Պարզեցված կյանքին սպասելով

04/05/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Անցյալ տարի, երբ պարզ դարձավ, որ 2008թ. ՀՀ բյուջեն պետք է կազմի 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար, ՀՀ ԱԺ-ն «Պարզեցված հարկի» մասին օրենքում ամրագրեց մի քանի փոփոխություններ, ինչով փաստացի վերացրեց այդ հարկատեսակը:

Զուտ տնտեսական առումով այդ փոփոխությունները լուրջ բանավեճի առիթ դարձան: Մի մասը պնդում էր, որ սույն օրենքը կբերի փոքր եւ միջին բիզնեսի իսպառ վերացմանը, իսկ մյուսները պնդում էին, որ բոլորը պետք է աշխատեն հավասար հարկային դաշտում, եւ այսուհետ հարկատուների մի ստվար զանգված չի կարող օգտվել «Պարզեցված հարկի» մասին օրենքից եւ թաքցնել հարկերը: Չեմ ցանկանում այս հարցը դիտարկել տնտեսագիտության տեսանկյունից, առավել եւս, որ տնտեսագետ չեմ: Այսօր ավելի հետաքրքիր է այդ փաստը դիտարկել հասարակական տեսանկյունից, հատկապես, որ վերոնշյալ փոփոխություններն ընդունելու ժամանակահատվածին զուգահեռ՝ Հայաստանում սկսվեցին նաեւ հասարակական նախընտրական խմորումները:

Պատմությունը ցույց է տվել, որ մենք` հայերս, միշտ էլ պարզը թողած՝ ընկել ենք բարդի հետեւից, ինքներս դժվարացնելով մեր կյանքը: Բազմիցս եմ նշել, որ մենք ոչ մի հարցում չենք կարողանում գտնել «ոսկե միջինը»: Այս հարցում եւս մենք ծայրահեղական ենք` կամ ամեն ինչ շատ ենք բարդացնում, կամ պարզեցնում ենք «պրիմիտիվիզմի» աստիճանի: Եվ այսպես է բոլոր բնագավառներում: Օրինակ, վերցնենք շոու-բիզնեսը: Մինչեւ 90-ականների կեսերը Երգի պետական թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչները (Շուշան Պետրոսյան, Արամո, Էմմա Պետրոսյան, Անահիտ Մանուկյան, Արթուր Իսպիրյան, Գրիգոր Անտոնյան եւ այլք) երգում էին միայն Արթուր Գրիգորյանի «սոուլ» ոճի երգեր, որը լայն լսարանի համար երբեմն անընդունելի էր: Այդ պատճառով էլ վերոնշյալ երգիչները կամ ընդհանրապես դուրս մնացին ասպարեզից, կամ ստիպված էին փոխել իրենց երգացանկը: Բայց ստացվեց այնպես, որ այսօրվա «աստղերը» լսարանի համար ընդունելի դառնալու նպատակով ընկել են ռաբիսի գիրկը: Կրթական համակարգը կամ շատ հայկական է` այդտեղից բխող իր բոլոր «պարզ կաշառքներով», կամ անհասկանալի` Բոլոնյան, որի պարագայում երեխաները, չգիտես ինչու, ուղիղ մեկ տարի միայն այբբենարան են սովորում, ինչը դարձյալ չի խանգարում ոչ Բոլոնյան մեր դպրոցների տնօրեններին՝ նույն կաշառքը վերցնել: Հեռուստատեսությունները կամ պետք է «Գյուղ, մարդիկ, բարքեր» ու «Ծիծաղի տուն» հաղորդումներ ցուցադրեն, կամ միանգամից անցնեն «Ոսկե կլարնետի»: Ինչ խոսք, պետք է հասկանալ, որ ռուսական «Առաջին ալիք» մենք այդպես էլ երբեք չենք ունենա, սակայն դա չի նշանակում, որ բոլորը պետք է միանգամից ԱԼՄ դառնան:

Եվ, իհարկե, այս ամենը չէր կարող չանդրադառնալ նաեւ հայաստանյան քաղաքական կյանքի վրա: Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե իշխանություններն, օրինակ, չորոշեին պարզ քաղաքական դաշտը բարդացնել: Սկզբից նրանք քաղաքականություն մտցրեցին բիզնեսը, որն իր հերթին կամաց-կամաց դաշտից ամբողջովին դուրս մղեց քաղաքական բաղկացուցիչը: Այս ամենի արդյունքում սկսեցին գնվել եւ վաճառվել առանձին քաղաքական գործիչներ: Տարիների ընթացքում առք ու վաճառքի առարկա դարձան ամբողջ կուսակցություններ: Բայց եթե Գեղամյանի պարագայում գործարքը կնքվեց պարզեցված հարկով, ապա Արթուր Բաղդասարյանի հետ արդեն ծԺհ-ով էր: Բայց եթե «պարզեցված հարկով» կատարված գործարքից առանձնապես դժգոհող չկար, ապա «ծԺհ-ով գործարքը» շատերի սրտով չէր, այդ թվում` ոչ միայն կոալիցիոն գործընկերների` ի դեմս ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, այլեւ, առաջին հերթին, հենց Հանրապետականի: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ բարդ գործարքները կարող են ավելի բարդ հետեւանքներ ունենալ:

Այս առումով շատ հետաքրքիր են նոր կառավարության քայլերը: Որքան էլ այս կառավարության կազմի ձեւավորումը բարդ էր, սակայն նրա առաջին քայլերը, լավ իմաստով, շատ պարզ են: Վարչապետը նախարարներին առաջարկում է սովորել օգտվել համակարգչից, այլ ոչ թե միայն «օդնոկլասսնիկներ» ու այլ անիմաստ կայքեր մտնել: Նույն վարչապետը հանձնարարեց Արմեն Գեւորգյանին, փաստորեն, լավագույն դեպքում, հեռացնել աշխատանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին (նույն ինքը՝ տխրահռչակ «Լիսկան»): Պատկերացնո՞ւմ եք, Մաքսային կոմիտեի համակարգում կաշառք չեն վերցնում (կատակ չենք անում, արդեն քանի օր` այդպես է): Թե դա որքա՞ն կտեւի` հայտնի չէ, եւ համոզված չենք, որ դա երկար կտեւի: Իսկ օլիգարխներին խորհուրդ է տրվում փոխել կենցաղավարությունը եւ չցուցադրել այն ամենը, ինչ վերջիններս հասցրել են կուտակել ծանր ժառանգության տարիներին (վերջին ֆրազը վերցված է օմբուդսմեն Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցից): Իսկ մարդիկ մինչեւ հիմա մտածում էին, որ ամեն ինչ պետք է ի ցույց դնել` «ախռաննիկների» եւ սիրուհիների քանակը, ավտոմեքենաների ողջ պարկը, հագած կոստյումների եւ խմած կոնյակների ֆիրմաների «յառլիկները» եւ այլն: Բա թե չէ` ինչի՞ համար են գիշեր-ցերեկ այդքան աշխատում: Մնում է միայն մի պարզ բան` որ այն մարդիկ, ում ուղղված են այս բոլոր խորհուրդները, հասկանան, որ դա վերաբերում է հենց իրենց: Այնպես որ, պարզ ապրեք, պարոնայք, պարզ:

Հ.Գ.
Լուրեր են պտտվում, որ հեռուստատեսություններին հրահանգ է իջեցվել՝ չքլնգել ընդդիմությանը: Ավելին, ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եթերի: Բա հիմա ի՞նչ պիտի անեն մեր պատասխանատու հեռուստալրագրողները: Խեղճերի գործը շատ բարդացավ: