«Մենք բարձր ենք գնահատում Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունները եւ մեծ պատրաստակամություն ենք հայտնել շարունակել գործընթացն այն առաջարկների հիման վրա, որոնք ներկայումս բանակցությունների սեղանին են, բայց միայն Հայաստանի պատրաստակամությունը բավարար չէ. պետք է նաեւ Ադրբեջանը պատրաստակամ լինի»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: «Երբ ես հայտարարեցի, որ չկա մի երկիր, որը գլուխ գովի, թե ռազմական բյուջեն ավելացնում է 10 անգամ, եւ աշխարհն աչքերը փակի կամ ձեւացնի, թե չի լսում դրա մասին, Ադրբեջանից հնչեցրին` չխառնվել իրենց ներքին գործերին: Չեմ կարծում, որ ռազմական բյուջեի 10 անգամ ավելացումը ներքին գործ է, քանի որ ռազմական բյուջեն, պատերազմի պատրաստությունները ներքին օգտագործման համար չեն»,- արձագանքելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ասաց Է.Նալբանդյանը: