Հայտարարված պատերազմները սկսվում են մի օր, որը հետո պատմության
դասագրքերում նշվում է որպես սկիզբ։ Չհայտարարված պատերազմները սկիզբ
չունեն։ Լինում են սահմանային միջադեպեր, փոքր կամ մեծ բախումներ, եւ ոչ
ոք հաստատ չի կարող ասել, թե դրանցից հատկապես ո՞րն է այդ պատերազմի
սկիզբը։ Ժամանակակից բառապաշարում նման պատերազմները պատերազմ էլ չեն
կոչվում։ Դրանք հակամարտություններ են կամ զինյալ հակամարտություններ։
Հայտարարված պատերազմները վաղ թե ուշ ունենում են ավարտ, իսկ
հակամարտություններն ինչ-որ պահի դադարում են զինյալ լինելուց,
հակամարտություն լինելուց դադարում են կամ շատ ուշ, կամ դադար չեն
ունենում առհասարակ։ Որովհետեւ, ի տարբերություն պատերազմների,
հակամարտությունները չունեն ուժով հասանելի նպատակակետ։
Հիմա մենք, որ հաղթել ենք Արցախում, իրականում ոչ թե հաղթել ենք, այլ
հաղթահարել ենք հակամարտության զինյալ փուլը։ Եվ որ ասում եմ՝ «ոչ թե
հաղթել ենք», ամենեւին նպատակ չունեմ ստվեր գցելու մեր մարտիկների
հերոսության ու զինական հաջողությունների վրա, այլ ուզում եմ ասել, որ
հակամարտության մեջ զենքը չի հաղթում կամ զենքը չէ, որ հաղթում է։
Եվ որքան էլ մենք պնդենք, թե «միայն զենքով կա հային փրկություն»,
միեւնույն է, զենքը, այն էլ՝ ռուսական հին զենքը, որ կար հակամարտող երկու
կողմերի ձեռքին, ունի մի շատ որոշակի սահման, որից այն կողմ ժամանակակից
աշխարհն է։ Եվ չնայած հրադադարից առաջ մեր մարտիկների ռազմական բարձր
տրամադրությանը, չնայած նրանց բողոքներին ու տրտունջքին, թե՝ Երեւանի
իշխանությունները «դավաճանաբար» կասեցրին անկասելին՝ հայոց զենքի ընթացքը,
այդ հին ու մաշված զենքն արել էր ճիշտ այնքան, որքան կարող էր տեղավորվել
դիտորդների (իմա. միջազգային հանրության) համբերության բաժակի մեջ, եւ
որքան կարող էր տեղավորել Հայաստանի նորաստեղծ անկախ հանրապետության
քաղաքական ներուժը։
Այսինքն՝ չէր լինելու, որ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլն ու Զանգելանը եւ
մյուս շրջանները գրաված զենքը գնար ու գրավեր Գյանջան ու հետո Բաքուն
գրավեր ու Ադրբեջանին պարտադրեր անվերապահ կապիտուլյացիա, ինչպես դա
լինում էր մեր մանկության դասագրքերում, եւ ինչով պատմությունը դառնում էր
ավելի ռոմանտիկ ու ավելի ողբերգական։
Ուրեմն, զինյալ հակամարտությունը պրծավ այնտեղ, որտեղ պրծնելու էր, եւ այն
պահին, երբ չկար շարունակականության ռեսուրս։ Այդ ռեսուրսը քաղաքական
տեսանկյունից չուներ Ադրբեջանը, իսկ Հայաստանն ու Ղարաբաղը չունեին ոչ
քաղաքական, ոչ էլ տնտեսական առումով։ Ադրբեջանի կորուստները մեզ կարող են
թյուրիմացության մեջ գցել, թե այդ նրանք եկան ու ծնկաչոք խնդրեցին
դադարեցնել զինյալ հակամարտությունը, բայց իրականում հրադադարը պետք էր
երկու կողմին։ Հայաստանին, կարծում եմ, պետք էր ավելի շատ, քանի որ մենք
շահեկան դիրքերում էինք, իսկ Ադրբեջանին երեւի պետք էր մեր դիրքերն ավելի
շահեկան չդարձնելու համար, թեեւ արդեն ասացի, որ զենքն արել էր իր կարելին
եւ զենքը պիտի լռեր։
Վերադառնալով սկզբին ու ավարտին՝ ասեմ, որ հակամարտությունը քաղաքական կամ
տնտեսական իրավիճակ չէ, այլ մտածողության, հոգեկան ապրումների ու
զգացողությունների մի համալիր, որի տարածական նկարագիրը ժամանակի մեջ է,
իսկ ժամանակային բովանդակությունը՝ տարածքում։ Մի քիչ խրթին ստացվեց, բայց
ուզում եմ ասել, որ քաղաքական գործիչներից, առավել եւս՝ ռազմական
պատասխանատուներից, հակամարտության լուծում պահանջելն առնվազն
միամտություն է։ Որովհետեւ հակամարտության կեղեւը ձուլածո շքանշան է, որ
փայլում է հանուն եւ ի փառս գերակայության կամ չի փայլում պարտության
ամոթից՝ «Ես հաղթել եմ»,- մտածում է մեկը, իսկ մյուսը նեղսրտում է.
«Ինչպե՞ս կարող էի պարտվել»։
Հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ մարդկությունը դեռ չի գտել
«հաղթել-պարտվելու» այլընտրանքը, որովհետեւ, հավանաբար դեռ հաղթահարված չէ
գերակայության գերակայությունը։ Փոխզիջումը, կամ ինչպես ասում են՝
կոմպրոմիսը, հաղթել-պարտվելու այլընտրանքը չէ, այլ՝ գերակայության երկրորդ
փուլը։ Ի՞նչ ենք մենք զիջելու, եւ ի՞նչ է զիջելու Ադրբեջանը, որպեսզի
դրանով վեր կանգնենք հաղթել-պարտվելուց։ Մենք զիջելու ենք Ադրբեջանի այն
տարածքները, որոնք գրավել ենք զինյալ հակամարտության ընթացքում, իսկ
փոխարենն՝ Ադրբեջանը զիջելու է Լեռնային Ղարաբաղը, որը համոզված կերպով
իրենն է համարում։ Ստացվելու է, որ մենք Ադրբեջանին զիջելու ենք իր իսկ
հողերը, իսկ ինքը մեզ զիջելու է իր տարածքի մի մասը։ Հիմա ո՞վ կասի, որ սա
փոխզիջում է, ո՞վ կասի, որ կողմերից մեկը հաղթանակող չէ։
Այսպես տարածքները դառնում են ժամանակի տերը։ Այսպես ժամանակը ենթարկվում
է հակամարտության քմայքներին։ Ոչ ոք չի բացում կեղեւը, որ տեսնի՝ ի՞նչ կա
այնտեղ, ոչ ոք չի մտնում ներս, որ հասկանա կորսվող ժամանակի
ահավորությունը։ Քաղաքական հավակնոտությունը ջնջում է ամեն ինչ, քաղաքական
վախկոտությունը դառնում է դասալքություն։ Դասալքություն՝ բառի ամենաճշգրիտ
իմաստով, որովհետեւ ոչ ոք չի ուզում գնալ այնտեղ, որտեղ չի եղել, ոչ ոք չի
ուզում փորձել անկարելին։ Խաղաղության գնալը դարձել է պատերազմ գնալու պես
ահավոր, որովհետեւ, եթե պատերազմ գնացողը պատճառների դեմ էր դուրս եկել,
խաղաղության գնացողը պիտի հանդիպի հետեւանքներին։ Խաղաղության գնացողը
պիտի տեսնի հակադրության ու թշնամանքի ամբողջ ֆիզիոլոգիան։
Հակամարտության գործող անձինք չեն կարող լուծել խաղաղության խնդիրը։ Նրանց
կաշկանդում է մեղքը, նրանք իրենց հաղթության կամ պարտության գերին են։
Հրամանատարների մտածողությունը սեղմված է «օն, անդր, հառաջ» կաղապարում,
մինչդեռ տարածությունն ու ժամանակը կան նաեւ աջ ու ձախ կողմերում,
տարածությունն ու ժամանակը կան նաեւ թիկունքում, եւ դա զգալու համար պետք
չէ աջ կամ ձախ թեքվել, պետք չէ շրջվել հատկապես, այլ հարկավոր է ունենալ
ամբողջ ժամանակի եւ ամբողջ տարածության զգացողությունը։ Եվ այդ դեպքում
հասկանալի ու պարզ կլինի ռուսական հայտնի «ԿՊՌվ Չ տՏսպ վպ ՉՏՌվ» ասույթը
եւ պարզ կլինի, որ կա ժողովուրդ ու կա կյանք՝ ժամանակի ու տարածքի հստակ
տարանջատմամբ։
Հակամարտության գործող անձինք չեն կարող լուծել խաղաղության խնդիրը, եւ սա
կարող էր լինել հեղափոխության կամ իշխանափոխության, ինչպես կուզեք՝ կոչեք,
բուն դրդապատճառը, եթե իհարկե մեզ խաղաղություն է պետք, եթե իհարկե պետք է
հակամարտության ավարտն՝ առանց անվերապահ կապիտուլյացիայի։