, այդպիսի բաներ են լինում»: