ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկ հայտարարել է, թե հանրապետության զբոսաշրջության ոլորտում վիճակը կայունացել է: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո դեռեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի իրադարձությունները լուրջ հարված էին հասցրել զբոսաշրջությանը: Այդ մասին խոսել էին նաեւ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ: Մ. Ապրեսյանի հավաստմամբ` մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվաքանակի նվազման միտում էր արձանագրվել, սակայն այժմ մոտավոր հաշվարկներն ու Հայաստանի զբոսաշրջային տուր-օպերատորներից ստացված տեղեկատվությունը վկայում են, որ վիճակը կայունացել է: Ըստ Մ. Ապրեսյանի` արդեն սկսվել է զբոսաշրջիկների բուռն հոսքը Հայաստան, ինչը կարող է մասամբ կապված լինել նաեւ տարեշրջանի հետ, սակայն միանշանակ է, որ երկրում ներքաղաքական վիճակի կայունացումը մեծ նշանակություն է ունեցել նրանց թվի կայունացման համար:
Մ. Ապրեսյանը նաեւ նշել է, որ Հայաստանի զբոսաշրջության այս տարվա առաջին եռամսյակի տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս, որ ամեն տարի արձանագրվում է հանրապետություն այցելող զբոսաշրջիկների թվի կայուն աճ: Ի դեպ, Մ. Ապրեսյանը նաեւ տեղեկացրել է, որ CNN եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով Հայաստանը` որպես զբոսաշրջության երկիր գովազդող տեսահոլովակների լրացված տարբերակներն արդեն ուղարկվել են Լոնդոն եւ Փարիզ` համապատասխան հեռուստաալիքների գրասենյակներ: Նրա հավաստմամբ` հաջորդ շաբաթվանից Հայաստանը որպես ձմեռային զբոսաշրջության համար գրավիչ երկիր ներկայացնող տեսահոլովակները կհեռարձակվեն «Եվրոնյուզով», մայիսից` նաեւ «CNN»-ով: